Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/413

Այս էջը հաստատված է

թույլատրվում է միայն Հ-յան բնականոն ընթացքի ժամանակ: Կլիմայական այլ գոտում բնակվող կնոջը չի թույլատրվում ծովափ մեկնել: Չի կարելի ծխել և ալկոհոլային խմիչք օգտագործել:

Հ-յան ժամանակ սեռ. կյանքը հարկավոր է սահմանափակել՝ հատկապես 1-ին 2-3 ամիսներին, երբ առավել հաճախ են լինում ինքնաբեր վիժումներ, և վերջին 2 ամսում՝ վարակումը կանխելու համար:

Նպատակահարմար սնունդը Հ-յան բարենպաստ ընթացքի և պտղի բնականոն զարգացման հիմն. պայմաններից է: Հատկապես Հ-յան վերջին ամիսներին չի կարելի մեծ քանակությամբ ճարպեր օգտագործել:

Առատ հացամթերքը և ճարպոտ սնունդը կարող են հանգեցնել պտղի ավելորդ քաշի (տես Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր), որը դժվարացնում է ծննդաբերության ընթացքը: Հղի կինը պետք է սնվի օրը 4 անգամ: Հաճախ Հ-յան սկզբում առաջանում են սրտխառնոց, ախորժակի խանգարումներ, երբեմն առավոտյան ժամերին լինում են փսխումներ: Եթե այդ երևույթներն ուժեղ չեն արտահայտված և չեն ազդում կնոջ աշխատունակության վրա, ապա բուժում և հատուկ սննդակարգ չի պահանջվում:

Հ-յան 2-րդ կեսին, երբ պտուղն արագորեն աճում է և ավելացնում կնոջ օրգանիզմի բեռնվածությունը, սնվել կարելի է ավելի հաճախ՝ օրը 5-6 անգամ: Գերադասելի է կաթնաբուս. սնունդ (կաթ, մածուն, կեֆիր, կաթնաշոռ, թթվասեր, կարագ, բանջարեղեն, կարտոֆիլ, մրգեր), միսը և ձուկը խորհուրդ է տրվում ուտել խաշած: Հ-յան ժամանակ աճում է վիտամինների հանդեպ օրգանիզմի պահանջը: A վիտամին են պարունակում լյարդը, կաթը, ձուն, կարագը, գազարը, սպանախը ևն, B վիտամին՝ լյարդը, երիկամները, ձավարեղենը, ընդեղենը, C վիտամին՝ բանջարեղենը և մրգերը, E վիտամին՝ եգիպտացորենը, լյարդը, ձուն, D վիտամին՝ լյարդը, ձկան խավիարը, կարագը: Ձմռանը և գարնանը, երբ միրգն ու բանջարեղենը քիչ են, բժիշկն օրաբաժնում ներառում է կնոջն անհրաժեշտ վիտամիններ պարունակող օշարակներ կամ դրաժեներ: Անհրաժեշտ է ավելացնել նաև կալցիումի աղեր պարունակող մթերքի (կաթ և կաթնամթերք) օգտագործումը: Աղի և կծու կերակրատեսակներ խորհուրդ չեն տրվում: Կերակրի աղի չափից ավելի օգտագործումը նպաստում է այտուցների առաջացմանը, ուստի Հ-յան վերջում դրա օրաբաժինը չպետք է գերազանցի 5 գ: Հ-յան վերջին 3 ամիսներին, հատկապես այտուցվելու հակման դեպքում, պետք է սահմանափակել հեղուկների ընդունումը, թույլատրվում է օրը 4 բաժակ՝ ներառյալ թեյը, կաթը, մրգաջուրը, ապուրները ևն: Այտուցների 1-ին ախտանշանների դեպքում (Հ-յան 2-րդ կեսին քաշի ավելացումը 1 շաբաթում 300 գ և ավելի) կինը պետք է դիմի մանկաբարձի, որը նշանակում է հեղուկների և կերակրի աղի քանակությունը սահմանափակող հատուկ սննդակարգ և դեղանյութեր:

Հղի կանայք սովորաբար տառապում են փորկապությամբ: Այդպիսի դեպքերում օգտակար է ուտել հում բանջարեղեն և մրգեր (սև սալոր, խնձոր, գազար), քնելուց առաջ՝ մածուն, թարմ թան:

Հ-յան ժամանակ անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել ֆիզկուլտուրայով: Վարժությունները հանձնարարում է բժիշկը կամ հատուկ պատրաստված մանկաբարձուհին: Մշակված են մարմնամարզ. վարժությունների հատուկ համալիրներ՝ Հ-յան ժամկետին և պտղի զարգացման առանձնահատկություններին համապատասխան: Վարժությունների ազդեցությամբ լավանում է հղի կանանց ախորժակը, հազվադեպ են լինում սրտխառնոց և փսխում, մշակվում է կանոնավոր շնչառություն, ամրապնդվում են որովայնի ճնշանի (պրես) և շեքի մկանները: Ֆիզկուլտուրայով զբաղվող կանանց ծննդաբերությունն ընթանում է արագ և դյուրին:

