Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/408

Այս էջը հաստատված է

շրջապատող վնասակար գործոնների հանդեպ հարմարվող. հատկությունները նվազում են:

Հիվանդածին ազդակը, օրգանիզմի վրա ախտահարող ազդեցություն թողնելով, միաժամանակ նպաստում է նրա պաշտպան. և հարմարվող. հակազդեցությունների հավաքագրմանը: Այսպիսով՝ Հ. սովորաբար բնորոշվում է 2 փոխկապակցված գործընթացների զուգակցմամբ (վնասվածք և պաշտպանություն): Օրինակ՝ բորբոքման ժամանակ, հյուսվածքների վնասմանը զուգընթաց, բորբոքային օջախում տեղի են ունենում բակտերիաների և տոքսինների սևեռում, դեպի բորբոքման օջախն արյան հոսքի ուժեղացում և բջիջների ֆունկցիայի ակտիվացում, որոնք բորբոքված հյուսվածքը մաքրում են քայքայման նյութերից և նպաստում ախտահարված հյուսվածքի արագ վերականգնմանը: Ցավը խանգարում է օրգանի կամ մարմնի հատվածի ֆունկցիան, բայց միաժամանակ ծառայում է որպես վնասման ահազանգ՝ նպաստելով նրա խնայմանը: Հարմարվող. հակազդեցությունները կարող են լինել նաև չափից ավելի և որոշակի պայմաններում խորացնել Հ-յան ընթացքը: Օրինակ՝ փսխումը, լուծը էական նշանակություն ունեն վնասակար կամ թունավոր նյութերը ստամոքսից և աղիքներից հեռացնելու համար, սակայն կարող են առաջացնել նաև օրգանիզմի ծանր ջրազրկում, իսկ ուժեղ ցավերը երբեմն՝ շոկի պատճառ դառնալ: Այսպիսով՝ Հ-յան ընթացքում վնասման երևույթները և հարմարվող. հակազդեցությունները, որոնք նախատեսված են օրգանիզմի պաշտպանման կամ առողջության ապահովման համար, սերտորեն միահյուսված են:

Ցանկացած Հ. ամբողջ օրգանիզմի գործունեության խանգարում է, թեպետ շատ Հ-ների ժամանակ բավականին պարզորոշ կերպով արտահայտված են հիվանդածին գործընթացի ճիշտ տեղադրությունը, ինչպես նաև օրգանի կամ օրգան-համակարգերի ախտահարման ամենացայտուն ախտանշանները, օրինակ՝ ստամոքսի խոցը կարող է լինել ընդհանուր Հ-յան (խոցային հիվանդության) միայն տեղային արտահայտությունը, որը շատ դեպքերում առաջանում է բացասական հուզումների ազդեցությունից՝ նյարդային ֆունկցիաների խանգարման, մտավոր և ֆիզ. գերլարվածության հետևանքով: Ապրումները, անառողջ ապրելակերպը, աշխատանքի և հանգստի ռեժիմը, անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը, ոչ ճիշտ սնուցումը, վնասակար սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը (տես Ալկոհոլամոլություն), որոնք թուլացնում են օրգանիզմը և ամենից առաջ խանգարում փոխանակային գործընթացները և նյարդային համակարգի գործունեությունը, շատ Հ-ների պատճառ են դառնում: Նման դեպքերում ախտահարման գործընթացի գերակշռող տեղադրությունը կախված է հիվանդի անհատ. զարգացման առանձնահատկություններից և օրգանիզմի ընդհանուր վիճակից, աշխատանքի, կենցաղի պայմաններից և այլ գործոններից: Մյուս կողմից՝ ցանկացած նույնիսկ խիստ տեղային ախտահարումը պարտադիր իր հետևից բերում է որևէ ընդհանուր գործընթացի խանգարում, իսկ առողջության վերականգնման համար պահանջվում է ամբողջ օրգանիզմի ուժերի հավաքագրում: Օրինակ՝ տեղային թարախային գործընթացի (թարախակույտ, ֆուրունկուլոզ, կարբունկուլ) ժամանակ սովորաբար ի հայտ են գալիս ընդհանուր ախտանշաններ՝ ջերմաստիճանի (տես Ջերմաստիճան մարմնի) բարձրացում, տենդ, ախորժակի կորուստ, թուլություն ևն:

Հ-յան պատճառները խիստ բազմազան են: Նրանք կարող են առաջանալ օրգանիզմի վրա պատճառական 1 գործոնի ազդեցությունից կամ Հ-յան հանդեպ նախատրամադրվածություն առաջացնող պայմանների հետ այդ գործոնի զուգակցումից: Օրինակ՝ վարակիչ և մակաբուծ. Հ-ները առաջանում են նրանց հարուցիչների (հիվանդածին բակտերիաներ, վիրուսներ, նախակենդանիներ, մանրադիտակային սնկիկներ, որդեր ևն) օրգանիզմ ներթափանցումից: Նման դեպքում յուրաքանչյուր վարակիչ Հ. իր առանձնահատուկ դրսևորումներով ունի որոշակի հարուցիչ: Սակայն շատ հիվանդածին միկրոօրգանիզմներ կարող են Հ. առաջացնել միայն օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացման ժամանակ, որը հետևանք է աշխատանքի և կենցաղի անբարենպաստ պայմանների, ուղեկցող հիվանդությունների, վնասակար սովորությունների, ոչ ճիշտ ապրելակերպի և այլ պատճառների: Շատ Հ-ներ ծագում են տարբեր պատճառներից. օրինակ՝ քրոնիկ. ստամոքսաբորբը կարող է առաջանալ սնման ռեժիմի երկարատև խանգարման, ալկոհոլի օգտագործման, ծխելու, ինչպես նաև մարսողության մյուս օրգանների Հ-ների, նյութափոխանակության խանգարումների հետևանքով: Օրգանիզմի վիճակը, նրա պաշտպան. և հարմարվող. հնարավորությունները մեծ մասամբ որոշիչ նշանակություն ունեն Հ-յան ծագման և ընթացքի համար: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հիվանդածին գործոնի ազդեցությունից մեկ անհատը կարող է հիվանդանալ, մյուսը՝ ոչ:

Ըստ ընթացքի՝ Հ. լինում է սուր, ենթասուր և քրոնիկ.: Հատկապես սուր ընթացող Հ-ների առաջացման մեջ ընդունված է տարբերել 4 փուլ կամ շրջան՝ գաղտնի, նախանշանային, բուռն (սաստկացման) և ելք (Հ-յան ավարտը): Սակայն շատ Հ-ներ, ըստ առաջացման և ընթացքի օրինաչափությունների, բավականաչափ տարբերվում են միմյանցից, ուստի Հ-յան բաժանումը նշված շրջանների պայմանական է:

Վարակիչ Հ-ների գաղտնի (ինկուբացիոն) շրջանը հիվանդածին ազդակի վնասող ազդեցության պահից սկսած մինչև 1-ին կլինիկ. դրսևորումներն ընկած ժամանակամիջոցն է: Այն կարող է տատանվել մի քանի վրկ-ից սկսած (վնասվածքի դեպքում) մինչև մի քանի տարի (օրինակ՝ բորի ժամանակ):

Նախանշանային շրջանը զբաղեցնում է Հ-յան 1-ին կլինիկ. ախտանշանների սկզբից մինչև դրանց լրիվ զարգացումն ընկած ժամանակամիջոցը: Որպես կանոն՝ այդ շրջանում առաջանում են շատ Հ-ներին բնորոշ ընդհանուր ախտանշաններ (գլխացավ, տենդ, դող, թուլություն ևն): Տվյալ Հ-յանը բնորոշ ախտանշաններն ի հայտ են գալիս այս շրջանի վերջում և համընկնում են Հ-յան բուռն շրջանին: Այսպիսով, նախանշանային շրջանում ակնհայտ է միայն վատառողջության փաստը, բայց ախտորոշման համար հիմք ծառայող որևէ ախտանշան անբավարար է արտահայտված:

Հ-յան բուռն շրջանը բնորոշվում է տվյալ Հ-յանը հատուկ ախտանշանների ի հայտ գալով: Սակայն առանձին դեպքերում Հ-յան հիմն. ախտանշաններն ի հայտ են գալիս ոչ հստակ (այսպես կոչված՝ ջնջված ձև) կամ կարող են անհետանալ՝ չհասնելով լրիվ դրսևորման (այսպես կոչված՝ վիժեցված ձև): Հ-յան նույնիսկ բնորոշ ընթացքը կարող է փոխվել բարդությունների միացումից (լրացուցիչ հիվանդագին գործընթաց, որի պատճառ կարող են դառնալ հիմն. Հ-յան հետևանքով առաջացած խանգարումները (այսպես կոչված՝ ուղեկցող Հ-ներ), որոնք ոչ պատճառներով, ոչ էլ առաջացման մեխանիզմներով կապված չեն տվյալ Հ-յան հետ:

Անցումը ելքի շրջանին լինում է կտրուկ, հանկարծակի (ճգնաժամ) և աստիճանաբար: Հ. կարող է ավարտվել (ելք) լրիվ և ոչ լրիվ առողջացմամբ, որևէ օրգանում կամ համակարգում կայուն փոփոխությունների ի հայտ գալով, որով պայմանավորվում է Հ-յան անցումը քրոնիկ. ձևի: Լրիվ առողջացման դեպքում օրգանիզմի