Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/383

Այս էջը հաստատված է

ձևերն առաջանում են հիվանդությունը միաժամանակ 2 ծնողներից ժառանգելիս, ուստի Հ-ի տարածում գտած մարզերում խորհուրդ է տրվում ամուսնությունից առաջ դիմել բժշկի կամ հաճախել բժշկագենետիկական խորհրդատվություն:

ՀԵՄՈՖԻԼԻԱ, ժառանգ. հիվանդություն, որը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ: Հ-ով հիվանդանում են տղամարդիկ, այդ ժառանգ. արատը նրանց փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հ-ով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են և փոխանցում իրենց որդիներին: Հ-ի ախտանշաններն ի հայտ են գալիս դեռևս վաղ մանկ. տարիքում և տարեցտարի մեղմանում: Հիվանդության առանձին ձևեր, որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով, հայտնաբերվում են ավելի ուշ տարիքում: Հ-ով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:

Ժամանակակից արյունաբանության մեջ մեծ հաջողությունների են հասել Հ-ի բուժման և կանխարգելման բնագավառում. առողջ մարդկանց արյան պլազմայից պատրաստում են խտանյութեր, որոնց օգտագործումը կանխում է արյունահոսությունը: Մշակվել են հոդերի ախտահարման ժամանակ կիրառվող բուժֆիզկուլտուրայի արդյունավետ մեթոդներ:

Հ-ով հիվանդները պետք է խուսափեն չնչին վնասվածքներից: Վիրահատ. (նույնիսկ պարզագույն) միջամտությունից առաջ, վիրահատության ընթացքում և դրանից հետո պետք է կիրառվեն արյունահոսությունը կանխող միջոցառումներ: Արյունահոսությունն սկսվելիս Հ-ով հիվանդն անհապաղ պետք է դիմի բժշկի:

ՀԵՆԱԿՆԵՐ, ոտքերի կամ ողնաշարի հիվանդությունների, ինչպես նաև վնասվածքների դեպքերում տեղաշարժվելը հեշտացնող հարմարանք: Հ-ի միջոցով հիվանդ ոտքի (կամ ողնաշարի) բեռնվածությունը փոխանցվում է վերին վերջույթին: Գոյություն ունեն 2 տիպի՝ ձեռքերի ու անութների և ձեռքերի ու նախաբազուկների հենարաններով Հ.:

1- ին տիպի Հ., սովորաբար, քանդովի են. հիվանդի հասակին համապատասխան կարելի է փոխել դրանց բարձրությունը: Պատրաստում են ամուր փայտից կամ մետաղից: Դրանք բաղկացած են անութի հենարանով ու ձեռքի բռնատեղով (հեղույսով ամրացված նեցուկների միջնամասում, որը կարելի է տեղափոխել ուղղաձիգ ուղղությամբ) 2 ձևավոր նեցուկներից: Անութակալը պատում են թաղիքով կամ կաշվով: Ձևավոր նեցուկներն ստորին մասում 2 հեղույսով միացած են հենարանային նեցուկին: Չսահելու նպատակով նեցուկի ստորին ծայրին դրվում է մակաշերտով ռետինե ծայրոց: Հ-ի բարձրությունը կարելի է փոխել՝ հենարանային նեցուկը տեղաշարժելով ու անհրաժեշտ մակարդակի վրա այնպես ամրացնելով, որ ուղիղ դիրքում, վերին վերջույթը արմնկահոդում թեթևակի ծալելով՝ հնարավոր լինի ձեռքով ու անութով հենվել հենակի վրա: Հ. շատ բարձր կամ շատ ցածր չպետք է լինեն: Շատ բարձր Հ. հարում են մաշկը և անութների շրջանում կարող են վնասել նյարդերն ու արյան անոթները: Ցածր Հ. անհարմարություն են ստեղծում տեղաշարժվելիս, քանի որ մարմնի ամբողջ ծանրությունը փոխանցվում է ձեռքերին, որից արագ հոգնում են:

2-րդ տիպի (ձեռքերի ու նախաբազուկների հենարաններով) Հ. քանդովի չեն, սովորաբար պատրաստում են մետաղից՝ խիստ համապատասխան չափերով: Դրանք ունեն ձեռքի անշարժ հորիզոն. հենարան, իսկ վերին ծայրին՝ ձվաձև մետաղե թիթեղ՝ արմնկակալ: Վերջինս պետք է գտնվի նախաբազկի վերին 3-րդի մակարդակին: Արմնկակալը և ձեռքի հենարանը պատված են կաշվով: Հ-ի այս տիպը հարմար է ֆիզիկապես ուժեղ (վերին վերջույթների լավ զարգացած մկաններով) մարդկանց: Հ-ի օգտագործման կանոններին ծանոթացնում է բժիշկը կամ ֆիզկուլտուրայի հրահանգիչը:

ՀԵՇՏԱՆՔ, տես Սեռական հակում հոդվածում:

ՀԵՇՏՈՑ, սնամեջ խողովակաձև մկանային օրգան, երկար.՝ 7-9 սմ, որը վերևում գրկում է արգանդի վզիկը և առաջացնում կամար, ներքևում՝ բացվում սեռ. ճեղքի մեջ: Կույսերի Հ-ի բացվածքը ծածկված է կուսաթաղանթով, որը, որպես կանոն, ունի փոքր անցք: 1-ին սեռ. հարաբերության ժամանակ կուսաթաղանթը պատռվում է:

ՀԵՇՏՈՑԱԲՈՐԲ, վագինիտ, կոլպիտ, հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում: Նախատրամադրող գործոններ են ընդհանուր քրոնիկ. հիվանդությունները, ձվարանների ֆունկցիայի խանգարումները, կենցաղում և արտադրությունում անձն. հիգիենայի կանոնները չպահպանելը: Առաջացմանը նպաստում են ներքին սեռ. օրգանների բորբոքային հիվանդությունները կամ հեշտոցի վնասվածքները (մեխ., ջերմային, քիմ.), հեշտոցի իջվածքը, հակաբիոտիկների աննպատակահարմար օգտագործումը, սուր վարակիչ հիվանդությունները (դիֆթերիա, քութեշ, կարմրուկ ևն): Հ-ի հարուցիչներն են ստաֆիլոկոկերը (հազվադեպ՝ ստրեպտոկոկերը), միկոպլազմները, աղիքային ցուպիկը, գոնոկոկերը ևն: Հ-ի պատճառը ճշտելու համար պարտադիր են հեշտոցային արտադրության բակտերիադիտ. և բակտերիաբան. հետազոտությունները:

Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են՝ հեշտոցից թարախային կամ լորձաթարախային առատ արտադրությունը, որովայնի ստորին հատվածում ծանրության զգացումը: Կլինիկ. դրսևորումների ուժգնությունը կախված է հիվանդության հարուցիչներից, օրգանիզմի պաշտպան. ուժերի վիճակից, հիվանդի տարիքից: Օրինակ՝ առատ, թարախային, փրփրանման արտադրությունը, որն ուղեկցվում է հեշտոցի քորով և այրոցով, բնորոշ է տրիխոմոնադային Հ-ին (տես Տրիխոմոնոզ): Սնկիկային Հ-ի դեպքում արտադրությունը սպիտակ է, լոռանման, նկատվում է հեշտոցի քոր և այրոց:

Նկարագրված ախտանշաններն ավելի բնորոշ են կանանց: Աղջիկների Հ., որպես կանոն, ուղեկցվում է արտաքին սեռ. օրգանների բորբոքմամբ՝ ամոթույքաբորբով, ուստի նման դեպքում օգտագործվում է «ամոթույքահեշտոցաբորբ» (վուլվովագնիտ) տերմինը: Աղջիկների բակտերիային ամոթույքահեշտոցաբորբի առաջացմանը նպաստում են ընդհանուր քրոնիկ. հիվանդությունները: Բակտերիային բնույթի ախտահարումների դեպքում հաճախ արտադրությունը լինում է սակավ: Առատ, երբեմն արնախառն արտադրությունը բնորոշ է հեշտոցի մեջ օտար մարմիններ ընկնելուց առաջացած բորբոքմանը: Աղջիկների մոտ հեշտոցային արտադրություն ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել մանկ. գինեկոլոգի:

Տարեց կանանց Հ. առաջանում է ձվարանների ֆունկցիայի հետ կապված փոփոխությունների մարման շրջանում, երբ հեշտոցի լորձաթաղանթը բարակում է, հետաճում, հեշտությամբ վնասվում է և թարախածին մանրէների ներթափանցումից