ՀՅՈՒԹԵՐ. սննդային ըմպելիքներ, որոնք ստացվում են թարմ մրգերից, հատապտուղներից և որոշ բանջարեղենից: Մեծ նշանակություն ունեն երեխաների և ստամոքսաղիքային, միզարտադրության համակարգերի, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների սննդի մեջ: Հ. պարունակում են 10-30% ածխաջրեր (կախված հյութի տեսակից և ավելացվող շաքարի քանակից), հանքային աղեր, վիտամիններ, օրգ. թթուներ, աղաղանյութեր, ֆերմենտներ ևն: Օգտագործվում են թարմ պատրաստած (բնական) և պահածոյած (պաստերացված) Հ.: Մանկ. և դիետիկ սնուցման համար Հ-ին ավելացվում է (բացի շաքարից) ասկորբինաթթու: Պտուղների սննդանյութերի պահպանման նպատակով պահածոյման ժամանակ ջերմային մշակումը պետք է հասցնել նվազագույնի:

Պատրաստում են պարզեցված և չպարզեցված (պտղամսով) Հ.: Առավել օգտակար են չպարզեցված Հ., քանի որ գրեթե ամբողջովին պահպանում են թարմ պտուղների համը, գույնը, բույրը և պարունակում են բոլոր սննդարար նյութերը: Նման Հ-ի ստացման համար պտուղները տրորում են, իսկ խյուսը՝ համասեռացնում, որի շնորհիվ դրանք հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից: Գործարանային մշակման դեպքում Հ-ում վիտամիններն ավելի լավ են պահպանվում, քան տնային պայմաններում պատրաստելիս: Պահածոյած Հ-ում վիտամիններն ավելի երկար են պահպանվում (տես աղ.):

Տարածված են նաև բանջարեղենի Հ.: Գազարի Հ-ի ստացման համար տրորած խյուսը խառնում են շաքարի օշարակի հետ և համասեռացնում: Ստացված հյութը պարունակում է կարոտին, օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի, ֆոսֆորի և երկաթի աղեր: Ըստ կալորիականության և յուրացվելիության՝ գազարի հյութը գերազանցում է բանջարեղենից ստացվող այլ Հ-ին առանձնապես օգտակար է երեխաների, հղի և կերակրող կանանց համար:

Լոլիկի հյութը պատրաստվում է լավ հասած պտուղներից: Այն պարունակում է բուս. սննդում առկա գրեթե բոլոր վիտամինները, բայց առավել հարուստ է կարոտինով և վիտամին C-ով, կան նաև շատ հանքային աղեր, շաքարներ և օրգ. թթուներ: Ունի հաճելի թարմացնող համ և ծարավը հագեցնող է:

Բազուկի հյութը հարուստ է շաքարով, հանքային և ազոտ. նյութերով: Բարձր սննդային արժեք և լավ համային հատկանիշներ ունեն արտադրվող խառնահյութերը (բաղկացած են 2 և ավելի տեսակի Հ-ից, օրինակ՝ խնձորի ու գազարի) և թանձր (խտացված) Հ.:

3-4 շաբաթական երեխաներին կարելի է նշանակել խնձորի հյութ, 1,5 ամսականից՝ բալի, սև հաղարջի, 2 ամսականից՝ սալորի, գազարի, ծիրանի, նռան, 3 ամսականից՝ նարնջի, կիտրոնի, մանդարինի, ելակի, լոլիկի, ազնվամորու Հ.: Մարսողության խանգարումներից խուսափելու համար 1-ին օրը պետք է տալ 2-3, 2-րդ օրը՝ 5-6 կաթիլ և աստիճանաբար ավելացնել: Մինչև 6 ամսականը խորհուրդ է տրվում օրական տալ ոչ ավելի, քան 50 մլ, իսկ մինչև 1 տարին՝ հասցնել 100 մլ: Երեխաներին Հ. պետք է տալ ուտելուց հետո (ախորժակը չվատացնելու համար): Ելակի և ցիտրուսների Հ. պետք է տալ շատ զգուշորեն, քանի որ կարող են առաջացնել նախատրամադրվածություն որոշ հիվանդությունների հանդեպ (տես Բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածություն): Մրգային Հ-ից շատ արագ և հեշտ կարելի է պատրաստել կիսել, դոնդող ևն:

Հ. կիրառվում են նաև հասուն մարդկանց բուժ. սննդում: Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի