Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/393

Այս էջը հաստատված է

պահպանելու գործում: Ի տարբերություն զուտ նյարդային մեխանիզմների՝ արյան ճնշման կարգավորման ընթացքում հումորալ ազդակներն առաջացնում են ավելի երկարատև տեղաշարժեր, և բարձր ճնշումն աստիճանաբար դառնում է ավելի կայուն: Եվ այսպես, հուզումներով պայմանավորված արյան ճնշման բարձրացման հակազդեցություններն անցնում են քրոնիկ. հիվանդության: Այդ նույն մեխանիզմների ազդեցությունը հետագա տարիներին հանգեցնում է արյան բարձր ճնշման կայունացման: Հիվանդության խորացման ընթացքում խիստ վտանգավոր է այդ փուլը, որի ժամանակ հիվանդը հաճախ դադարում է տհաճ զգացողություններ ունենալ, առաջանում է ապաքինման պատրանք և, որպես հետևանք, հիվանդը դադարում է բուժվել:

Հ.հ-յան առաջընթացը կարելի է դադարեցնել ժամանակին բուժվելով: Պարզվել է, որ հումորալ ճանապարհով արյան զարկերակային ճնշման բարձրացումը կապված է օրգանիզմից նատրիումի քլորիդի (կերակրի աղ) ելքի կասեցմամբ, որի արտազատումը երիկամներով (մեզով) Հ.հ-յան ժամանակ որոշ չափով դանդաղում է: Այդ ավելցուկն օրգանիզմում առաջացնում է զարկերակային ճնշման անմիջական բարձրացում, իսկ հեռացումն իջեցնում է արյան ճնշումը:

Արյան ճնշման բարձր մակարդակը պահպանելու գործընթացին մասնակցում է Նաև 3-րդ մեխանիզմը, երբ սրտի պոմպային աշխատանքն ուժեղանում է՝ արյան շրջանառությանը մասնակցող արյան ավելցուկային մեծ ծավալի դեպքում: Արյան շրջանառության նման ձևն անվանում են գերշարժուն, որը խիստ կարևոր է հիպերտոնիկ հիվանդների մեծամասնության համար: Դա բնորոշ է զարկերակային արյան չափավոր ճնշմամբ (առավելապես սիստոլային) հիվանդներին: Սրտաբանների 9-րդ համաշխարհային վեհաժողովում (Մոսկվա) Հ.հ-յան այդպիսի ձևն անվանվեց «փափուկ» հիպերտենզիա:

Հ.հ-յան հիմն. մեխանիզմները գիտենալն օգնում է ավելի գիտակցաբար վերաբերվել աշխատանքի և հանգստի ռեժիմի մասին բժշկի խորհուրդներին: Այդ հանձնարարականները պայմանավորված են նրանով, որ Հ.հ-յան հետագա խորացումը կանխելու համար անհրաժեշտ է նվազեցնել նյարդահուզ. լարվածության ուժգնությունը, պայմաններ ստեղծել կենտր. նյարդային համակարգում կուտակված հուզ. «լիցքի» լիցքաթափման համար: Մարդկային օրգանիզմը կառուցված է այնպես, որ նյարդային լարվածության լիցքաթափումն առավել բնականորեն տեղի է ունենում միայն ֆիզ. բարձր ակտիվության ընթացքում: Դրա համար շարժող. ակտիվությունը, հատկապես հետիոտն զբոսանքները, սպորտի մատչելի ձևերը, ֆիզ. աշխատանքի սիրված ձևերը պետք է ամեն օր հաջորդեն հուզ. լարվածությանը: Եվ, հակառակը, հանգիստը, ընթերցանությունը, հեռուստացույց դիտելը, թատրոն հաճախելը, մտավոր ջանքեր պահանջող խաղերը, օրինակ՝ շախմատը, ոչ միշտ են կենտր. նյարդային համակարգի լարվածության բնական լիցքաթափման միջոցներ և քիչ են պիտանի արյան բարձր ճնշման հակազդեցությունների կանխարգելման համար, քանի որ ֆիզ. ակտիվության բացակայության պայմաններում հոգեկան լարվածությունը պահպանող մակերիկամների հորմոնները (ադրենալին, նորադրենալին) դանդաղ են ենթարկվում փոխանակային գործընթացներին:

