են հատուկ ուշադրություն և համբերություն: Նշանակված հանգստացնող և քնաբեր դեղանյութերն անհրաժեշտ է տալ բժշկի հանձնարարականին խիստ համապատասխան:
Հաշվի առնելով տարեց և ծեր մարդկանց հակվածությունը թոքաբորբով ուղեկցվող կանգային երևույթների հանդեպ՝ խորհուրդ է տրվում նրանց ակտիվությունը պահպանել թույլատրելի սահմաններում (հաճախակի շրջվել անկողնում): Հաճախ բժիշկը ձգտում է սահմանափակել այդ հիվանդների անկողնային ռեժիմը, նշանակում է մերսում, շնչառ. մարմնամարզություն: Այդ բոլորը հարկավոր է պարտադիր կատարել՝ չնայած այն բանին, որ այդպիսի բուժարարողությունները և անկողնային ռեժիմի ժամկետի կրճատումները երբեմն հիվանդների մոտ դժգոհություն են առաջացնում:
Հիվանդի խնամքի առանձնահատկությունները տարբեր հիվանդությունների ժամանակ: Տարբեր հիվանդությունների ժամանակ (բացի ընդհանուր խնամքից՝ կապված այս կամ այն ախտաբան. գործընթացի հետ) անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ:
Շնչառության օրգանների հիվանդություններ: Բարդություններից խուսափելու համար ծանր անկողնային հիվանդների դիրքը հաճախակի պետք է փոխել, հևոցի ժամանակ նստած կամ կիսանստած դիրք տալ՝ ոտքերը ցած և ձեռքերը բազկաթոռին հենած: Հարկավոր է ապահովել մաքուր օդի հոսքը: Դողի ժամանակ հիվանդին լրացուցիչ ծածկել վերմակով, տաք թեյ տալ, ջեռակներ դնել:
Մեծ նշանակություն ունի շնչուղիների ազատումը խորխից, որը կախված է հիվանդի համապատասխան դիրքից: Օրինակ՝ խորխի հեռացումը կարող է հեշտանալ, եթե հիվանդը պառկում է առողջ կողքի վրա: Բժշկի ցուցումով հարկավոր է ժամանակին սկսել շնչառ. մարմնամարզությունը՝ աստիճանաբար ընդլայնելով վարժությունների համալիրը: Շնչառության օրգանների վիճակն ստուգելիս որոշում են շնչառության հաճախությունն ու ռիթմը, օրվա ընթացքում արտադրված խորխի քանակը, բնույթը (արյան, թարախի, սննդի խառնուրդը, հոտը): Խորխը հավաքում են կափարիչով փակվող հատուկ բաժակի մեջ: Հոտազերծելու համար բաժակի մեջ լցնում են կալիումի գերմանգանատի լուծույթ: Ուշադրություն են դարձնում հիվանդի գանգատների, ցավերի, հազի, հևոցի առաջացման պարբերականության և բնույթի վրա: Դեղորայքային բուժումը և տարբեր բուժարարողություններ խստորեն կատարում են բժշկի հանձնարարականով (տես Շնչառական համակարգ): Արյունախխման կամ շնչարգելության նոպաների ժամանակ հիվանդներն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն:
Սիրտանոթային հիվանդություններ: Խնամքի հիմն. նպատակը սրացումների ժամանակ անկողնային ռեժիմի, իսկ վիճակը լավանալիս՝ ճիշտ մարզ. ռեժիմի ապահովումն է: Սրտային անբավարարության ախտանշանները՝ հևոցը, կապտությունը, հազը, արյունախխումը, այտուցները, կարող են ուժեղանալ կամ թուլանալ, ուստի հարկավոր է ուշադիր հետևել այդպիսի փոփոխություններին: Խիստ տագնապ պետք է առաջացնի շնչարգելության հանկարծակի նոպան, որն ուղեկցվում է դեմքի կապտությամբ, երբեմն՝ վարդագույն փրփրանման խորխի արտադրությամբ: Դա կարող է վկայել սրտային հեղձուկի, թոքերի այտուցի մասին, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնություն, մինչև բժշկի գալը հիվանդին տալ կիսանստած դիրք կամ բարձրացնել մահճակալի գլխային ծայրը, ոտքերը կախ գցել, բացել պատուհանը:
Այտուցների դեպքում անհրաժեշտ է օրաբաժնում մոտավորապես որոշել հեղուկի քանակը և չափել արտազատվող մեզի ծավալը: Հեղուկի և կերակրի աղի ընդունումը խիստ սահմանափակել: Ծարավի և բերանի չորության զգացումը կարելի է թեթևացնել՝ հիվանդին խմեցնելով փոքր բաժիններով (1-2 կում) հեղուկ, բերանի խոռոչը մրգով (կիտրոն, նարինջ) թացացնելով: Սննդի օրաբաժնից աղերի, համեմունքների, քաղցր կերակրատեսակների բացառումը նույնպես նպաստում են ծարավի նվազեցմանը: Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ գլխապտույտի, ուժեղ գլխացավի ժամանակ հարկավոր է անհապաղ բժիշկ կանչել: Մինչև բժշկի գալը պարտադիր կատարել նախապես նշանակված հանձնարարականները, ողնաշարի պարանոցակրծքային հատվածի հետին մակերևույթին դնել մանանեխի ծեփուկներ, տալ հանձնարարված դեղանյութերը ևն: Կրծքային հեղձուկով հիվանդների մոտ հետկրծոսկրային շրջանում ցավերի առաջացման ժամանակ անհրաժեշտ է տալ նիտրոգլիցերին, Վոտչալի կաթիլներ, սրտի և կրծոսկրի շրջաններին մանանեխի ծեփուկներ դնել: Արագ բուժ. արդյունքի բացակայության դեպքում հարկավոր է շտապ բժշկ. օգնություն կանչել:
Սրտխփոցի նոպայի ժամանակ հիվանդին տալ հանձնարարված դեղանյութերը: Սրտային նոպաների ինքնաբուժման փորձերը խիստ վտանգավոր են (տես Սիրտանոթային համակարգ): Բուժ. արդյունքի բացակայության ժամանակ բժիշկ կանչել:
Ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ: Այս հիվանդությունները կարող են ուղեկցվել տարբեր տեղադրության ուժեղ ցավերով, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խանգարումներով (տես Ցավ, որովայնի ցավեր), որոնց դեպքում հարկավոր է բժիշկ կանչել: Մինչև ախտորոշումը (լուրջ բարդություններից խուսափելու