ամբողջություն: Առաջանում է կոկորդում: Թոքերից արտաշնչվող օդի շիթը, անցնելով ձայնալարերի միջով, առաջացնում է դրանց տատանումներ: Ստացված թույլ Ձ. ուժեղանում է, այսպես կոչված, վերին ռեզոնատորով (բերանի, ըմպանի, քթի և հավելյալ ծոցերի խոռոչներով) և ձեռք է բերում անհատ. ձայներանգ: Կախված արտաշնչվող շիթի ճնշումից, ձայնալարերի դիմադրությունից և տատանումների ամպլիտուդից՝ Ձ. կարող է լինել ուժեղ կամ թույլ: Ձ-ային ալիքների երկարությունն ու հաճախությունը պայմանավորում են Ձ-ի բարձրությունը:
Առողջ մարդու Ձ. հնչում է թեթև և ազատ, իսկ փոփոխությունը կարող է պատճառ լինել տարբեր օրգանների, ամենից առաջ կոկորդի (տես Շնչառական համակարգ) հիվանդությունների: Անձայնությունը (աֆոնիա), ինչպես նաև խռպոտ Ձ. սովորաբար պայմանավորված են ձայնալարերի բորբոքային փոփոխություններով, ինչպես նաև կոկորդի լուծանքով, երբ 1 կապանը մնում է անշարժ: Ռնգախոսությունն առաջանում է քթամպանի կամ քթի հիվանդությունների հետևանքով: Ձ-ի խանգարումները կարող են կապված լինել նաև անոթային համակարգի, բրոնխների, կենտր. նյարդային համակարգի և որոշ վարակիչ հիվանդությունների հետ: Առավել հաճախ Ձ-ի խանգարումներն առաջանում են գերսառեցման, անգինայի, վերին շնչուղիների բորբոքումների, կոկորդաբորբի, շնչափողաբորբի, բրոնխաբորբի պատճառով:
Ձ-ի փոփոխության պատճառներից է ձայնալարերի գերլարումը: Ձ-ային ապարատի մշտ. գերլարման հետևանքով կարող են առաջանալ մի շարք խանգարումներ՝ ձայնալարի վրա հանգույցների, պոլիպների, թելքուռուցքների, արյունազեղումների առաջացում, լուծանքներ, կիսալուծանքներ ևն:
Ձ-ի «որակի» վրա ազդում են նաև ծխելը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը: Գրգռելով լորձաթաղանթը՝ ալկոհոլն ու ծխախոտի ծուխը կարող են առաջացնել կոկորդի չորություն, վերին շնչուղիների բորբոքում: Ձ. աղավաղվում է հնչյունների ոչ հստակ արտաբերումից՝ ատամների բացակայության կամ անհաջող ատամնապրոթեզների պատճառով: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել ստոմատոլոգին:
Ձ. հաղորդակցման եզակի միջոց է, իսկ դասախոսի, դերասանի, մանկավարժի և այլ մասնագիտության անձանց համար հիմն. «աշխատանքի գործիք»: Ձ-ային ապարատի ախտահարումը, Ձ-ի հնչեղության կորուստը հաճախ նրանց ստիպում են փոխել իրենց մասնագիտությունը:
Ձ. պետք է պահպանել: Նախ անհրաժեշտ է խուսափել ձայնալարերի գերլարումից, բարձր չխոսել՝ հատկապես ցուրտ եղանակին, երգիչները չպետք է երգեն ոչ իրենց ձայնածավալում: Չպետք է շատ ծխել, չարաշահել ալկոհոլային խմիչքները, կծու, տաք կամ սառը սնունդը: Խիստ զգուշություն պահպանել, այսպես կոչված, մուտացիոն շրջանում (Ձ-ի փոփոխությունը՝ կապված սեռ. հասունության հետ), որը սովորաբար սկսվում է 11-19 տարեկանում: Այդ շրջանում խստիվ արգելվում է տղաներին երգել սովորեցնելը: Ձ-ի պահպանմանը նպաստում է օրգանիզմի կոփումը:
Ձ-ի խանգարման բոլոր դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ:
ՁԱՎԱՐԵՂԵՆ, ստացվում է գյուղատնտ. բույսերի հատիկներից: Առավել տարածված է ցորենի, գարու, վարսակի, հնդկացորենի, բրնձի, կորեկի Ձ.:
