Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/405

Այս էջը հաստատված է

Ամենից շատ հիվանդներին հանձնարարում են սպիտակուցների (հատկապես՝ կենդ.), կերակրի աղի, իսկ այտուցների ժամանակ՝ հեղուկների սահմանափակում: Սնունդը պետք է լինի վիտամիններով (հատկապես՝ C) հարուստ: Այդ հիվանդները զգայուն են ցրտի հանդեպ, նրանց հարկավոր է տաք հագուստ և անկողին, ամենաբարենպաստ ջերմային ռեժիմ, մրսելուց պաշտպանում:

Վիրահատություն կրած հիվանդների մոտ պետք է հետևել միզապարկից մեզը հեռացնելու համար օգտագործվող ժամանակավոր դրենաժներին, որոնք կարող են փակվել արյան մակարդուկով, լորձով, աղերի նստվածքով՝ հանգեցնելով մեզի կարսեցման: Անհրաժեշտ է ժամանակին լվանալ դրենաժային խողովակը, իսկ եթե անցանելիությունը վերականգնելու հնարավորություն չկա, հարկավոր է այն փոխել: Դա անում է բժիշկը կամ հատուկ ուսուցված բուժքույրը: Վարակի կանխարգելման նպատակով մեզի հոսքն ապահովող դրենաժային բոլոր խողովակները միացվում են մեզի հավաքման համար նախատեսված մանրէազերծած անոթներին: Դրենաժային խողովակի շուրջ մաշկի մազերը խնամքով սափրում են: Եթե վիրահատությունից հետո հանձնարարված է մշտապես մեզընդունիչ կրել, անհրաժեշտ է իմանալ դրա խնամքի կանոնները: Լցվածության աստիճանից կախված՝ այն հանում են, մեզը թափում և լվանում հոսող ջրի տակ: Պարբերաբար (2—3 օրը 1 անգամից ոչ պակաս) մեզընդունիչը եռացնում են կամ մշակում վարակազերծող (կալիումի գերմանգանատի, ֆուրացիլինի ևն) լուծույթներով: Շարժումների ծավալի սահմանափակման ժամանակ հատուկ կարևորություն ունեն վիրակապերը, սպիտակեղենը փոխելը, մարմնի մաքրությունը: Տես նաև Շագանակագեղձի գեղձուռուցք, Երիկամաբորբ, Միզապարկի բորբոքում:

Ականջի, կոկորդի, քթի հիվանդություններ: Սուր և քրոնիկ. թարախային ականջաբորբի ժամանակ, բժշկի խորհրդով օրը մի քանի անգամ խնամքով մաքրում են ականջը: Կաթեցնելուց առաջ կաթիլները հարկավոր է տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը, հիվանդին պառկեցնել կողքի, ականջախեցին ձգել հետ և վեր, կաթիլները կաթեցնել, որից հետո հիվանդը պետք է պառկի 10-15 ր:

Ականջին տաքացնող կոմպրես դնելիս անձեռոցիկի կենտրոնում երկայնական կտրվածք են անում (կիպ կպչելու համար), որի միջով ականջախեցին դուրս են հանում: Կոկորդը պետք է ողողել տաք լուծույթով: Ֆլեգմոնային անգինայի կամ հետըմպանային թարախակույտերի ժամանակ հարկավոր է հիվանդի բերանը լվանալ (ռետինե տանձիկի օգնությամբ), եթե ինքը չի կարող դա ինքնուրույն անել:

Ինհալացիա նշանակելիս, եթե ինհալատոր չկա, կարելի է շնչել ջրային գոլորշիներ՝ թղթից պատրաստած խողովակով (եռացրած ջրով լի կաթսայի վրայից): Ինհալացիայի տևողությունը որոշում է բժիշկը:

Քթի կաթիլները (կամ էմուլսիան) նախապես տաքացնելուց հետո հիվանդի քիթն են կաթեցնում գլուխը հետ թեքած կամ մեջքի վրա պառկեցրած դիրքում:

Աչքի հիվանդություններ. այս դեպքում խնամքն ունի մի շարք առանձնահատկություններ. խորհուրդ է տրվում հատուկ բուժարարողությունները (աչքը լվանալ, կաթիլներ կաթեցնել, քսուք քսել, աչքին վիրակապ դնել) կատարել բուժանձնակազմի ղեկավարությամբ:

Աչքի մեջ կաթոցիչով կաթիլներ կաթեցնելիս (սովորաբար 1-2 կաթիլ՝ ստորին կոպի լորձաթաղանթի վրա) հիվանդին առաջարկում են վերև նայել, ապա խոնավ բամբակով ցած են քաշում ստորին կոպը՝ հետևելով, որ կաթոցիչի ծայրը չդիպչի աչքին, կոպին կամ թարթիչներին, հակառակ դեպքում բուժարարողությունից հետո հարկավոր է կաթոցիչը մանրէազերծել, որը հատկապես կարևոր է աչքի վարակիչ հիվանդությունների ժամանակ:

Կոպերի լորձաթաղանթին քսուքը քսում են մանրէազերծած ապակե ձողիկով (հիվանդը պետք է վերև նայի): Քսուքն զգուշորեն դնում են ցած քաշած ստորին կոպի շաղկապենու անցումային ծալքին, այնուհետև հիվանդին առաջարկում են փակել աչքը և այդ ժամանակ ձողիկը հեռացնում են հորիզոն. ուղղությամբ՝ դեպի քունքը, ձողիկը չպետք է քսվի աչքի լորձաթաղանթին: Դրանից հետո փակ կոպերը թեթևակի մերսում են:

Վիրակապերը դնում են աչքը պաշտպանելու, տաքացնելու և վնասվածքների ու հիվանդությունների ժամանակ հանգստի վիճակ ստեղծելու համար:

Սկզբում փակ կոպերի վրա դնում են մի քանի շերտ թանզիֆ, այնուհետև՝ բամբակի շերտեր, որպեսզի ակնակապիճը լցվի, և աչքը վիրակապով փաթաթում (վիրակապի լայն. 4-5 սմ է): Հաճախ սահմանափակվում են միայն թեթև վիրակապով, որը դնում են՝ հիվանդ աչքի կողմի ականջաբլթակից սկսած, աչքի վրայով թեքությամբ տանում մինչև հակառակ կողմի քունքը:

Աչքի վարակիչ հիվանդությունների ժամանակ կիրառում են վարակի տարածումը կանխող միջոցառումներ: Յուրաքանչյուր օգտագործումից հետո կաթոցիչը և ապակե ձողիկները եռացնում են: Բուժարարողությունը կատարելուց հետո ձեռքերը խնամքով լվանում են հոսող ջրի տակ, այնուհետև մաքրում ֆուրացիլինի 1:5000 լուծույթով կամ 70 %-անոց սպիրտով: Այդպիսի հիվանդը պետք է ունենա դեղորայք, կաթոցիչ և ապակե ձողիկ: Օգտագործված բամբակե գնդիկները, վիրակապերը ևն հավաքում են առանձին փակ անոթի մեջ և այրում:

Մաշկային հիվանդություններ: 1-ին հերթին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Հարկավոր է ապահովել հիգիենային և բուժիչ լոգանքները (բժշկի նշանակմամբ), հաճախակի փոխել սպիտակեղենը: Հատուկ խնամքի կարիք ունեն ախտահարման օջախում առաջացող թացացող ցանավորմամբ, քորի և այրոցի ուժեղ նոպաներով հիվանդները:

Մաշկի վարակիչ հիվանդություններով հիվանդների բուժման ընթացքում ամենից առաջ հարկավոր է կանխել վարակի տարածումը: Գլխի մազածածկ մասի սնկիկային ախտահարման (տես Միկրոսպորիա) ժամանակ կրում են թանզիֆե, քաթանե գլխարկ, մազահանման (էպիլացիա), մազերը խուզելու և գլուխը լվանալու ժամանակ չի կարելի ցրիվ տալ մազերն ու մաշկի թեփերը: Ոտնաթաթի սնկախտի (տես Սնկախտեր ոտնաթաթի) տարածումը կանխելու համար հիվանդի կոշիկն ախտահանում են և թույլ չեն տալիս, որ այն հագնեն ընտանիքի մյուս անդամները: Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների դեպքում կիրառում են մանրէների տարածումը կանխող միջոցառումներ. բժշկի նշանակմամբ ախտահարված հատվածի մաշկը մշակում են սպիրտային (բորաքափուրային, սալիցիլային ևն) լուծույթներով, կեղտոտ վիրակապերը հավաքում են և ոչնչացնում:

Մաշկի սուր թարախային բորբոքումների ժամանակ լոգանքներից կամ ցնցուղից օգտվել կարելի է միայն բժշկի թույլտվությամբ՝ հատուկ կանոնների պահպանման պայմանով:

Անհրաժեշտ է հոգալ նաև հիվանդի հոգեկան հանգստության, հատկապես էկզեմայով և նյարդամաշկաբորբով հիվանդների լիարժեք քնի մասին:

Մեծ նշանակություն ունի տանը (բժշկի նշանակմամբ) թրջոցների, խոնավ-չորացող վիրակապերի, կախույթահեղուկ դեղանյութերի, քսուքների, մածուկների հմուտ օգտագործումը: Խոնավ-չորացող