Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/406

Այս էջը հաստատված է

վիրակապը կազմված է բուժիչ լուծույթներով թրջած թանզիֆի 5-6 շերտից, որը դնում են մաշկին, ծածկում խոնավացրած բամբակով և կապում վիրակապով: Կախույթը («շփոթ») թափահարելով խառնելուց հետո փափուկ վրձինով կամ թանզիֆե-բամբակե խծուծով քսում են մաշկի ախտահարված հատվածին՝ օրը 2 անգամ (վիրակապել չի պահանջվում): Քսուքներն անմիջականորեն քսում են մաշկին կամ նախապես քսում փափուկ գործվածքի վրա, որը դնում են մաշկին և կապում թեթև վիրակապով, երբեմն մաշկը տոգորում են քսուքով (օրինակ՝ քոսի դեպքում): Մաշկի ախտահարված հատվածին քսուքը քսում են մետաղե կամ փայտե մածկաթիակով (շպատել): Մածուկը կարելի է նաև քսել գործվածքին, որը դնում են մաշկին և կապում վիրակապով (օրը 1-2 անգամ): Քսուքը և մածուկը մաշկից մաքրում են բուս. յուղով թրջած բամբակով:

Հոգեկան հիվանդություններ: Հոգեկան հիվանդները որոշակի պայմաններում չեն կարողանում ղեկավարել իրենց գործողությունները, հաշիվ տալ կատարվածի մասին, նրանք ղեկավարվում են հիվանդագին ապրումներով, ի վիճակի չեն գնահատել իրենց վիճակը: Այդպիսի հիվանդները կարող են վտանգավոր լինել շրջապատողների, իրենք իրենց համար կամ դառնալ անօգնական, տուժել դժբախտ պատահարից: Հոգեկան հիվանդների խնամքի դժվարություններն ի հայտ են գալիս մի դեպքում՝ նրանց մեկուսացածության, ինքնամփոփության, մյուս դեպքում՝ գրգռվածության, անհանգստության պատճառով: Նման հիվանդներին խնամողից պահանջվում են համբերություն, զսպվածություն, քնքշություն և միևնույն ժամանակ զգոնություն: Հիվանդի վարքագծում բոլոր փոփոխությունների, հիվանդության նոր դրսևորումների մասին անհրաժեշտ է անհապաղ հաղորդել բժշկին:

Տանը բուժելիս մեծ նշանակություն ունեն բարենպաստ պայմանների ստեղծումը (մաքրություն, հարմարավետություն, անդորր, իրարանցման, խառնաշփոթի բացակայություն, բժշկի նշանակումների կատարում), ինչպես նաև հիվանդության ելքի մասին հիվանդի անհիմն կասկածները ցրելը, իր ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը: Օգտակար են նրան ակտիվ գործողությունների մեջ ներգրավելը, դրական հուզումներ առաջացնող զբաղմունքը (գրականություն, ռադիո- և հեռուստահաղորդումներ ևն): Հարազատները պետք է աչալրջորեն հետևեն նշանակած դեղանյութերը ժամանակին ընդունելուն և ռեժիմը պահպանելուն: Հոգեկան հիվանդների հարազատների վարքի և խնամքի մասին տես Ընկճվածություն, Հիսթերիա, Մանիակալդեպրեսիվ պսիխոզ, Մարազմ, Հոգեկան հիվանդություններ, Շիզոֆրենիա, Էպիլեպսիա հոդվածներում:

Երեխաների հիվանդություններ: Երեխաների խնամքը պահանջում է որոշակի գիտելիքներ և հմտություն, հիվանդ երեխայի հանդեպ հոգատար վերաբերմունք: Եթե երեխան հիվանդ է, հարկավոր է բժիշկ կանչել, ջերմաստիճանը չափել, երեխային լվացվեցնել, մաքուր սպիտակեղեն հագցնել և պառկեցնել անկողնում: Եթե երեխան չի ցանկանում պառկել, հարկավոր է չափավորել նրա շարժող. ակտիվությունը, բազկաթոռը տեղավորել լուսավոր տեղում, կողքը սեղանիկ դնել և վրան նկարչության, ձեռքի աշխատանքի պիտույքներ դնել, նրան գիրք առաջարկել կամ ներգրավել հանգիստ, հետաքրքիր խաղի մեջ:

Հիվանդ երեխային չի կարելի դեղորայք տալ առանց բժշկի նշանակման: Հատկապես վտանգավոր է որովայնի ցավերի ժամանակ ջեռակ դնելը և լուծողական տալը: Եթե հիվանդությունն սկսվում է փսխումներով և լուծով, մինչև բժշկի գալը հիվանդին կերակրել չի կարելի, ծարավելիս կարելի է տալ միայն եռացրած ջուր կամ քիչ քաղցր թեյ: Հիվանդի համար պետք է առանձնացնել ամանեղեն, սրբիչ, կափարիչով պետքանոթ, մաքուր թաս: Տակաշորը կամ արտաթորանքով պետքանոթը պահում են մինչև բժշկի գալը: Ընտանիքում ուրիշ երեխաների առկայության դեպքում հիվանդին մեկուսացնում են:

Հիվանդ երեխայի խնամքը, դեղանյութեր ընդունելուց բացի, ընդգրկում է անձն. հիգիենայի կանոնների, սենյակի և անկողնու, ներքնաշորի մաքրության պահպանումը, հիվանդին մատչելի զվարճությունների և խաղալիքների տրամադրումը, քնքուշ, հանգիստ և համբերատար վերաբերմունքը, բժշկի նշանակումների ճշգրիտ կատարումը ևն:

Ցանկալի է, որ հիվանդ երեխային խնամի մայրը: Նա պետք է խստորեն հետևի իր մարմնի, հագուստի, կոշիկի մաքրությանը, հաճախակի լվացվի, գլխին գլխաշոր կապի: Ամեն առավոտ հարկավոր է երեխային լվացվեցնել, անկողինը հարդարել: Եթե հիվանդին չի կարելի քայլել, նրան լվացվեցնում են անկողնում՝ նախապես պատրաստելով թաս, ջրով լցված աման, փափուկ սրբիչ, ատամի խոզանակ, ատամի մածուկ ևն: Առավոտյան հարդարանքի ժամանակ քիթը և ականջները մաքրում են բամբակե պատրույգով, բերանը ողողում բժշկի նշանակած լուծույթով ցանկալի է բերանը ողողել սնունդ ընդունելուց առաջ: Հիվանդ երեխայի լվացումները, կախված նրա վիճակից, կատարում են ամեն օր՝ առավոտյան և երեկոյան: Բժշկի թույլտվությամբ հիվանդին պետք է լողացնել 37-38° C ջերմաստիճանի ջրով, 5 ր-ից ոչ ավելի, որպեսզի նա չհոգնի, այնուհետև երեխային սրբել չոր սավանով և պառկեցնել տաք անկողնում: Լողացնելուց հետո նրան տալ տաք թեյ, ավելի լավ է՝ խմուցիչով:

Մաշկածալքերի (աճուկային, անութային) շփաբորբից խուսափելու նպատակով ջրային բուժարարողություններից հետո խնամքով չորացնում են և կարմրության դեպքում (հատկապես աճուկային ծալքերի, հետանցքի, հետույքի շրջանում) քսում են վազելինային յուղ կամ վիտամին A պարունակող դեղանյութ:

Հատկապես մանրակրկիտ պետք է լինի կրծքի երեխայի հիգիենային խնամքը Որպեսզի երեխային ցավ չպատճառվի, և երեխան չհոգնի, կարելի է լվացվեցնել եռացրած ջրով թրջած բամբակով, զգուշորեն մաքրել պարանոցը, ականջների հետևը, մաշկածալքերը:

Ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ երեխայի ձեռքերը առանձին-առանձին լվանում են մի քանի անգամ՝ հատկապես ուտելուց առաջ: Եղունգները պետք է միշտ կտրված լինեն: Թեթև և միջին ծանրության հիվանդությունների ժամանակ երեխային նստեցնում են պետքանոթի վրա կամ հնարավորություն են տալիս օգտվել ընդհանուր զուգարանից, ծանր հիվանդների տակ պետքանոթ են դնում:

Կանոնավոր քամահարում են անկողնու պարագաները 1,5-2 ժ ընթացքում: Այդ ժամանակ երեխային տաք հագցնում են տեղավորում հարմար տեղում (բազմոց բազկաթոռ):

Առավոտյան հարդարանքից հետո հիվանդի սենյակը մաքրում են, 20-30 ր բացում օդանցքը կամ լուսամուտը: Երեխային ծածկում են կամ տեղափոխում մյուս սենյակ և հետևում, որ նա չբացվի: Սենյակը մաքրելիս սկզբում փոշին հեռացնում են ջրով կամ վարակազերծող լուծույթով թրջած լաթով: Ջեռուցման մարտկոցները, դռները, մահճակալը, խնամքի առարկաները նույնպես մաքրում են թաց լաթով, մանրատախտակե հատակը ավելի լավ է մաքրել փոշեկուլով:

Կահույքի և հատակի փոշին մաքրելիս սենյակն օդափոխում են: Ձմռանն օդանցքը ծածկում են թանզիֆով, որպեսզի սառը