Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/412

Այս էջը հաստատված է

նրա ծավալը՝ ի հաշիվ պատերի ձգվածության և մկանների քաշի ավելացման, արագորեն զարգանում է խոշոր և մանր անոթների ցանցը, որն արյուն է մատակարարում ընկերքին: Շնչառությունը դառնում է խորը, իսկ դա նշանակում է, որ արյունն առատորեն հագենում է թթվածնով: Նկատելիորեն աճում է սրտի կծկողունակությունը, և թթվածնով հարուստ արյունը մատակարարվում է կնոջ կարևոր կենսական օրգաններին, այդ թվում՝ արգանդին: Երիկամներն աշխատում են բարձր բեռնվածությամբ՝ հեռացնելով ոչ միայն մոր, այլև պտղի նյութափոխանակության արգասիքները: Ոսկրածուծում գոյանում են ավելի շատ արյան կարմիր մարմնիկներ (էրիթրոցիտներ), ավելանում է արյան քանակությունը, լայնանում են արյունատար անոթները, ուժեղանում է գազափոխանակությունը: Դրա հետ կապված՝ հղի կնոջ օրգանների և համակարգերի բնականոն գործունեության, հետևաբար, նաև պտղի բարենպաստ զարգացման համար անհրաժեշտ են ավելի շատ սննդանյութեր և թթվածին: Կնոջ առողջ. վիճակը և նրա վարքագիծը, հատկապես հղիության 1-ին շաբաթներին, երբ տեղի է ունենում պտղի օրգանների և հյուսվածքների սաղմնավորում, շատ բանով կանխորոշում են Հ-յան ընթացքը, պտղի հետագա զարգացումն ու ապագա երեխայի առողջությունը: Հղի կնոջ ցանկացած հիվանդություն (գրիպ, անգինա, տուբերկուլոզ, ռևմատիզմ, շաքարախտ, սակավարյունություն, լյարդի, երիկամների, սիրտանոթային համակարգի ախտահարումներ ևն), ոչ ճիշտ սնվելը, ռեժիմի խանգարումները, որոշ դեղանյութերի ընդունումը և հատկապես ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող են բացասաբար ազդել Հ-յան ընթացքի և պտղի վրա:

Բարդացած հղիություն: Եթե կնոջ օրգանիզմում առկա են որոշ շեղումներ, Հ. կարող է բարդանալ, այսպես կոչված, հղիության տոքսիկոզներով: Հ-յան 1-ին 2-3 շաբաթում դրանք դրսևորվում են փսխումներով, վատ ինքնազգացումով, ընկճվածությամբ, իսկ 2-րդ կեսին՝ արյան ճնշման բարձրացմամբ, այտուցներով և մեզում սպիտակուցի առկայությամբ: Տոքսիկոզները կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության (տես Ծննդաբերություն վաղաժամ), պտղի զարգացման խանգարման և մեռածածնության: Բարդացած Հ. և պտղի զարգացման խանգարումները պատճառ են դառնում մեռածածնության, վաղ մանկ. մահացության, ինչպես նաև կյանքի 1-ին տարիներին՝ երեխաների հիվանդացության: Այս բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է դաշտանի ուշացման դեպքում, հետազոտման նպատակով, անհապաղ դիմել կանանց կոնսուլտացիա: Այստեղ կանայք ստանում են անհրաժեշտ օգնություն, հանձնարարականներ, իսկ հարկ եղած դեպքում բուժում: Հ-յան բնականոն ընթացքի և պտղի բնականոն զարգացման համար շատ կարևոր են հիգիենայի կանոնների պահպանումը, առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելը և բժշկ. հսկողությունը:

Հղի կնոջ հիգիենան: Հատկապես պետք է մանրակրկիտ հետևել մարմնի մաքրությանը: Մարդու մաշկում գտնվում են շատ քրտնագեղձեր ու ճարպագեղձեր, որոնց արտազատուկները, կուտակվելով մաշկի մակերևույթին, նպաստում են մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ առաջացնող մանրէների բազմացմանը: Հ-յան ժամանակ թարախածին վարակը վտանգավոր է ինչպես կնոջ, այնպես էլ պտղի համար:

