Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/422

Այս էջը հաստատված է

Առաջին օգնությունը. անշարժացումը հնարավոր է միայն մետաղալարերով բեկակալներով, որոնք կարելի է ծռել և վիրակապով փաթաթել՝ առանց վերջույթի դիրքը փոխելու: Դրանց բացակայության դեպքում հոդախախտված ազդրոսկրը (եթե դիրքը առբերված է) մոտեցնում են առողջին, կապում և պատգարակով (մեջքի վրա պառկած) տեղափոխում բուժհիմնարկ: Եթե հոդախախտված ազդրոսկրը զատված է, հարկավոր է անշարժացումից խուսափել և տեղափոխել կոշտ պատգարակով: Ցավերը մեղմելու նպատակով տալ ցավը հանգստացնող դեղանյութեր:

Ցուրտ եղանակին խոշոր հոդերի Հ-ով տուժածներին տեղափոխելիս անհրաժեշտ է հոգ տանել վերջույթը տաքացնելու մասին, քանի որ դրա արյունամատակարարումը կարող է խանգարված լինել (հատկապես նախաբազկի Հ-ման դեպքում), որը հանգեցնում է վերջույթի սառեցմանը:

Ստորին ծնոտի Հ. կարող է լինել միա- կամ երկկողմանի: Առաջանում է բերանը չափից ավելի բացելիս (հորանջելիս, սննդի մեծ պատառն ատամներով պոկելիս): Բերանը լայն բացած ժամանակ Հ. կարող է առաջանալ ստորին ծնոտին նույնիսկ թեթևակի հարվածելիս: Ստորին ծնոտի երկկողմանի Հ-ման ախտանշաններն են լայն բացված բերանը, ծնոտի առաջ ցցվելը, խոսքի և կլման ակտի դժվարացումը: Միակողմանի Հ-ման դեպքում բերանը կիսաբաց է և ծռված:

Առաջին օգնությունը, անհրաժեշտ է տուժածի բերանը փակել վիրակապով կամ թաշկինակով, որպեսզի վերին շնչուղիներն օտար մարմիններ չընկնեն և անհապաղ տեղափոխել հիվանդանոց:

Սովորութային Հ., միևնույն հոդի կանոնավոր կրկնվող Հ-ներն են: Պատճառներն 1-ին վնասվածքային Հ-ման բուժման ժամանակ թույլ տրված սխալներն են (հոդախախտված ոսկրերի ոչ հմուտ ուղղումը, անբավարար անշարժացումը, ժամանակից շուտ սկսած շարժումները), ինչպես նաև բժշկին ուշ դիմելը, երբ Հ. ուղղվել է դժվարությամբ:

Հոդակապանների նշանակալի ախտահարմամբ ուղեկցվող Հ. սովորութային կարող է դառնալ նույնիսկ ճիշտ բուժումից հետո: Ուստի 1-ին Հ-ից հետո առաջանում է հոդակապանային ապարատի անբավարարություն, որի հետևանքով նույնիսկ ամենաչնչին պատճառներից այն կրկնվում է: Այսպես՝ առավել հաճախ հանդիպող նախպբազկի սովորութային Հ. կրկնվում է ծանրություն բարձրացնելիս կամ ծայրանդամի թեթևակի շարժում կատարելիս: Հազվադեպ լինում են նաև ձեռքի բութ մատի, ավելի սակավ՝ ստորին ծնոտի սովորութային Հ-ներ:

Սովորութային Հ-ման դեպքում առաջին օգնությունը նույնն է, ինչպես վնասվածքայինինը մատների սովորութային Հ. երբեմն կարող է ուղղել ինքը՝ հիվանդը: Հաճախակի կրկնությունները (հատկապես բազկոսկրի Հ-ման) տանջալից են հիվանդների համար: Բուժումը վիրահատական է, նպատակը հոդի կապանային ապարատի վերականգնումն է:

Ախտաբանական Հ.: Առաջանում է ոսկրերի հոդային ծայրերի կամ հոդապարկի քայքայմամբ ուղեկցվող տարբեր հիվանդությունների (հիմնականում տուբերկուլոզ) ժամանակ և առավել հաճախ բնորոշ է ազդրոսկրին: Առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի դեպքում: Բուժումը՝ հիմն. հիվանդությունների վերացում, որը, որպես կանոն, վիրահատական է:

ՀՈԴԱԽՏ, արթրոզ, հոդերի քրոնիկ. հիվանդություն: Առաջանում է հոդի երկարատև վնասման, ներզատիչ համակարգի, նյութափոխանակության խանգարումների, ավելցուկային քաշի հետևանքով:

Հ. առաջանում է նաև հոդաճառի քրոնիկ. վնասման դեպքում՝հոդերի վրա մշտ. ֆիզ չափից ավելի բեռնվածության հետևանքով (օրինակ՝ պարողների, մեքենագրուհիների, մարզիկների մոտ): Ոտնաթաթի Հ-ի պատճառ կարող է դառնալ նեղ կոշիկ կրելը:

Ախտահարվում են ինչպես խոշոր (ծնկային, կոնքազդրային, սրունքաթաթային, արմնկային), այնպես էլ մանր, այդ թվում՝ ողնաշարի (սպոնդիլոարթրոզ) հոդերը: Գործընթացի մեջ են ընդգրկվում ոսկրերը միացնող հոդամակերեսները ծածկող աճառը, որն աստիճանաբար քայքայվում է ու բարակում, ինչպես նաև ոսկրային հյուսվածքը և հոդի ներքին մակերևույթը (ձուսպաթաղանթ): Երբեմն հոդի մակերևույթին գոյանում են փշաձև ոսկրային գերաճումներ:

Հիվանդությունն սկսվում է ֆիզ. ծանրաբեռնվածությունից հետո՝ հոդերի ոչ սուր և ոչ մշտ. ցավերով, որոնք անհետանում են հանգստի ժամանակ: Այնուհետև ցավերն առաջանում են նույնիսկ չնչին բեռնվածության դեպքում և աստիճանաբար դառնում մշտական: Հոդերը կարող են ուռչել (ձուսպաթաղանթի վնասվածք՝ ոսկրային գերաճումներով), շոշափելիս ցավոտ են, ծալումը և տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաև հոդի ձևախախտում: Առավել հաճախ հաստանում և ձևախախտվում են ձեռքի միջֆալանգային, հարեղունգային, ոտքի մեծ մատների հոդերը:

Ողնաշարի Հ-ի ժամանակ առաջանում են նյարդարմատային ցավեր, որոնք պայմանավորված են ոսկրային գերաճումներով նյարդարմատների վնասմամբ: Նման ցավեր կարող են առաջանալ ողնաշարի ցանկացած բաժնի ախտահարման ժամանակ և տեղայնացվել ինչպես տվյալ, այնպես էլ մարմնի այլ հատվածներում (ցավեր ծոծրակում, կրծքավանդակում, վերջույթներում): Կարող են ցավոտ կետեր ի հայտ գալ նաև սրտի շրջանում, որովայնում:

Բուժումը կախված է ախտահարված հոդից և հիվանդության շրջանից, նպատակն է օրգանիզմում բնականոնացնել նյութափոխանակությունը, վերացնել ծանրաբեռնվածությունը ախտահարված հոդի շրջանում: Մի շարք դեպքերում դիմել վիրաբուժ. միջամտության: Անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից:

ՀՈԴԱՅԻՆ ՄԱՀԻԿՆԵՐ (ծնկահոդի մահիկներ), կիսալուսնաձև զույգ աճառներ (յուրաքանչյուր հոդում՝ 2-ական), որոնք տեղադրված են ազդրոսկրի և ոլոքի հոդային մակերևույթների միջև: Հ.մ. իրենց հաստացած արտաքին եզրերով ամրանում են հոդաշապկին, իսկ ներքին ազատ և բարակ եզրերով դարձած են դեպի հոդի խոռոչը: Հ.մ-ի ֆիզիոլոգ. դերը ոսկրերի հոդամակերեսների միջև շփվող մակերևույթի մեծացումն է, որն ստեղծում է մեծ կայունություն հոդում: Բացի այդ, դրանք հարվածամեղմիչի դեր են կատարում՝ քայլելիս, թռիչքների ժամանակ մեղմելով ցնցումներն ու հարվածները:

Մարզիկների, պատանիների և հասուն մարդկանց մոտ հաճախ Հ. մ. պատռվում են (երեխաների և 40-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ՝ հազվադեպ), որի դեպքում հիմնականում վնասվում է միջային