Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/399

Այս էջը հաստատված է

որոնց վրա կարող է փոշի կուտակվել, գերադասելի է հաճախ թափ տալ կամ մաքրել փոշեկուլով: Միշտ անհրաժեշտ են աղմուկից պաշտպանող միջոցներ, մեկուսացում տրանսպորտային, փողոցային և արտադր. աղմուկից, հեռուստացույցների, ռադիոընդունիչների ձայնի իջեցում, կիսաձայն խոսակցություն (բայց ոչ շշուկով, որովհետև հիվանդը դա կարող է մեկնաբանել որպես իր վիճակի ծանրությունը թաքցնելու փորձ):

Շատ կարևոր է տրանսպորտով հիվանդի ճիշտ փոխադրումը: Ծանր հիվանդներին պետք է տեղափոխել զգուշորեն (հատուկ բազկաթոռներով, սայլակներով, պատգարակներով)՝ ցնցումներից խուսափելու համար: Պատգարակը տանում են 2-4 մարդ՝ մանր քայլերով: Ձեռքերի վրա տանելը և տեղափոխությունը կարող են իրականացնել 1, 2 կամ 3 մարդ: Եթե հիվանդին տանում է 1 մարդ, ապա նա մի ձեռքն անցկացնում է հիվանդի թիակի, մյուսը՝ ազդրի տակով: Հիվանդը ձեռքերով բռնում է տանողի պարանոցից: Ծանր հիվանդների համար անհրաժեշտ է մոմլաթե տակդիր, փամփերս, ռետինե օղակ, պետքանոթ, մեզընդունիչ, հիվանդի անկողինը պետք է լինի բավականաչափ լայն և երկար, հարթ մակերևույթով, հարմար և կոկիկ: Ցանկալի է օգտագործել մի քանի մասերից կազմված ներքնակ, որի վրա փռում են սավան, անհրաժեշտության դեպքում սավանի տակ դնում են մոմլաթ: Մի շարք դեպքերում (օրինակ՝ ողնաշարի ախտահարումների ժամանակ) ներքնակի տակ դնում են պինդ վահանակ: Ցանկալի է մահճակալը տեղավորել այնպես, որ հնարավոր լինի 2 կողմից մոտենալ հիվանդին, մահճակալը չպետք է դրվի սենյակը տաքացնող միջոցների մոտ:

Ծանր հիվանդներին օգնում են հանվել, կոշիկները հանել, անհրաժեշտության դեպքում հագուստն զգուշորեն կտրատում են: Ծանր հիվանդների անկողնու սպիտակեղենը հարկավոր է փոխել հմտորեն՝ նրա համար անհարմար դիրք և հարկադրական մկանային լարվածություն չստեղծելու և ցավ չպատճառելու համար: Հիվանդին զգուշորեն տեղափոխում են անկողնու եզրը, սավանի ազատված ծայրը բինտի նման փաթաթում են մինչև հիվանդի մարմինը, անկողնու այդ մասի վրա փռում են մաքուր սավան, որի վրա էլ տեղափոխում են հիվանդին: Եթե հիվանդին արգելված է շարժվել նույնիսկ անկողնում, ապա սպիտակեղենը փոխելու համար կիրառում են հատուկ եղանակներ: Մաքուր սավանի ծալքերը ուղղում են, անվտանգ քորոցով ծայրերն ամրացնում ներքնակին: Ծանր հիվանդի շապիկը փոխելիս ձեռքն անցկացնում են մեջքի տակ, շապիկը բարձրացնում մինչև ծոծրակը, հանում են մի թևը, ապա մյուսը, եթե մի ձեռքը վնասված է, սկզբում ազատում են առողջը: Շապիկը հագցնելիս սկսում են հիվանդ ձեռքից, այնուհետև գլուխն անցկացնելով՝ իջեցնում են մինչև սրբանը և հարթեցնում ծալքերը: Եթե հիվանդին բոլորովին շարժվել չի կարելի, օգտագործում են չկոճկվող շապիկ: Ծանր հիվանդների սեռ. օրգանների և հետանցքի մաշկը հարկավոր է լվանալ յուրաքանչյուր կղումից և միզարձակումից հետո: Այդ նպատակով ավելի լավ է օգտագործել հոգնայի հարմարանք: Ակամա միզարձակման կամ կղման դեպքերում հարկավոր է որքան հնարավոր է արագ փոխել մոմլաթը և տակաշորը (իսկ անհրաժեշտության դեպքում՝ անկողնու սպիտակեղենը և ներքնաշորերը) և անպայման լվանալ սեռ. օրգանները, շեքը և հետույքի շրջանը: Կարևոր նշանակություն ունի անձն. հիգիենայի կանոնների պահպանումը: Անհրաժեշտ է ամենօրյա (առավոտյան և երեկոյան) հարդարանքը, որպեսզի մաշկը լինի մաքուր և բնականոն գործի: Հակացուցումների բացակայության ժամանակ բժշկի թույլտվությամբ հիվանդին լողացնում են լոգարանում կամ ցնցուղի տակ՝ շաբաթը 1 անգամից ոչ պակաս: Եթե լոգարանն ու ցնցուղը հակացուցված են, ապա, բացի լվացումներից, հիվանդին ամեն օր մաքրում են եռացրած կամ հարդարանքի ջրով (ավելի լավ է օղիով կամ օդեկոլոնով): Դեմքը, պարանոցը և իրանի վերին մասը հարկավոր է լվանալ ամեն օր, ձեռքերը՝ ուտելուց առաջ և հետո: Խիստ անկողնային ռեժիմի ժամանակ ոտքերը լվանում են շաբաթը 3 անգամ՝ թասը դնելով մահճակալի վրա: Անութային շրջանը, աճուկային ծալքերը, կաթնագեղձերի տակի ծալքերը (հատկապես քրտնոտ տարեց հիվանդների) կանոնավոր լվանում են կամ մաքրում քափուրի սպիրտով, օղիով, օդեկոլոնով (շփաբորբից խուսափելու նպատակով):

Ծանր հիվանդները, հյուծվածները և երկար ժամանակ անկողնում գտնվողները հատկապես մաշկի խնամքի կարիք ունեն՝ երկարատև ճնշման ենթակա հատվածներում պառկելախոցերից խուսափելու նպատակով: Դրա համար սրբանի և գոտկատեղի մաշկը օրը 2 անգամ մաքրում են քափուրի սպիրտով և սրբանի տակ դնում հին գործվածքով փաթաթած ռետինե օղակ, եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, փոխում են նրա դիրքն անկողնում (հաճախակի շրջում են): Սրբանի, կրունկների, ծոծրակի կամ թիակների շրջաններում կապտակարմիր հատվածներ ի հայտ գալիս հարկավոր է շտապ այդ մասին հայտնել բուժող բժշկին:

Հիվանդի մազերը լվանում են տաք ջրով և օճառով, զգուշորեն սանրում, եղունգները՝ պարբերաբար կտրում: Երկարատև անկողնային ռեժիմում գտնվող հիվանդների ոտնաթաթերի ներբանային մակերևույթին երբեմն առաջանում են եղջերացած հաստ շերտեր: Ոտքերը լվանալիս դրանք հեռացնում են չեչաքարով, երբեմն էլ բժշկի նշանակած հատուկ քսուքով:

Կարևոր է նաև բերանի խոռոչի խնամքը: Ատամի խոզանակով օրը 2 անգամ մաքրում են ատամները և լեզվի թիկնային մասը, ուտելուց հետո հիվանդը պետք