բուժիչ չափաքանակն ունի արտահայտված ցավամոքիչ, անոթալայնիչ, հակաբորբոքային, ներծծող, հակաքորային ազդեցություն, ինչպես նաև խթանում է վնասված օրգանների ու հյուսվածքների վերականգնումը:
Ա-ի ազդեցության գոտում ուժեղանում է մաշկի և լորձաթաղանթների թափանցելիությունը, որը նպաստում է մաշկի միջոցով դեղանյութերի հյուսվածքներ ներմուծելուն: Բուժման այդ մեթոդը կոչվում է ֆոնոֆորեզ (անդրաֆոնոֆորեզ): Ընդ որում՝ Ա-ի և դեղանյութերի զուգակցված ազդեցությունն ուժեղացնում է բուժարարողության ազդեցությունը: Բուժման ընթացքում, հատկապես 1-ին բուժարարողության ժամանակ, երբեմն առաջանում են հոգնածության զգացողություն, քնկոտություն, գլխապտույտ, որի մասին պետք է տեղեկացնել բժշկին: Ա-ային բուժումը խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում: Օրգանիզմի փափուկ հյուսվածքներ (առանց էական կլանման) թափանցելու և պինդ, տարասեռ կառուցվածքներից անդրադառնալու Ա-ի հատկությունը կիրառվում է ախտորոշիչ նպատակներով: Ա-ային ախտորոշումը լրացնում է ներքին օրգանների հետազոտման հիմն.՝ ռենտգենախտորոշման մեթոդը, իսկ երբեմն դրա նկատմամբ ունենում է էական առավելություններ: Գործնականում որևէ կողմնակի ազդեցության լրիվ բացակայությունը հնարավորություն է տալիս կատարել մարմնի ցանկացած հատվածի բազմակի Ա-ային հետազոտություններ, ինչպես նաև հղիության բոլոր շրջաններում որոշել երեխայի սեռը, դիրքը և գլխի չափերը: Ա-ային գերզգայուն սարքերով հնարավոր է ստանալ փափուկ հյուսվածքների պատկերը՝ էխոգրաման, սոնոգրաման (սկանոգրամա), հետևել շարժվող օբյեկտներին (սիրտ, արյուն), օրինակ՝ սրտի կծկումների հաճախությանը, խոշոր անոթներում արյան հոսքի արագությանը: Ա-ով բավականին ստույգ որոշվում են ներքին օրգանների և նրանց մասերի չափերը, ուռուցքների, արյունազեղումների, օտար մարմինների, քարերի առկայությունը, որոնց շնորհիվ մեթոդը լայն ճանաչում է ստացել և ներդրվել է բժշկության շատ բնագավառներում (վիրաբուժություն, ակնաբանություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն, մարզ. և տիեզեր. բժշկություն ևն): Արդյունաբերությունում կիրառվող կամ արտադրությունում կողմնակիորեն առաջացած ցածր հաճախային ձայնածավալի Ա. (20-30 կհց) տարածվում է օդում և ազդում ոչ միայն շփման գոտում, այլև մարմնի ամբողջ մակերևույթի, այդ թվում լսողության օրգանների և անդաստակային ապարատի վրա: Ա-ի (նույն ընդգրկույթի) ոչ մեծ չափաքանակները, հատկապես, եթե դրանք երկարատև են և բազմիցս կրկնվում են, կարող են աշխատողի վրա ունենալ ընկճող ազդեցություն, որն արտահայտվում է թուլությամբ, քնկոտությամբ, աշխատունակության նվազմամբ ևն: Ուստի ցածրահաճախային Ա. կիրառելիս պետք է հաշվի առնել հիգիենային նորմավորումը և օգտագործել պաշտպան. միջոցներ: Մարմնի բաց հատվածների միջոցով Ա-ի ազդեցությունը բացառելու համար նախատեսվում է արտահագուստ: Բացի այդ, Ա. կիրառող կամ առաջացնող սարքերը և մեքենաները հատուկ էկրաններով մեկուսացվում են աշխատողներից: Ա-ի ազդեցության գոտում աշխատողների առողջության ապահովության նպատակով անհրաժեշտ է սահմանել կանոնավոր բժշկ. հսկողություն, տարին գոնե 1 անգամ կատարել նախազգուշական և պարբերական բժշկական զննումներ: ԱՆԴՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ, տես Լուսաբուժություն հոդվածում:
ԱՆԵՄԻԱ, տես Սակավարյունություն:
ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ ԵՎ ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳԻԱ, կլինիկ. բժշկագիտության բնագավառ, վիրահատության ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների (շնչառություն, արյան շրջանառություն, նյութափոխանակություն) մարման ու վերականգնման հիմն. օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն: Անզգայացման հիմն. մեթոդները՝ նարկոզը և տեղային անզգայացումը, հայտնագործել են դեռևս 19-րդ դ.: 1846-ին ատամնաբույժ Ու. Մորտոնը ենթածնոտային գեղձի ուռուցքը հեռացնելիս օգտագործել է եթերի գոլորշիները: 1885-ին Հոլստեդը որպես տեղային (հաղորդչական) անզգայացնող կիրառել է կոկաինը:
ՀՀ-ում ընդհանուր և տեղային անզգայացման տարբեր մեթոդների ներդրման 1-ին փորձերը ձեռնարկել են վիրաբույժներ Ռ. Յոլյանը, Ի. Գևորգյանը, Ս. Շարիմանյանը, Վ. Սարուխանյանը, Ս. Ավդալբեկյանը, Դ. Դանիելբեկը, Հ. Մինասյանը և ուր.:
Հանրապետությունում Ա. և ռ-ի զարգացմանը և մասնագետների պատրաստմանը նպաստել է բժիշկների կատարելագործման ինստ-ում (այժմ՝ Ազգային առողջապ-յան ինստ.) կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնի կազմակերպումը (վարիչ՝ Ս. Ավդալբեկյան), որը 1991-ին վերափոխվեց Ա. և ռ-ի ամբիոնի (վարիչ՝ Դ. Մելքոնյան): Բարձրորակ կադրերի և նյութատեխ. հիմքի առկայությունը հնարավորություն տվեց Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստ-ում, «Հայաստան», «Էրեբունի», «Շտապ օգնություն», «Մայրության և մանկության պահպանություն» բժշկ. կենտրոններում, Հանրապետ. մանկ. հիվանդանոցում ստեղծել Ա. և ռ-ի խոշոր բաժանմունքներ: Վերակենդանացման ամենօրյա պրակտիկայում հաջողությամբ կիրառվում են արյունա- և ավշակլանումը, հեմոդիալիզի, պլազմոֆորեզի, գերճնշումային թթվածնաբուժության և այլ ժամանակակից մեթոդներ:
ՀՀ ԳԱՍ ՆՕՔԻ-ում սինթեզվել և կլինիկ. պրակտիկայում ներդրվել են մկանային ռելաքսանտներ (օրինակ՝ դիթիլին) և նարկոտիկ ցավամոքիչ (ֆենապրիդին) դեղանյութեր: Ա. և ռ-ի տես. ու գործն. հարցերը մշակվում են Գ. Անժելովի, Դ. Մելքոնյանի, Գ. Մհոյանի, Ռ. Վիրաբյանի ղեկավարությամբ:
ԱՆԵՎՐԻԶՄ, տես Անոթալայնանք:
ԱՆԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ, տես Իմունիտետ:
ԱՆԿԻԼՈՍՏՈՄԻԴՈԶՆԵՐ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություններ, որոնց հարուցիչները կլոր որդերի դասի անկիլոստոմիդներն են: Մարդու աղիքներում ապրում է այդ մակաբույծների 2 տեսակ՝ անկիլոստոմա և նեկատոր: Ա. տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում: Բարեխառն կլիմայի գոտում հանդիպում են ստորգետնյա բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում աշխատողների (հանքափորներ, հորատողներ ևն) մոտ: Վարակի տարածման հիմն. աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է: Ա-ով հաճախ վարակվում է գյուղ. բնակչությունը՝ չվարակազերծված արտաթորանքներով պարարտացրած դաշտերում, բանջարանոցներում, այգիներում աշխատելիս (հատկապես՝ ոտաբոբիկ): Հասուն անկիլոստոմիդները մակաբուծում են բարակ (հիմնականում՝ 12-մատնյա) և հաստ աղիքներում: Հիվանդի կղանքի հետ ձվերն ընկնում են շրջակա միջավայր, որտեղ բարենպաստ պայմանների դեպքում 24 ժ հետո ձևավորվում են թրթուրներ: Ապրելով հողում՝ դրանք մարդու օրգանիզմ են թափանցում սովորաբար մաշկի, երբեմն՝ վարակված բանջարեղենի, մրգի կամ ջրի միջոցով, և 8-10