Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/416

Այս էջը հաստատված է

հետո, ուսումնասիրվել են գանգուղեղային վնասվածքների հետևանքները (Ս. Դավթյան), երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները (Վ. Հովհաննիսյան), ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ հանդիպող հոգեկան խանգարումները:

ՀՀ-ում աշխատանքներ են կատարվել նաև Հ-յան պատմության և հոգեկան հիվանդությունների կլինիկավիճակագր. ուսումնասիրության, ինչպես նաև շիզոֆրենիայի բնագավառներում: Ուսումնասիրվել են անձի և գիտակցության, շիզոֆրենիայի հիմնախնդիրները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել այդ հիվանդության վաղաժամ դրսևորումները և նրա նևրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքերում առաջացած արատի կառուցվածքի և փոխհատուցման մեխանիզմի հարցեր (Մ. Մելիք-Փաշայան): Ուսումնասիրվել են հաշիշամոլության և հաշիշային պսիխոզների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային ատիպիկ և խառը պսիխոզների կլինիկան: Աշխատանքներ են կատարվել հատկապես էպիլեպսիայի ուսումնասիրության բնագավառում: Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկ., էլեկտրաֆիզիոլոգ. (էլեկտրաուղեղագր.) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկագենետիկ. խորհրդատվությունների և այլ բնագավառներում:

Ուսումնասիրվել են Հ-յան որոշ հարցեր, փորձարկվել են նորաստեղծ հոգեխթանիչ (պսիխոլեպտիկ) դեղանյութեր: Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբան. առանձին հարցերի ուսումնասիրման բնագավառներում: Կատարվում են նաև ՀՀ-ում ալկոհոլամոլության և թմրամոլության տարածվածության համաճարակաբան. բազմակողմանի հետազոտություններ:

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, տես Հոգեկան հիվանդություններ:

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐ, անձինք, ում մոտ, գլխուղեղի գործունեության խանգարումների հետ կապված, խանգարվում է շրջապատող աշխարհի ճիշտ ընկալումն ու գիտակցումը, և փոխվում է վարքագիծը: Հոգեկան հիվանդությունները հանգեցնում են շրջապատող միջավայրի պայմանների հանդեպ հիվանդի հարմարվողականության մասնակի կամ լրիվ կորստի:

Հ.հ. շատ բանով տարբերվում են մյուս հիվանդներից: Հիվանդանոցում գտնվելու ժամկետը, որպես կանոն, ավելի երկարատև է: Հ.հ մեծ մասի համար զբաղվածության ռեժիմը (տես Աշխատանքային բուժում) անհրաժեշտություն է: Շատ Հ.հ. կատարում են այնպիսի գործողություններ, որոնք վտանգավոր են հենց իրենց կամ շրջապատի համար: Բավականին թվով Հ.հ. համառորեն և բացահայտորեն հրաժարվում են նշանակված բուժումից կամ դիմում են տարբեր խորամանկությունների:

Հ.հ. պահանջում են ավելի մանրակրկիտ խնամք և ավելի ուշադիր վերաբերմունք, քանի որ շատ հաճախ նրանք չեն կարող իրենց սպասարկել և հիմնականում լինում են թափթփված: Ուստի նրանցից շատերը կարիք ունեն մշտ. հիգիենային խնամքի, պառկած հիվանդները պահանջում են պարբերաբար զննումներ՝ պառկելախոցերից խուսափելու նպատակով: Անհրաժեշտ է հետևել անկողնու մաքրությանը: Եթե հիվանդը մաքրասեր չէ, նրան պետք է ամեն օր լվացվեցնել, չորացնել, փոխել ներքնաշորն ու անկողնու սպիտակեղենը (տես Հիվանդի խնամքը):

Շատ կարևոր է հետևել աղիքների, միզապարկի գործունեությանը, քանի որ Հ.հ. հաճախ տառապում են փորկապությամբ, նկատվում են անմիզապահության կամ միզակապության երևույթներ: Ընդարմացման (ստուպոր) վիճակում գտնվող կամ խիստ թուլացած հիվանդները կարիք ունեն հարկադրական կամ արհեստ. կերակրման: Մեծ նշանակություն ունի Հ.հ-ի մշտ. հսկողությունը, քանի որ նրանք փախուստի, ինքնավնասման և ինքնասպանության հակում ունեն:

Հ.հ-ի համար ստեղծված է հոգեբուժ. օգնության հատուկ համակարգ: Այն բաղկացած է 2 հիմն. օղակներից՝ արտահիվանդանոցային հոգեբուժ. հիմնարկ (դիսպանսեր) և հոգեբուժ. հիվանդանոց: Բացի այդ, հոգեբուժ. համակարգի մեջ մտնում են նյարդահոգեկան հիվանդություններով տառապող երեխաների համար նախատեսված պոլիկլինիկ. բաժանմունքը և հիվանդանոցը, մասնագիտացված առողջարանները, ներքին հիվանդությունների հիվանդանոցում գործող հոգեբուժ. բաժանմունքը, հաշմանդամ Հ.հ-ի գիշերօթիկները:

Ստեղծված է Հ.հ. վերականգնման (ռեաբիլիտացիա) համակարգ: Վերականգնումն իրականացվում է առողջապ., սոցապ., կրթ. և գիտ. նախարարությունների մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների ղեկավարների միջոցով (արհմ. կազմակերպությունների հետ մեկտեղ), որոնց պարտավորեցվում է հաշմանդամների, մասնավորապես Հ.հ-ի համար աշխատանքի պայմանների ստեղծում: Հ.հ-ի վերականգնման նպատակը հասարակության մեջ կյանքի հանդեպ առավել հարմարվողականության ապահովումն է: Հոգեհակ դեղանյութերի միջոցով Հ.հ-ի վերականգնման մակարդակը բավականին բարձրացել է:

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հոգեկան խանգարումներ, մարդու հոգեկան գործունեության խանգարումներ, որոնք, անկախ բնույթից, միշտ պայմանավորված են գլխուղեղի աշխատանքով: Սակայն ոչ բոլոր խանգարումներն են հանգեցնում Հ.հ: Օրինակ՝ հայտնի է, որ նյարդային մի շարք հիվանդությունների ժամանակ, չնայած ախտահարող գործընթացը տեղադրված է գլխուղեղում, հոգեկան հիվանդություն կարող է և չառաջանալ:

Հ.հ-ի ժամանակ առավելապես խանգարվում է իրականության համապատասխան արտացոլումը, որով և դրանք տարբերվում են ներքին օրգանների հիվանդություններից: Այսպիսով, եթե մարդը չգիտի սովոր. իրադրությունը, այն ընդունում է այլ ձևով, շրջապատող մարդկանց ընդունում է որպես չարամիտ և թշնամի, եթե այդ մարդն իրական ընկալման հետ մեկտեղ գտնվում է տեսող. և լսող. զգայախաբությունների (հալյուցինացիաներ) ազդեցության տակ, եթե նրան համակում է չպատճառաբանված վախը կամ անզուսպ ուրախությունը, ապա առկա են իրական աշխարհի աղավաղումները և դրան համապատասխան ոչ ճիշտ վարքագիծը (երևակայական թշնամիներից փախուստը, երևակայական հակառակորդի վրա ագրեսիվ հարձակումը, ինքնասպանության փորձերը ևն): Սրանք արտահայտված Հ.հ. օրինակներ են, երբ խանգարված է հիվանդի շրջապատում և հենց իր հետ կատարվածը ճիշտ գնահատելու ունակությունը:

Հ.հ. բազմազան են իրենց ձևերով և արտահայտվածության աստիճանով: Այնպիսի դեպքերի հետ մեկտեղ, երբ հոգեկան հիվանդը չի գիտակցում իր հիվանդությունը, կարող են լինել նաև այլ տարատեսակներ. ինքնաքննադատությունը բացակայում է մասամբ, կամ նկատվում է երկակի (հակասական) վերաբերմունք իր տառապանքի նկատմամբ («ես հիվանդ