Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/397

Այս էջը հաստատված է

ամրապնդելու Հ-ում ստացած բուժումը, կանխելու հիվանդության սրացումներն ու բարդությունները:

Տես նաև Պոլիկլինիկա:

ՀԻՎԱՆԴԻ ԽՆԱՄՔ, հիվանդի բազմակողմանի սպասարկումն ապահովող միջոցառումների ամբողջություն, որի նպատակը հիվանդության բարեհաջող ընթացքին, արագ ապաքինմանը, տառապանքների թեթևացմանը և բարդությունների կանխագելմանը, բժշկի նշանակումների կատարմանը նպաստող լավագույն պայմանների և իրադրության ստեղծումն է:

Զուսպ, հավասարակշռված և հանգիստ վերաբերմունքն օգնում է հիվանդի մոտ պահպանել անհրաժեշտ համբերություն, իրականացնել բժշկի նշանակած ամենաբարենպաստ ռեժիմը և բուժումը: Լավատեսական տրամադրություն ստեղծելու կարողությունը հիվանդի առողջացման ծանրակշիռ գործոն է: Միևնույն հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով է ընթանում: Կարևոր է իմանալ, որ անհատ. հոգեբան. գործոններն էական ազդեցություն են թողնում հիվանդության ընթացքի և ելքի վրա

Հիվանդի ապրումների վրա ազդում են ոչ միայն հիվանդության բնույթը և հնարավոր հետևանքները, այլև ընտանեկան և աշխատանքային իրավիճակը, սահմանափակումները և բուժման հետ կապված անհարմարությունները: Ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է հիվանդի հոգեբանության իմացություն:

Մարդուն սպառնում են բազմաթիվ և բազմազան հիվանդություններ (կարճատև ու թեթև, երկարատև ու ծանր), որոնք կարող են հիվանդին գամել անկողնուն, առաջացնել հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն, աշխատունակության կորուստ, հաշմանդամություն: Դա կարող է ուղեկցվել հիվանդի սոցիալ. կապերի այս կամ այն խանգարումներով, արտաքին միջավայրի հետ հարաբերությունների փոփոխություններով և խախտել նրա հոգեկան հավասարակշռությունը: Գոյության սովոր. պայմանների, ներքնաշխարհի կայունության խանգարումներն առաջացնում են անհանգստություն, վախ, տագնապ:

Այդ հարաբերության մեջ որոշակի նշանակություն ունի նաև հիվանդի անցյալը: Համանման հիվանդությունները, կրած վիրահատությունները, ընտանիքում մահացու ելքով հիվանդությունները հիվանդի մոտ առաջացնում են ուժեղ հուզմունք: Նրա վախն ու անհանգստությունն ավելացնում են այդ հիվանդության մասին տեսածը, լսածը և երբևէ կարդացածը:

Հիվանդությունն արիաբար են տանում հանգիստ, հավասարակշռված, զգացմունքներին տիրապետող, դժվարությունների և խոչընդոտների դեմ պայքարելու ունակ մարդիկ: Այլ կերպ են իրենց պահում թուլակամ, հեշտությամբ հուսահատվողները: Հաճախակի հիվանդացող մարդիկ հիվանդությունը տանում են ավելի հանգիստ, քան կյանքում 1-ին անգամ հիվանդացողները: Նրանք, որոնց համար ֆիզ. առողջությունը կարևոր նշանակություն ունի (դերասաններ, մարզիկներ, զինծառայողներ), հիվանդության փաստը տագնապով են ընդունում: Հանդիպում է նաև հակառակ արձագանք, երբ հիվանդը ոչ միայն չի գնահատում իր վիճակի ծանրությունը, այլև ժխտում է հիվանդության առկայությունը:

Քրոնիկ. հիվանդների մոտ կարող են նկատվել խոր հոգեկան փոփոխություններ: Հիվանդներն ինքնամփոփ են դառնում, զբաղվում և հետաքրքրվում են միայն իրենցով: Նրանք կարող են դառնալ վատատես, նեղացկոտ, նախանձ, ատելությամբ լի, այլ դեպքերում՝ ամեն ինչի հանդեպ անտարբեր և անզգա: Որոշ հիվանդներ այնքան են համակվում իրենց հիվանդագին ապրումներով, որ նույնիսկ ժամանակը սկսում են հաշվել հիվանդանալու պահից: Դրա հետ մեկտեղ կարելի է նկատել նաև իսկական հերոսության դրսևորում, երբ հիվանդն անձնուրացորեն դիմադրում է ծանր հիվանդությանը: Ծանր հիվանդի հետ շփվելիս պետք է ձգտել ամրապնդել նրա կամքն ու մեծացնել համբերությունը, առողջանալու հանդեպ հավատը:

Հիվանդների հոգեբանության առանձնահատկությունների իմացությունը հնարավորություն է տալիս հիվանդի և խնամողի միջև հաստատել ճիշտ փոխհարաբերություն, որը հեշտացնում է Հ.խ.: Հիվանդի կողմից հիվանդության սեփական գնահատականը հաճախ չի համապատասխանում իրական վիճակին: Հանդիպում են հիվանդներ, որոնք համոզված են իրենց հիվանդության անբուժելիության մեջ, նրանք հաճախ ունենում են խուճապային տրամադրություն, կլանվում են իրենց հիվանդության ուսումնասիրությամբ, փնտրում բուժման «հատուկ» ուղիներ: Այդպիսի հիվանդներն անհիմն կերպով պահանջում են տարբեր մասնագետների մեծ ուշադրություն՝ փնտրելով իրենց անհանգստության հաստատումը: Ուրիշները, ընդհակառակը, չեն սիրում բուժվել, չեն հավատում հիվանդության լրջությանը, հաճախ անփույթ են վերաբերում բժշկի խորհուրդներին: Հիվանդության հանդեպ մարդկանց վերաբերմունքով է ձևավորվում հասարակության մեջ բժշկի դերի կարևորությունը, հարգանքը և ըմբռնողությունը (մեծամասնություն) և անվստահությունն ու զգուշավորությունը (փոքրամասնություն), հավատ չընծայելն ու լրիվ մերժելը (եզակի): Բժշկագիտության