Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/391

Այս էջը հաստատված է

ՀԻԴՐԱԴԵՆԻՏ, տես Քրտնագեղձերի բորբոքում:

ՀԻԴՐՈՆԵՖՐՈԶ, տես Երիկամի ջրակալում:

ՀԻԴՐՈՑԵԼԵ, տես Ամորձու ջրակալում:

ՀԻՄԵՆՈԼԵՊԻԴՈԶ. մարդու ճիճվային հիվանդություն, որն առաջանում է թզուկ երիզորդերով ախտահարվելիս: Վերջիններս մակաբուծում են բարակ աղիքներում: Որդի երկար. 5-50 մմ է, ունի գլխիկ՝ ծծաններով, կեռիկներով, և բազմահատված շարժուն կնճիթ: Մակաբույծի հասուն ձվիկներն արտաթորանքի հետ աղիքներից ընկնում են արտաքին միջավայր, որտեղ սովոր. ջերմաստիճանի և խոնավության պայմաններում մի քանի օր պահպանում են կենսունակությունը:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Հիմնականում հիվանդանում են երեխաները, որոնք վարակվում են մակաբույծի ձվիկները կուլ տալիս (կեղտոտ ձեռքերի, խաղալիքների և այլ միջոցներով):

Հ-ի ախտանշաններն են՝ որովայնի ցավերը, ախորժակի խանգարումը, փորկապությունը, գլխացավերը, դյուրաբորբոքությունը, քնի խանգարումը, երեխայի թերաճումը, հասուն մարդկանց աշխատունակության անկումը: Բուժվում են հիվանդանոցում: Կանխարգելումը պարտադիր է ուտելուց առաջ և զուգարանից հետո ձեռքերը լվանալ օճառով, օգտակար են հիգիենային լոգանքները, անկողնային պարագաների և ներքնաշորի մաքրության պահպանումը: Երեխաների պետքանոթը և զուգարանի աթոռակը հարկավոր է լվանալ տաք ջրով, կատարել խոնավ մաքրում և օդափոխել բնակարանը: Կանխարգելման միջոցառումները հատուկ նշանակություն ունեն մանկամսուրներում, մանկապարտեզներում և բազմանդամ ընտանիքներում:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, կենտր. նյարդային համակարգի ֆունկցիա, երբ արտաքին աշխարհից ու ներքին միջավայրից ընկալված երևույթները, տպավորությունները պահպանվում են նյարդային բջիջների կառուցվածքներում և անհրաժեշտության դեպքում վերարտադրվում են ու կիրառվում: Հ. նախկինում ընկալածը, զգացածը կամ արածն արտահայտելու, պահպանելու և հետագայում վերարտադրելու (կամ ճանաչելու) ունակությունն է:

Հ-յան ոաումնասիրմամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդն սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու ինֆորմացիան: Հ. միշտ կապվել է ուսուցման (ինֆորմացիայի կուտակման) գործընթացի հետ, իսկ Հ-յան բացատրման փորձերը համընկնում էին յուրաքանչյուր պատմ. ժամանակահատվածում ինֆորմացիայի պահպանման հայտնի մեթոդների հետ: Այսպես՝ հին հույները գտնում էին, որ ինֆորմացիան ինչ-որ նյութ. մասնիկների ձևով ընկնում է գլխուղեղ և հետքեր թողնում փափուկ նյութի (ինչպես կավի կամ մոմի) վրա:

Ֆրանս. փիլիսոփա և բնախույզ Դ. Դեկարտը, որը ստեղծել էր նյարդային համակարգի «հիդրավլիկական» մոդելը, ենթադրում էր, որ սնամեջ խողովակների (իր պատկերացմամբ՝ նյարդաթելերի) հաճախակի օգտագործումը հանգեցնում է դրանց գերձգման և «կենսական ոգիների» շարժմանն ուղղված դիմադրության նվազման, որն ուղեկցվում է հմտությունների ձևավորմամբ, այսինքն՝ մտապահմամբ: Ավելի ուշ՝ 19-րդ դ. և 20-րդ դ. սկզբներին, հեռախոսային ցանցի, էլեկտրոնային հաշվող. մեքենաների, ձայնագրիչների ստեղծման հետ կապված, Հ. մեկնաբանում էին այդ սարքերի և մեխանիզմների սկզբունքով:

Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացումը, գենետիկ. ինֆորմացիայի պահպանման մեխանիզմների բացահայտումը հիմք հանդիսացան Հ-յան մեխանիզմները բացատրելու կենսաբանության տեսանկյունից: Մասնավորապես, ենթադրվում է, որ Հ-յան գոնե 1 տեսակ ունի մոլեկուլային հիմք (ինֆորմացիայի մտապահումն ուղեկցվում է նյարդային բջիջներում առկա ֆերմենտային համակարգի փոփոխություններով, նուկլեինաթթուների պարունակության մեծացմամբ ևն):

Տարբերում են Հ-յան 4 տեսակ. շարժողական, որը կապված է շարժումների մտապահման և վերարտադրման հետ, պատկերավոր, որի ոլորտն առարկաների, երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է (կախված ինֆորմացիան ընկալող վերլուծիչի տեսակից՝ պատկերավոր Հ. լինում է տեսող., լսող., շոշափ, ևն), խոսքատրամաբանական (բնորոշ է միայն մարդուն), որը կապված է մտքերի, հասկացությունների, հետևությունների մտապահման, ճանաչման և վերարտադրման հետ: Հ-յան այս տեսակն անմիջապես կապված է ուսուցման հետ, հուզականը զգայական ընկալումների և դրանք առաջացնող օբյեկտների մտապահումն է ու վերարտադրումը:

Հ-յան հիմն. գործընթացը մտապահումն է, որն ապահովում է հետագա վերարտադրման ամբողջությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև ինֆորմացիայի պահպանման տևականությունն ու ամրությունը: Այդ գործընթացը կարող է ունենալ կամային կամ ոչ կամային բնույթ: 1-ին դեպքում այն ուղեկցում է մարդու ինչ-որ գործողություններ և ուղղված չէ բուն մտապահմանը (օրինակ՝ գիրքը կարդալիս չենք ձգտում հատուկ հիշել որևէ բառ կամ բնության նկարագրություն, բայց և այնպես կարող ենք վերարտադրել որոշ նախադասություններ, պատմություններ ևն): Կամային մտապահումը կապված է նախապես նպատակադրված որոշակի դեպք, երևույթ հիշելու հետ և, որպես կանոն, կիրառում են դա հեշտացնող հատուկ եղանակներ ու մեթոդներ: Մտապահման այդ ձևն ավելի արդյունավետ է, քան ոչ կամայինը, բայց պահանջում է ավելի բարենպաստ պայմաններ (հասկանալու և ըմբռնելու հիշվող նյութը, առավելագույն ուշադրություն ու կենտրոնացում, լռություն ևն): Կամային մտապահման արդյունավետության բարձրացման պարտադիր պայմանը Հ-յան մշտ. մարզումն է: Այդ դեպքում միաժամանակ մարզվում են ոչ կամային մտապահումը և մեխ. Հ., որը կապված չէ յուրացվող նյութը հասկանալու հետ: Անգիր անելը, սերտելը որոշ դեպքերում անհրաժեշտ է լավ սովորելու համար: Օրինակ՝ անատոմ. տերմինների, քիմ. բանաձևերի ու հավասարումների սովորելը, անգիր անելը միանգամայն անհրաժեշտ են բժշկին, քիմիկոսին և մաթեմատիկոսին: Անգիր անելը շատ օգտակար է Հ-յան բոլոր տեսակների մարզման համար, քանի որ բոլորն էլ սերտ կապված են միմյանց:

Մարդու Հ-յամբ կուտակված տեղեկությունները, գիտելիքները և փորձը (այսինքն՝ ուսուցման բոլոր ձևերի արդյունքը) իրականացվում է վերարտադրման միջոցով: Դրա ամենահասարակ ձևն առարկաների և դրանց հետ կապված երևույթների ու իրադարձությունների ճանաչումն է՝ կրկնակի ընկալման դեպքում: Անհամեմատ ավելի բարդ է դրանց վերարտադրումն այն պահին, երբ չեն ընկալվում: Դա անցյալի փորձի կամային վերարտադրումն է՝ կամային վերհիշումը: Օրինակ՝ բանաստեղծություն արտասանելը, խնդիր լուծելիս քիմ. կամ մաթ. բանաձև հիշելը ևն: Վերարտադրման այս ձևի դեպքում մեծանում է մոռացման հնարավորությունը՝ չհիշելուց մինչև լրիվ չճանաչելը: Մոռացումը կարող է լինել ժամանակավոր, տևական և մշտ., իսկ պատճառները՝ մտապահման անկայունությունը, հուզ. դրդումը, ինչպես նաև որոշ հոգեկան