Բժիշկն այդ նպատակով ստիպված է երբեմն նշանակել կենտր. նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութեր: Որքան էլ անցանկալի են սննդում աղի կերակրատեսակների կայուն սահմանափակումը կամ բացառումը, դրանք Հ.հ-յան ժամանակ արյան զարկերակային ճնշման բարձրացման դեմ պայքարի իրական և մատչելի միջոցներից ամենակարևորն են: Ժամանակակից բժշկագիտությունը ունի դեղանյութերի մեծ տեսականի, որի օգնությամբ կարելի է ուժեղացնել նատրիումի քլորիդի արտազատումը երիկամներով (մեզով) և իջեցնել արյան ճնշումը: Դրա համար հաճախ Հ.հ-ով հիվանդին նշանակում են միզամուղ դեղանյութեր, որոնք խթանում են նատրիումի քլորիդի արտազատումը մեզով: Բայց ակնհայտ է, որ Հ.հ-ով տառապող մարդու երիկամներն ավելի հեշտությամբ և քիչ դեղանյութի օգտագործմամբ կարող են հաղթահարել կերակրի աղի անհրաժեշտ քանակության արտազատումը, եթե սնունդը չպարունակի աղի ավելցուկային քանակություն, և եթե հիվանդն ինքն իրեն պաշտպանի օրգանիզմում նատրիումական աղերի կուտակումից:

Ստույգ հայտնի է, որ Հ.հ-ով տառապող գիրացած մարդուն երբեմն բավական է մարմնի ավելցուկային քաշից ազատվելը, որպեսզի արյան ճնշումը կարգավորվի առանց դեղորայքի: Դրա պատճառն այն է, որ ճարպային հյուսվածքի անհետացմամբ վերանում է նրանում առաջացած մանր և մանրագույն անոթների ցանցը, որում անհրաժեշտ ուժգնության արյան հոսքը կարող է պահպանվել միայն արյան ճնշման բարձրացման և, համապատասխանաբար, սրտի ուժեղացած աշխատանքի օգնությամբ, քանի որ հյուսվածքները սնող խոշոր անոթների ո՛չ թիվը, ո՛չ տրամագիծը հասուն մարդու օրգանիզմում մեծանալ չեն կարող: Հետևաբար ճարպային կուտակումները ծանրաբեռնում են մարդուն ոչ միայն իրենց քաշով, այլև գերշարժուն արյան շրջանառությամբ ստիպում են սրտամկանին աշխատել անոթային համակարգում բարձր ճնշման պայմաններում:

Այսպիսով, յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն, առանց դեղանյութերի ընդունման կանխել Հ.հ-յան խորացումը կամ խոչընդոտել դրա կայունացմանը: Այդ եզրակացությունն արտակարգ կարևոր է ինչպես Հ.հ-յան կանխարգելման, այնպես էլ նրա «փափուկ» ձևի (որով տառապում են հիվանդների 70-80 %-ը) բուժման համար: «Առանց դեղանյութերի» կանխագելման ու բուժման արդյունավետությունն ապացուցված է համեմատաբար շարժուն ապրելակերպ ունեցող և ցածր կալորիականությամբ սնունդ (կերակրի աղի սահմանափակմամբ) օգտագործող հիվանդների մեծ խմբերի հսկողությամբ: Հսկողության 1 տարվա ժամկետը ցույց է տվել, որ նրանց ճնշող մեծամասնության արյան ճնշումը բնականոնացել է, մարմնի քաշը նվազել, արյան ճնշումն իջեցնող պատրաստուկների ընդունման անհրաժեշտությունը՝ վերացել: Ներկայումս նպատակահարմար է Հ.հ-յան բուժումն սկսել ոչ թե դեղանյութերով, այլ վնասակար սովորությունների վերացման կոնկրետ հանձնարարականներով՝ աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմների խիստ փոփոխություններով: Միայն այդ միջոցառումների անարդյունավետությունն է (որը հաճախ պայմանավորված է հիվանդի առանձնահատկություններով ու ապրելակերպով և ոչ՝ հիվանդությամբ) ստիպում անցնել դեղանյութային բուժման: Հ.հ-յան բուժման այլ ձևերն ամբողջությամբ պայմանավորված են բժշկի բանիմացությամբ: Դրա հետ կապված՝ քրոնիկ. Հ.հ-յան բուժումն անպայմանորեն պետք է լինի մշտ.՝ մի քանի տարվա ընթացքում: Բուժման ժամանակ դեղանյութերի ընդունման ժամկետներն ընտրում է բժիշկը՝ կախված Հ.հ-յան ընթացքի և բուժման հանդեպ հիվանդի հակազդեցությունից: Հ.հ-ով տառապող մարդը պետք է գիտենա, որ նրան տանջող տհաճ զգացողությունների վերացումը և արյան ճնշման իջեցումն իրականացվում են բուժման ընթացքում, որպես կանոն, բավականին արագ, բայց դա կրում է ժամանակավոր