խանգարումները կարևոր նշանակութւուն ունեն նյարդային համակարգի, ներքին օրգանների, շարժող. ապարատի (մկաններ, հոդեր), մաշկի շատ հիվանդությունների առաջացման գործում: Ուստի հորմոնային պատրաստուկները շատ հիվանդությունների համալիր բուժման կարևոր տարր են:
Սակայն չի թույլատրվում նշված պատրաստուկներով ինքնաբուժում: Առանց բժշկի հսկողության օրգանիզմը Հ-ով ծանրաբեռնելը կարող է ծանր բարդությունների հանգեցնել: Տես նաև Ներզատիչ համակարգ:
ՀՍԿԱՅՈՒԹՅՈՒՆ, գիգանտիզմ, մարդու աճի ախտաբան. ուժեղացում՝ պայմանավորված հիպոֆիզի առաջային բլթում աճման հորմոնի ավելցուկային արտադրությամբ: Հ-յամբ տառապողների ծնողների աճի գործընթացները, որպես կանոն, բնականոն են: Հ. առավել հաճախ բնորոշ է տղամարդկանց, ի հայտ է գալիս 9-10 տարեկանում կամ սեռ. հասունացման շրջանում և շարունակվում ֆիզիոլոգ. աճի ամբողջ շրջանում: Այդպիսի անձինք առանձնանում են թույլ առողջությամբ. գանգատվում են գլխացավերից, ընդհանուր թուլությունից, արագ հոգնելիությունից, ծայրանդամների ցավերից: Մկանային ուժը սկզբում կարող է բարձրանալ, այնուհետև՝ կտրուկ իջնել: Վատանում է հիշողությունը, տուժում հոգեկանը, խանգարվում սեռ. ֆունկցիան: Հնարավոր են նաև այլ հորմոնային խանարումներ (վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի փոփոխություններ): Հսկաներն արտաքնապես աչքի են ընկնում անհամաչափ մարմնակազմվածքով, ծայրանդամների (հատկապես՝ ոտքերի) երկարությամբ, գլուխն անսովոր փոքր է թվում:
Բուժման ժամանակակից մեթոդները, զուգորդված հորմոնային պատրաստուկների և ռենտգենաբանության հետ, որոշ դեպքերում դրական արդյունք են տալիս:
Եթե երեխան հասակակիցներից հասակի բարձրությամբ խիստ տարբերվում է, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, սննդամթերքի խումբ. աչքի է ընկնում շաքարի մեծ պարունակությամբ, բարձր կալորիականությամբ և յուրացվելիությամբ: Ըստ հիմն. հումքի՝ Հ. լինում է շաքարային (կարամել, կոնֆետներ, շոկոլադ, հալվա ևն) և ալյուրային (թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, տորթեր, կեքս ևն): Հ-ի պատրաստման համար որպես հումք օգտագործում են շաքար, մաթ, կակաո, մրգեր, հատապտուղներ, ալյուր, կաթ, կարագ և ճարպեր, ընկույզ, որոշ հավելանյութեր՝ սննդային թթուներ, ներկանյութեր, բուրավետ նյութեր, էսենցիաներ:
Դյուրամարս ցածրամոլեկուլային ածխաջրերի զգալի պարունակությունը, բարձր համային հատկանիշները և էներգիական արժեքը պայմանավորում են տարբեր Հ-ի լայն օգտագործումը սննդի մեջ (այդ թվում՝ մանկ.): Սակայն Հ-ի շատ օգտագործման դեպքում կարող է առաջանալ ավելորդ քաշ և ճարպակալում: Անբավարար ֆիզ. ծանրաբեռնվածության և քիչ շարժուն կենսակերպի դեպքում տարեց, ինչպես նաև աթերոսկլերոզով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն Հ-ի օգտագործումը: Լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ներզատիչ գեղձերի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի և հաստ աղիքի բորբոքումների, շաքարախտի դեպքերում, որոնք ուղեկցվում են ճարպային փոխանակության խանգարումներով, խորհուրդ է տրվում սննդի օրաբաժնից հանել Հ. (հատկապես՝ խմորիչով և կրեմով): Շաքարախտով հիվանդների համար նախատեսված Հ-ի շաքարը փոխարինվում է արհեստ. քաղցր նյութերով (քսիլիտ, սորբիտ):
