Անկողնային, թուլացած և տենդող հիվանդներին հարկավոր է կերակրել միայն թարմ պատրաստած բարձրորակ սննդով: Ծանր հիվանդներին պետք է կերակրել այն ժամերին, երբ նրանց վիճակը լավանում է: Տրորած կամ մանրացրած սնունդը տալիս են գդալով՝ փոքր բաժիններով, ըմպելիքը և հեղուկ սնունդը՝ խմուցիչով: Սնունդն ընդունելու համար չի կարելի ընդհատել հիվանդի ցերեկային քունը:
Հիվանդի վիճակի հսկողությունը հաջող բուժման կարևոր պայման է: Բուժող բժշկին հարկավոր է հաղորդել հիվանդի հետ կատարված բոլոր փոփոխությունների մասին: Ուշադրություն են դարձնում հոգեկան գործունեության վրա կա՞ն արդյոք գիտակցության, հուզ. ոլորտի, հիվանդի վարքագծի տագնապալի շեղումներ: Հիվանդի մարմնի դիրքը կարող է լինել ակտիվ, հարկադրական և պասսիվ: Ակտիվ դիրքը հիվանդի սովոր. շարժուն վիճակն է, պասսիվի ժամանակ նկատվում է անշարժություն կամ թերշարժունություն: Մի շարք հիվանդությունների ժամանակ բնորոշ է հիվանդի հարկադրական դիրքը: Օրինակ՝ ծնկները ծալած և որովայնին մոտեցրած դիրքում որովայնի խոռոչի մի շարք հիվանդությունների ժամանակ ցավը մեղմանում է, նստած կամ կիսանստած դիրքը շնչարգելության ժամանակ թեթևացնում է շնչառությունը: Մի շարք հիվանդությունների ժամանակ նկատվում են որոշակի մկանախմբերի ջղաձգություններ կամ ընդհանուր ջղաձգային նոպաներ, որոնք ի հայտ գալիս հարկավոր է բժիշկ կանչել: Ուշադրություն պետք է դարձնել նաև մաշկի գույնի, ջերմաստիճանի փոփոխությունների, ցաների, քորի, դեմքի արտահայտության վրա, որոնք կարող են վկայել հիվանդի վիճակի լավացման կամ վատացման մասին: Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությունն ու թեթևակի դեղնությունը (տես Դեղնախտ) ավելի ցայտուն են ցերեկվա լույսի պայմաններում: Մաշկի վրա ցան ի հայտ գալիս հարկավոր է ուշադրություն դարձնել նրա գույնի, տեսքի, ինչպես նաև տարածման բնույթի վրա: Այդ բոլոր դիտարկումների տվյալները պետք է հաղորդել բուժող բժշկին: Հաճախ բժշկի համար կարևոր ախտանշաններ են մեզի և կղանքի գույնի կտրուկ փոփոխությունները: Անհրաժեշտ է հսկել նաև դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, ամիդոպիրին, ացետիլսալիցիլաթթու ևն) նկատմամբ հանդուրժողականությունը: Մաշկային ցաներ (տես Դեղորայքային ցաներ), քոր, լեզվի այրոց, սրտխառնոց, փսխելու ցանկություն առաջանալիս հարկավոր է ընդհատել դեղորայքի ընդունումը և այդ մասին տեղեկացնել բժշկին: Հիվանդի ջերմաստիճանը պետք է չափել առավոտյան ժ 7-9-ը, երբ այն համեմատաբար ցածր է, իսկ երեկոյան՝ ժ 17-19-ը: Որոշ հիվանդությունների ժամանակ կարիք է լինում այն չափել յուրաքանչյուր 2 ժ մեկ (նույնիսկ գիշերը):
Տարեց և ծեր հիվանդներին խնամելիս պետք է հաշվի առնել նրանց օրգանիզմի առանձնահատկությունները՝ հարմարվող. հնարավորությունների նվազումը և հոգեկան ոլորտի համապատասխան փոփոխությունները: Տարեց մարդկանց մոտ շատ հիվանդություններ ընթանում են ոչ բնորոշ, թորշոմած, առանց ջերմաստիճանային հակազդեցությունների, ծանր բարդությունների միացմամբ, որի դեպքում պահանջվում է հատուկ հսկողություն:
Տարեց մարդիկ հաճախ շատ զգայուն են լինում շրջապատող միջավայրի ջերմաստիճանի, սննդի, լուսային և ձայնային ռեժիմի խանգարումների, մի շարք դեղանյութերի հանդեպ: Վարակի, բորբոքային հիվանդությունների նկատմամբ այդ հիվանդների նախատրամադրվածությունը պարտադրում է հատուկ հիգիենային խնամք: Հիվանդների հուզ. անկայունությունը, դյուրազգացությունը, իսկ գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ հիշողության, բանականության, ինքնաքննադատության նվազումը, քմահաճությունը, անօգնականությունը, փնթիությունը նրանց խնամելիս պահանջում