հեղուկի քանակն ու հոսքի արագությունը, այնքան ուժեղ է Հ-ի մեխ. ազդեցությունը: Հասուն մարդու Հ-ի համար պահանջվում է միջին հաշվով 1 լ մաքուր տաք ջուր (25-35° C): Եթե հարկավոր է առաջացնել հաստ աղիքի ավելի ուժեղ գրգռում, ապա օգտագործում են ավելի ցածր ջերմաստիճանի (20-12° C) ջուր: Հեղուկով լցված ռետինե անոթը տեղավորում են 1-1,5 մ բարձր: Ջրի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով նրա մեջ լուծում են 1 ճաշի գդալ մանրացրած օճառ, 2-3 ճաշի գդալ գլիցերին կամ բուս. յուղ: Էսմարխի բաժակի մեջ լցնում են նախատեսված բաղադրության ու ջերմաստիճանի ջուր, ծորակը բացելիս ջուրը լցվում է ռետինե խողովակ և դուրս մղում այնտեղ եղած օդը: Այնուհետև ծորակը փակում են և անոթը կախում մահճակալից բարձր: Ծայրադիրին քսում են վազելին կամ գլիցերին: Հիվանդին պառկեցնում են մահճակալի եզրին՝ ձախ կողքի, ծնկները ծալած և որովայնին մոտեցրած: Հիվանդի տակ մոմլաթ են փռում, որի ծայրը կախում են թասի մեջ: Հ. կարելի է կատարել նաև մեջքի վրա պառկած վիճակում (եթե հիվանդին հակացուցված է շարժվել)՝ տակը պետքանոթ դնելով:
Մի ձեռքի 1-ին և 2-րդ մատներով միմյանցից հեռացնում են հետույքի մկանները, իսկ մյուս ձեռքով՝ պտտական շարժումներով ծայրադիրը (10-12 սմ) դնում ուղիղ աղիքի մեջ, ապա բացում ծորակը: Եթե ջուրը չի լցվում աղիքի մեջ, հարկավոր է ծայրադիրը մի քիչ շարժել և անոթը վերև բարձրացնելով՝ մեծացնել ջրի ճնշումը: Չօգնելու դեպքում, ծայրադիրը պետք է հանել և լվանալ, ապա կրկնել արարողությունը: Ջուրը ներարկելուց հետո հիվանդը պետք է կղումը զսպի 5-10 ր:
Երեխաներին մաքրող Հ. են անում տաք (28-30°C) ջրով, որի քանակը կախված է երեխայի տարիքից: Մինչև 1 ամսական նորածիններին ներարկում են 30 մլ հեղուկ, 1-3 ամսականներին՝ 60, 3-6 ամսականներին՝ 90, 6-9 ամսականներին՝ 120-150, 9-12 ամսականներին՝ 180, 1-2 տարեկաններին՝ 200, 2-5 տարեկաններին՝ 300, 6-9 տարեկաններին՝ 400, 10-14 տարեկաններին՝ 500: Մինչև 5 տարեկան երեխաներին հեղուկը ներարկում են նախապես եռացրած ցնցուղիչով: Օգտագործելուց առաջ ծայրադիրին քսում են վազելին, որպեսզի չվնասվի ուղիղ աղիքի լորձաթաղանթը: Հեղուկը ներարկում են դանդաղ, առանց ուժեղ ճնշման:
Երեխաներին Հ. արգելվում է կատարել առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու, քանի որ երեխան դրան շատ արագ է ընտելանում, իսկ մշտապես այն կատարելը վնասակար է:
Յուղային Հ-ի համար օգտագործում են բուս. յուղեր, որոնք ներարկում են ուղիղ աղիք՝ 200 մլ (երեխաներին՝ 30-50 մլ): Այս Հ. կատարում են ցնցուղիչով՝ երեկոյան, որպեսզի աղիքը դատարկվի առավոտյան:
Հիպերտոնիկ Հ-ի համար օգտագործում են նատրիումի քլորիդի 10 %-անոց կամ մագնեզիումի սուլֆատի 20-30 %-անոց 50-100 մլ լուծույթ: Հիվանդը պետք է կղումը զսպի 20-30 ր:
Սիֆոնային Հ. առավել արդյունավետ է: Նրա ընդհանուր տարողությունը 10-12 լ է: Օգտագործվում է մաքուր տաք ջուր (25-35°C): Այն կատարում են 1 լ և ավելի տարողությամբ ձագարի օգնությամբ, որին միացած է 1 սմ տրամագծով և 1,5 մ երկար. ռետինե խողովակ: Աղիքների լվացումը հիմնված է հաղորդակից անոթների կամ սիֆոնի սկզբունքի վրա և կատարվում է 10 և ավելի անգամ՝ ամեն անգամ ջուրը փոխելով (մինչև ջուրը թափանցիկ դառնա):
Դեղորայքային Հ. կիրառում են աղիքների լորձաթաղանթի վրա դեղանյութերի անմիջական ազդեցության և աղիքներում ներծծվող պատրաստուկների ներմուծման նպատակով: Առավել հաճախ կիրառվում է երեխաների համար: Դեղանյութերն ավելի լավ ներծծվում են 100 մլ և ավելի պակաս տարողության դեպքում (միկրոհոգնա): Դեղորայքային Հ-ից 15 ր առաջ հարկավոր է կատարել մաքրող Հ.:
Սնուցող Հ. արհեստական սնուցման տեսակներից է: Այն կիրառում են հեղուկների, նատրիումի քլորիդի և քիչ քանակությամբ սննդանյութերի նկատմամբ օրգանիզմի պահանջը լրացնելու նպատակով: Օգտագործում են նատրիումի քլորիդի (իգոտոնիկ), խաղողաշաքարի (5 %-անոց), ամինաթթուների լուծույթներ: Դրան պարտադիր նախորդում է մաքրող Հ.:
Սնուցող Հ., որպես կանոն, կատարում են բուժհիմնարկում: Սնուցող Հ-ի նշանակման դեպքում հարկավոր է հետևել, որ լուծույթը աղիքներ լցվի կաթիլներով և չսառի:
Սիֆոնային, դեղորայքային և սնուցող Հ-ները կատարում է միայն բուժաշխատողը:
ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի ֆիզիոլոգ. վիճակ, որն առաջանում է չափից ավելի ակտիվ գործունեության հետևանքով և դրսևորվում է աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ, ֆիզ. և նյարդային հակազդեցությունների որոշակի փոփոխություններով: Հաճախ որպես Հ-յան հոմանիշ օգտագործվում է «հոգնել» տերմինը, թեպետ դրանք նույն նշանակությունը չունեն: Հոգնելը սուբյեկտիվ զգացում է, որն արտահայտում է Հ., չնայած այն կարող է առաջանալ նաև առանց նախորդող ծանրաբեռնվածության, այսինքն՝ առանց իրական Հ-յան: Հ. կարող է դրսևորվել ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզ. աշխատանքի ժամանակ: Մտավոր Հ. բնորոշվում է մտավոր աշխատանքի արդյունավետության նվազումով, ուշադրության թուլացմամբ (հիմնականում կենտրոնացման դժվարությամբ), մտածողության դանդաղումով: Ֆիզ. Հ. դրսևորվում է մկանների ֆունկցիայի խանգարումով, շարժումների ուժի, արագության, ճշգրտության, համաձայնեցվածության և ռիթմիկության նվազումով:
Աշխատունակությունը կարող է նվազել ոչ միայն կատարած աշխատանքի հետևանքով, այլև հիվանդության կամ աշխատանքի անսովոր պայմանների (աղմուկ, շնչվող օդում թթվածնի մասնական ճնշման նվազում) պատճառով: Այդ դեպքերում աշխատունակության անկումն օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի խանգարման հետևանք է:
Հ-յան արագությունը պայմանավորված է աշխատանքի առանձնահատկություններով. այն զգալիորեն ավելի արագ է վրա հասնում միևնույն դիրքում աշխատելու, սահմանափակ խումբ մկանների լարվածության դեպքում: Ավելի պակաս հոգնեցնող են ռիթմիկ շարժումները: Կարևոր նշանակություն ունի նաև մարդու վերաբերմունքը կատարված աշխատանքի նկատմամբ: Հայտնի է, որ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ աշխատելիս ավելի ուշ են հոգնում: Սովորաբար, երբ անհրաժեշտ է լինում շարունակել լարված աշխատանքը Հ-յան դեպքում, մարդը ծախսում է լրացուցիչ ուժեր և էներգիա, փոխվում են օրգանիզմի առանձին ֆունկցիաների ցուցանիշները (օրինակ՝ ֆիզ. աշխատանքի ժամանակ հաճախանում են շնչառությունը և սրտխփոցը, առաջանում են դեմքի գերարյունություն, առատ քրտնարտադրություն ևն): Միաժամանակ ընկնում է աշխատանքի արդյունավետությունը, իսկ Հ-յան նշաններն ուժեղանում են:
Աշխատելիս հոգնած մարդը կարող է թույլ տալ սկզբում ոչ մեծ, այնուհետև՝ լուրջ սխալներ: Եթե մինչև Հ. աշխատանքը կատարվում էր, օրինակ, միայն մատներով, ապա հոգնելիս աշխատանքի մեջ են ընդգրկվում նախ ամբողջ ձեռքը, հետո՝ իրանի մկանները:
Ժամանակի առումով անբավարար հանգիստը կամ չափից ավելի աշխատանքային բեռնվածությունը երկարատև