Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/409

Այս էջը հաստատված է

ֆունկցիաները վերականգնվում են, իսկ հիվանդագին երևույթները՝ անհետանում: Նման դեպքում վարակիչ շատ Հ-ներից հետո առաջանում է կայուն անընկալության վիճակ: Կրած վարակիչ Հ-յան հանդեպ օրգանիզմի գործունեությունը հիմնականում դառնում է բնականոն, սակայն առանձին օրգաններում կարող են պահպանվել, այսպես կոչված, մնացորդային երևույթներ մինչև այդ օրգանների ֆունկցիաները խանգարող հայտնի սահմանները (մասնակի կամ լրիվ առողջացում): Հ. քրոնիկ. ձևին անցնելիս հարկավոր է շարունակել բժշկի հանձնարարած բուժումն ու վարքի ռեժիմը, քանի որ անբարենպաստ պայմաններում այն կարող է սրվել:

Հ-յան բարենպաստ ելքը հիմնականում պայմանավորված է ժամանակին բուժմամբ և բժշկի նշանակումների խստորեն կատարմամբ: Ուստի վատ զգալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Շատ վտանգավոր է ինքնաբուժումը կամ բուժման ինքնուրույն ընդհատումն այն շրջանում, երբ հիմն., առավել ծանր երևույթներն անհետացել են, բայց հիվանդը դեռևս չի բուժվել: Բազմաթիվ հետազոտություններով հաստատվել է, որ հիվանդի այդպիսի սխալ վարքը բարդությունների առաջացման, քրոնիկ. ձևի անցման, հաշմանդամության և նույնիսկ մահացու ելքի առավել հաճախակի պատճառներից է:

Ժամանակակից բժշկագիտությունը Հ-յան խնդիրը հետազոտում է համալիր ձևով: Ուսումնասիրվում են ախտաբան. գործընթացների և առանձին Հ-ների առաջացման պատճառները, խորացման պայմանները (պատճառագիտություն) և մեխանիզմները, օրգանիզմում պաշտպան. և վերականգնող. գործընթացները, տարբեր Հ-ների կլինիկ. ընթացքի և ախտանշանաբանության առանձնահատկությունները: Դրա հիման վրա մշակում են ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ: Բժշկակենսբ. և կլինիկափորձարար. հետազոտությունների և բժշկ. տեխնիկայի զարգացումը բժիշկներին զինել է գործիքային և լաբորատոր ախտորոշման բազմաթիվ մեթոդներով: Սակայն ինքնըստինքյան, առանց Հ-յան ծագման և կլինիկ. ընթացքի առանձնահատկությունների համադրման, այդ մեթոդները, որպես կանոն, ախտորոշման համար անբավարար են: Հիվանդի մանրակրկիտ հետազոտությունը՝ մեծ թվով քննությունների կամ ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների կիրառմամբ, սովորաբար անհրաժեշտ է լինում միայն շատ բարդ դեպքերում, երբ կլինիկ. երևույթները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին, իսկ հետազոտության հիմն. մեթոդները (զննում, լսում, արյան, մեզի կլինիկ. քննություն, ռենտգենաբան. հետազոտություն) բավարար չեն ախտորոշիչ վերջն. եզրակացությունների համար:

Յուրաքանչյուր հիվանդի բուժման սխեման խիստ անհատական է: Այն մշակելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդի օրգանիզմի զարգացման առանձնահատկությունները, անցյալում կրած և ուղեկցող Հ-ները, աշխատանքի և կենցաղի պայմանները: Միևնույն Հ-յան ժամանակ հիվանդներին կարելի է նշանակել տարբեր դեղանյութեր, ընդ որում՝ այն, ինչը բուժիչ է մեկի համար, կարող է վնաս հասցնել մյուսին: Ուստի ինքնաբուժումը (այդ նպատակով որևէ մեկին որևէ ժամանակ օգնած դեղանյութի օգտագործմամբ) շատ վտանգավոր է: Բժիշկը նշանակում է Հ-յան պատճառի վրա ազդող դեղանյութեր (այսպես կոչված՝ պատճառային բուժում, օրինակ՝ հակաբակտերիային պատրաստուկը վարակիչ հիվանդությունների ժամանակ), հիվանդածին գործընթացի առաջացման մեխանիզմների վրա ազդող դեղանյութեր (այսպես կոչված՝ ախտածնային բուժում, օրինակ՝ հորմոնի կամ ֆերմենտի օգտագործումը նրա անբավարարության ժամանակ), ինչպես նաև առավել ծանր կլինիկ. դրսևորումների կամ ախտանշանների վրա ազդող դեղանյութեր (այսպես կոչված՝ ախտանշանային բուժում, օրինակ, ցավազրկող, հազը հանգստացնող, քնաբեր դեղանյութերով): Կարևոր տեղ են գրավում օրգանիզմի դիմադրողականությանը և պաշտպան. ուժերի բարձրացմանը նպաստող միջոցառումները, որի համար հատուկ բուժումը մշտապես զուգակցվում է ընդհանուր ամրապնդող միջոցների (վիտամիններ, լիարժեք սնունդ ևն) հետ: Հ-յան ընթացքի տարբեր շրջաններում բժիշկը կարող է փոխել բուժման սխեման՝ նշանակել նոր դեղորայք, ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ (լոգանքներ, էլեկտրաբուժություն, լուսաբուժություն ևն), բուժական ֆիզկուլտուրա, մերսում ևն: Հ-ների մեծ մասը պահանջում է հանգիստ, հիվանդի ֆիզ. և հոգեկան ակտիվության բավականաչափ նվազում: Հ-յան բուռն շրջանում սովորաբար հանձնարարվում է անկողնային ռեժիմ, խորհուրդ է տրվում խուսափել հուզումներից: Բուժման արդյունավետությունը, հատկապես տնային պայմաններում, շատ բանով պայմանավորված է հիվանդի խնամքով:

Ընտանիքի որևէ անդամի հիվանդանալն անդրադառնում է նաև մյուս անդամների վրա: Ուստի հիվանդը պետք է ակտիվորեն ձգտի առողջանալ, իր վիճակի հանդեպ մշակի ճիշտ վերաբերմունք, աշխատի որքան հնարավոր է արագ հարմարվել բուժհիմնարկի պայմաններին, անկողնային ռեժիմին:

Շատ կարևոր է հիվանդի հանդեպ նրա ընտանիքի անդամների վերաբերմունքը: Հանգիստը, կարեկից վերաբերմունքը նպաստում են Հ. թեթև անցկացնելուն, առողջանալու հանդեպ կամքի ամրապնդմանը: Շրջապատողների արհամարհանքը, անտարբերությունը, ինչպես նաև բարձր տրամադրությունը, դյուրագրգռությունը չափազանց անցանկալի են: Երբ հիվանդանում է մտերիմներից որևէ մեկը, հարկավոր է միշտ խորհրդակցել բժշկի հետ, թե ինչպես խնամել հիվանդին: Ելնելով յուրաքանչյուր դեպքից, հաշվի առնելով հիվանդի հոգեկանը, ինչպես նաև հիվանդի և նրա խնամողների անհատ. առանձնահատկությունները՝ բժիշկը տալիս է առավել նպատակահարմար հանձնարարական:

Հ-յան կանխարգելման միջոցները բազմատեսակ են, և դրանց հետ կապված՝ տարբերում են հաս. և անհատ. կանխարգելում:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: Առողջապահության պետ. համակարգը ՀՀ-ում ներառում է բարեկեցության աճի, աշխատանքի անվտանգ պայմանների, բնակկենցաղային պայմանների, շրջակա միջավայրի պահպանության, սան. բարեկեցության և բնակավայրերի բարեկարգման, ֆիզ. կուլտուրայի և սպորտի զարգացման, աշխատավորների հանգստի ու ժամանցի կազմակերպման միջոցառումներ:

Մայրության և մանկության պահպանությունը պետության հատուկ մտահոգության առարկա է: Բուժկանխարգելիչ օգնության միասնության սկզբունքը, որն իր արտահայտությունն է գտնում դիսպանսերացման մեջ, բուժաշխատողներին թույլ է տալիս հետևել բնակչության առողջությանը, ժամանակին կանխել Հ-ների առաջացումը, քրոնիկ. Հ-ների սրացումները:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է նաև քաղաքացու պարտավորություն՝ իր, մերձավորների, ընտանիքի և հասարակության անդամների առողջության պահպանման հանդեպ: Անձն. հիգիենայի կանոնների պահպանումը, օրգանիզմի կոփումը, ֆիզկուլտուրայով զբաղվելը, նպատակահարմար ապրելակերպը, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, ճիշտ սնումը, վնասակար սովորություններից