Հ-ում վիտամիններ քիչ կան, բայց ավելացնելիս լավ են պահպանվում: Ուստի Հ-ի շատ տեսակներ (հիմնականում երեխաների համար նախատեսված) վիտամինացնում են՝ ավելացնելով մասուր, սև հաղարջ, գազարի հյութ, վիտամինային պատրաստուկներ, ինչպես նաև հարստացնում են հեմատոգենով (արյունաստեղծ), խաղողաշաքարով և այլ նյութերով:
Քիչ խոնավության և շաքարի բարձր պարունակության շնորհիվ Հ. արագ չի փչանում, մինչդեռ տորթերը և կրեմով պատրաստված մյուս խմորեղենները սառնարանում (5° C պայմաններում) կարելի է պահել մինչև 6 ժ, սերուցքային կրեմովը նույն ջերմաստիճանում՝ 36 ժ-ից ոչ ավելի: Սննդի մեջ անորակ Հ-ի օգտագործումից կարող են առաջանալ թունավորումներ (տես նաև Սննդային թունավարակում):
ՀՈՒՅՑԵՐ (էմոցիաներ), շրջապատող իրականության և իր վիճակի ու արարքների նկատմամբ մարդու ենթակայական (սուբյեկտիվ) վերաբերմունքի դրսևորումներից: Ուրախության, վշտի, վախի, զայրույթի, կարեկցանքի, գթության, խանդի, անտարբերության, անգթության, սիրո, երկրպագման և այլ զգացմունքները պայմանավորում են Հ-ի տարբեր տեսակներն ու երանգները: Ընդունված է Հ-ի 3 տեսակ, որոնք արտահայտում են բավականություն (հաճելի զգացմունքներ), անբավականություն (տհաճ զգացմունքներ) և անտարբերություն (չեզոք զգացմունքներ): Բայց, իհարկե, առօրյայում Հ. հանդիպում են բարդ զուգորդումներում, և որևէ առաջատար տարր առանձնացնելն անհնար է. դրանք խառը կամ բարդ Հ. են:
Հ-ի շարքն է դասվում նաև տրամադրությունը: Դա համեմատաբար կայուն զգայական ֆոն է, որը, որպես կանոն, արտացոլում է մարդու ֆիզ. և սոցիալ. բարեկեցությունը, այս կամ այն գործունեության հանդեպ տրամադրվածությունը:
Եթե մենք առողջ ենք և տանն ու աշխատավայրում ամեն ինչ բարեհաջող է, ապա մեզ տիրում են լավ ինքնազգացողությունը, առույգությունը և ինչ-որ լավ բան կատարելու ցանկությունը: Եվ հակառակը, որևէ հիվանդության ժամանակ տրամադրությունը մերթ ընդ մերթ ընկնում է, մարդը գանգատվում է վատ ինքնազգացողությունից, դառնում անտանելի գրգռված: Տրամադրության այդպիսի տեղաշարժը հնարավոր է նաև «անհաջողության դաշտում», օրինակ՝ ծառայողական տարաձայնության, ընտանեկան գժտությունների ժամանակ: Հ. անվանում են մարդու վարքագծի կարգավորիչ, օրինակ՝ հետաքրքիր որևէ բան բավականություն է առաջացնում, նպաստում ուժերի վերականգնմանը, վերացնում հոգնածությունը: Հայտնի է, թե որքան կարևոր է անհաջողության մեջ հայտնված մարդուն կարեկցանքի խոսք ասելը, քաջալերելը, այսինքն՝ ցանկացած հաջողության