Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/398

Այս էջը հաստատված է

հաջողությունների հետ են կապված ամբողջ հասարակության և նրա անհատների ամենօրյա հետաքրքրությունները: Ոչ մի մասնագետի առջև չեն դրվում այնքան մեծ պահանջներ, որքան բժշկի: Բժշկի և հիվանդի միջև ամենամեծ անըմբռնողությունը ծագում է հիվանդության բնույթի մասին նրանց պատկերացումների անհամապատասխանության հետևանքով: Բժշկի մասնագիտ. գիտելիքներին հիվանդը հակադրում է իր զգացողությունների և ոչ մասնագիտ. դատողությունների սուբյեկտիվ գնահատականը: Սակայն առողջության ակնհայտ խանգարման ժամանակ մարդկանց մեծ մասը ձգտում է հաղորդակցվել բժշկի հետ, որից ոչ միայն սպասում է ֆիզ. տկարության ապաքինում, այլև հիվանդության հետ կապված հոգեկան տառապանքների թեթևացում: Բժշկին վստահում են կյանքի խիստ անձն. կողմերը, ամենանվիրական մտքերը, որոնք նույնիսկ չեն կիսում իրենց մերձավորների հետ: Դրա հետ կապված՝ չափազանց բազմակողմանի և բարդ է բժշկի դերը: Բժշկ. բարոյագիտությունն սկսել է ձևավորվել դեռևս հեռավոր անցյալում, իսկ հիվանդի բարոյագիտությունը ցայսօր ձևավորված չէ: Որոշ հիվանդներ ենթադրում են, որ բուժաշխատողների հանդեպ ունեն միայն իրավունք և ոչ մի պարտավորություն: Այդպիսի պատկերացումը կարող է վտանգավոր լինել և հիվանդի համար անցանկալի հետևանքներ ունենալ: Հիվանդը կարող է օգնել բժշկին՝ նրան լրիվ վստահելով և հանձնարարականները ճշգրտորեն կատարելով: Հիվանդության պատմության գիտակցաբար կամ պատահաբար աղավաղված շարադրանքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Բժշկի և հիվանդի փոխըմբռնման հիմքը լրիվ վստահությունն ու փոխադարձ հարգանքն են: Որոշ հիվանդների մոտ, որոնք բարյացակամ վերաբերմունք ունեն իրենց բժշկի հանդեպ, երբեմն ի հայտ են գալիս բժշկի նշանակումները չեղյալ համարելու ձգտումներ՝ ինքնահաստատման, երբեմն չարաճճիություն անելու նպատակով: Իհարկե, նման կամայականությունները ոչ միշտ են ավարտվում ծանր բարդություններով, բայց հիվանդները չեն կարող գնահատել նման դեպքերում իրենց ցուցաբերած անպատասխանատվությունը: Բժշկ. պրակտիկայում դժվարություններ են առաջացնում հիվանդության ախտանշանների չափազանցումը կամ արհեստականորեն ստեղծումը, դրանց մասին հորինած պատմությունները, որին դիմում են առանձին անձինք՝ շահադիտական (հիվանդության հետ կապված արտոնություններ ստանալու) նկատառումներով: Նրանց հայտնի չէ, որ ախտորոշման հիմքում ընկած է հիվանդության (տարբեր մեթոդներով հաստատված) արտահայտությունների չափազանց բարդ վերլուծությունը:

Բոլոր ժամանակներում գիտ. բժշկությանը հակադրվել են կրոն. դոգմաները, տարբեր հավատները, հեքիմությունը, նրա հետ ոչ միշտ է ներդաշնակել աշխարհագր. տարբեր շրջանների ժող. բժշկությունը: Միայն ժամանակակից բժշկագիտության բազմակողմանի նվաճումների հիման վրա կատարելագործված բժշկին է օրենքով տրված հիվանդի բուժման հարցերը որոշելու հնարավորությունը:

Բարձր հաղորդակցության և տեղեկության փոխանակման պայմաններում հիվանդը երբեմն չի դիմանում մոդայիկ դեղանյութը փորձելու, գովազդված (ոչ բժշկ. մամուլում) բուժիչ հանձնարարականներից օգտվելու գայթակղությանը: Իր առողջության հանդեպ մեծ հետաքրքրությունը օրինաչափ է բոլորին, սակայն հետազոտության այս կամ այն մեթոդի նշանակումը, ինչպես նաև բուժման վերաբերյալ ստույգ առաջարկները պատկանում են միայն բուժող բժշկին:

Հ.խ. լինում է ընդհանուր և հատուկ: Ընդհանուր խնամքն ընդգրկում է շինության հիգիենայի պահպանումը, որտեղ գտնվում է հիվանդը, և հենց հիվանդի հիգիենայի պահպանումը, հարմար և մաքուր անկողինը, հիվանդի հագուստը մաքուր վիճակում պահելը, սննդի կազմակերպումը, սնվելիս, հարդարվելիս, ֆիզիոլոգ. պահանջներ կատարելիս հիվանդին օգնություն ցույց տալը, ճիշտ և ժամանակին բուժարարողությունների կատարումն ու դեղանյութերի ընդունումը, ինչպես նաև հիվանդի ինքնազգացողության և վիճակի շարժի անընդհատ հսկողությունը: Այս կամ այն հիվանդության կամ վնասվածքի առանձնահատկություններով պայմանավորված Հ.խ-ի համար սահմանվել է «հատուկ խնամք» հասկացությունը:

Ընդհանուր խնամք: Խնամքի ծավալը կախված է հիվանդի վիճակից, որին համապատասխան՝ բժիշկը կարող է նշանակել խիստ անկողնային ռեժիմ (չի թույլատրվում նստել), անկողնային ռեժիմ (կարելի է շարժվել՝ անկողնուց դուրս չգալով), կիսաանկողնային ռեժիմ (կարելի է ման գալ շինության ներսում) և, այսպես կոչված, ընդհանուր ռեժիմ, երբ հիվանդի շարժող. ակտիվությունն էապես չի սահմանափակվում: Բնականաբար, որքան ռեժիմը քիչ է սահմանափակված, այնքան հիվանդը հեշտությամբ է սպասարկում իրեն: Սակայն նույնիսկ լրիվ ինքնասպասարկման հնարավորությունը մերձավորներին չի ազատում Հ.խ-ի, առավելագույն հարմարավետ պայմանների, անհրաժեշտ հոգեբան. մթնոլորտի ստեղծման, հանձնարարված սննդի և օրաբաժնի ռեժիմի ապահովման, հիվանդի վիճակի և բժշկի մյուս հանձնարարականների կատարման հսկողության անհրաժեշտությունից:

Հիվանդի համար նախատեսված սենյակը պետք է լինի ընդարձակ, լուսավոր և, հնարավորության դեպքում, աղմուկից մեկուսացված: Սենյակում օդի և լույսի առատությունը, բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմը ցանկացած հիվանդության ժամանակ բարերար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա: Օդորակիչի բացակայության ժամանակ սենյակն օդափոխում են: Քաղաքում գերադասելի է սենյակն օդափոխել գիշերը, քանի որ ցերեկն օդն աղտոտված է փոշով և գազերով (հատկապես տրանսպորտի կուտակման վայրերում): Օդափոխելիս հիվանդին օդի սառը հոսանքից պաշտպանելու համար մարմինը ծածկում են վերմակով, գլուխը՝ սրբիչով, դեմքը թողնում են բաց: Ամռանը լուսամուտները կարող են ամբողջ օրը բաց թողնել, ձմռանը՝ բացել միայն օդանցքը (3-5 անգամ): Չի թույլատրվում օդափոխելու փոխարեն սենյակը ծխահարել տարբեր բուրավետ միջոցներով:

Սենյակում ջերմաստիճանը պետք է լինի կայուն՝ 18-20° C (հատկապես կարևոր է, որ սենյակը չցրտի լուսաբացին), օդի հարաբեր. խոնավությունը՝ 30-60 % (տես Միկրոկլիմա): Սենյակում օդի խոնավությունը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում դնում են ջրով լի անոթներ կամ ջեռուցման մարտկոցների վրա փռում խոնավ լաթեր, իսկ խոնավությունը նվազեցնելու համար ուժեղացնում են օդափոխությունը: Ցերեկային լույսի առատությունը, արևի և երկնքի տեսքը բարերար են ազդում հիվանդի տրամադրության և վիճակի վրա: Լույսի ուժը պետք է նվազեցնել միայն աչքի և նյարդային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ: Էլեկտր. լամպերը պետք է ծածկված լինեն անթափանց լուսամփոփով, իսկ գիշերը միացրած կարելի է թողնել միայն ցածր շիկացման լուսավորող սարքեր:

Անհրաժեշտ է սենյակում պահպանել խիստ մաքրություն (մաքրել օրը 2 անգամից ոչ պակաս): Լուսամուտի շրջանակները, դռները, կահույքը մաքրել խոնավ լաթով, հատակը՝ խոզանակով կամ խոնավ լաթով: Գորգերը, ծանր վարագույրները,