Առավոտյան ոչ միայն լվանում են ձեռքերը, երեսը և պարանոցը, այլև մարմինը մաքրում խոնավ և շփում կոշտ սրբիչով: Հղի կինը պետք է եղունգները կարճ կտրի: Հ-յան ժամանակ ավելանում է հեշտոցի արտազատուկը, կուտակվելով և քայքայվելով՝ այն նպաստում է սեռ. օրգաններում մանրէների բազմացմանը, իսկ դա կարող է առաջացնել հեշտոցի, արգանդի և պտղի հիվանդություններ: Դրա համար հարկավոր է մանրակրկիտ հետևել արտաքին սեռ. օրգանների մաքրությանը: Խորհուրդ է տրվում դրանք լվանալ առավոտյան և երեկոյան՝ տաք, հոսող ջրով և օճառով, լվանում են առջևից հետ ուղղությամբ (ցայլքից դեպի հետանցք), որպեսզի կանխվի ուղիղ աղիքից մանրէների թափանցումը հեշտոց: Խորհուրդ չի տրվում ցնցուղվել առանց բժշկի թույլտվության: Սեռ. օրգանները սրբելու համար հարկավոր է ունենալ առանձին սրբիչ, այն պետք է կանոնավոր լվանալ և եռացնել, չորացնելուց հետո արդուկել:

Ցնցուղվել պետք է շաբաթը գոնե 2 անգամ (ցանկալի է ամեն օր): Խորհուրդ չի տրվում լողանալ լոգարանում, քանի որ կեղտաջրի հետ սեռ. օրգաններ կարող են թափանցել հիվանդածին մանրէներ և առաջացնել վտանգավոր բարդություններ: Չի կարելի բաղնիքում շոգեհարվել, դա կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:

Ներքնաշորը և անկողնու սպիտակեղենը փոխում են շաբաթը 1 անգամից ոչ պակաս: Գիշերը հագնում են ավելի լայն և հարմար ննջազգեստ: Հղի կինը պետք է ունենա հարմարավետ, առանձին անկողին:

Հագուստը պետք է լինի լայն, հեշտ լվացվող: Ամուր գոտիները և գուլպաները պահող ռետինները, սեղմելով մակերեսային անոթները, դժվարացնում են արյան շրջանառությունը, իսկ դա կարող է հանգեցնել ստորին վերջույթների երակների լայնացման: Սկսած 5-րդ ամսից՝ խորհուրդ է տրվում բանդաժ կրել: Հղի կնոջ կոշիկը պետք է հարմար լինի (լայն, ցածր կրունկներով): Հարկավոր է գիտենալ, որ Հ-յան ժամանակ մարմնի ծանրության կենտրոնը, որովայնը մեծանալու հետևանքով, տեղափոխվում է առաջ, և բարձր կրունկներով դժվար է պահել հավասարակշռությունը:

Հ-յան ընթացքում կաթնագեղձերի խնամքը կանխում է ոչ միայն պտուկների ձևախախտումը, այլև ճաքերի առաջացումը և կաթնագեղձի բորբոքումը, հարկավոր է կաթնագեղձերը և պտուկներն ամեն օր լվանալ եռացրած գոլ ջրով և մանկ. օճառով, այնուհետև սրբել մաքուր, կոշտ սրբիչով: Կրծկալի մեջ կարելի է դնել կոպիտ քաթանի լաթեր, որոնց հետ շփվելիս պտուկի մաշկը կոպտանում է: Պտուկները կոփելու համար չի կարելի օգտագործել քսուքներ, սպիրտ, օդեկոլոն և այլ միջոցներ: Հարթ և ներս քաշված պտուկները պետք է մերսել Հ-յան վերջին 2 ամիսներին՝ օրը 2-3 անգամ (3-4 ր տևողությամբ): Դրա համար վազելինապատ ցուցամատով և բութ մատով անհրաժեշտ է բռնել պտուկը և ձգել այն:

Հ-յան ժամանակ կինն աշխատելուց հետո անպայման պետք է հանգստանա: Չի կարելի ծանրություն բարձրացնել, կտրուկ շարժումներ անել: Աշխատանքային օրենսդրության համաձայն՝ Հ-յան հաստատման պահից կինն ազատվում է ծանր աշխատանքից և գիշերային հերթափոխից, իսկ 4-րդ ամսից սկսած՝ նաև արտաժամյա աշխատանքից:

Հղի կնոջ համար շատ կարևոր է քունը. այն պետք է տևի 8 ժ-ից ոչ պակաս: Քնելուց առաջ նպատակահարմար է զբոսանքը: Հ-յան 1-ին օրերից սկսած՝ անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ գտնվել մաքուր օդում, հաճախակի օդափոխել բնակարանը: Մաքուր օդը բարերար է ազդում կնոջ ֆիզ. և հոգեկան վիճակի, ինչպես նաև պտղի զարգացման վրա: Վերջինս հատկապես զգայուն է թթվածնի անբավարարության հանդեպ: Առողջ հղի կանանց խորհուրդ է տրվում օդային և արևային լոգանքներ ընդունել, որը պետք է նշանակի բժիշկը՝ հաշվի առնելով նյարդային և սիրտանոթային համակարգերի վիճակը: Ծովում կամ գետում լողանալ