Ձ-ի սննդային և կենսբ. հատկությունները պայմանավորված են բույսի տեսակով և տեխնոլոգ. մշակման բնույթով: Հատիկի թաղանթների հեռացման աստիճանը նշանակություն ունի այնտեղ պարունակվող վիտամինների, հանքային նյութերի, ինչպես նաև թաղանթանյութի պահպանվածության համար:
Ձ. սպիտակուցի էական աղբյուր է, որի պարունակությունը հատկապես շատ է հնդկացորենում և վարսակում: Բոլոր տեսակի Ձ-ում պարունակվում է ածխաջրերի զգալի քանակ, որոնք ավելի պակաս են հնդկացորենում և վարսակում, բայց սրանք էլ հարուստ են թաղանթանյութով, դրա համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել տարեց մարդկանց, որոնք ֆիզ. աշխատանքով չեն զբաղվում և գիրանալու հակում ունեն: Թաղանթանյութի նվազագույն պարունակությամբ Ձ. (սպիտակաձավար, բրինձ) օգտագործվում է դիետիկ և մանկ. սննդի մեջ, քանի որ լավ է յուրացվում և ունի բարձր կալորիականություն:
Ձ. չպետք է ունենա կողմնակի համ և հոտ, իսկ գույնը պետք է համապատասխանի տեսքին:
Տարբեր Ձ-ի սննդային արժեքի մասին տես Սնուցում հոդվածի աղյուսակում:
ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ, օնանիզմ, մաստուրբացիա, հեշտանք առաջացնելու նպատակով տարփանքածին գոտիների (հաճախ սեռ. օրգանների) արհեստ. գրգռում: Ձ. նկատվում է ոչ միայն մարդու, այլև կենդանիների մոտ: Առողջության վրա Ձ-յան ազդեցության մասին կարծիքները հակասական են: Շատ գիտնականներ Ձ. համարում են սեռ. խանգարումների պատճառ, մյուսների կարծիքով այն առողջության վրա վնասակար ազդեցություն չի ունենում: Առանձին սեռաբաններ գտնում են, որ հատկապես սեռական հասունացման շրջանում առաջացող և սեռ. կյանք սկսելուց հետո ավարտվող Ձ. կապված է հիմնականում կենսասոցիալ. աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սոցիալապես դեռևս չհասունացած անձի մոտ այդ շրջանում սեռազգայնության արթնացմամբ: Այս աններդաշնակությունը խորանում է նաև ակցելերացիայի գործընթացով: Այսպիսով, Ձ. կենսբ. պահանջով ֆիզիոլոգ. աններդաշնակությունը (դեռևս համապատասխան ճանապարհով չբավարարվող) վերացնելու կամ մեղմելու միջոց է: Առանձնացնում են նաև վաղ կամ նախաարբունքային (նկատվում է մանկ. տարիքում՝ մինչև սեռական հակումների դրսևորումը), փոխարինող (սովորաբար դիտվում է սեռ. կյանք սկսելուց հետո, կանանց մոտ հաճախ պայմանավորված է անկանոն սեռ. կյանքով կամ սեռ. անբավարարվածությամբ), ընդօրինակող (դեռահասներն ընդօրինակում են Ձ-յամբ զբաղվող հասակակիցներին) Ձ.: Առավել տարածված է սեռ. հասունացման (պատանեկան գերսեռազգայնություն) և վաղ (նախաարբունքային) շրջաններում Ձ.: Բժշկ. առումով նախաարբունքային Ձ. կարող է լինել գաղտնի ընթացող հոգեկան կամ ներզատ. հիվանդությունների ախտանշան: Սեռաբանների կարծիքով սեռ. հասունացման շրջանում Ձ. պետք է քիչ կապել սեռ. խանգարումների հետ, քանի որ այն հանդիպում է ինչպես դրանց ամենատարբեր դրսևորումների ժամանակ, այնպես էլ առողջ մարդկանց մոտ: Առողջության վրա Ձ-յան բացասական ազդեցությունը պայմանավորված է հիմնականում նյարդային խանգարումներով և վաղ տարիքում երեխայի ուշադրությունը սեռ. ոլորտի վրա սևեռվելով, որը կարող է նպաստել սեռազգայնության վաղաժամ արթնացմանը՝ դրանից բխող տհաճ հետևանքներով (տես Սեռական դաստիարակություն):
Ձ. նախաարբունքային տարիքի երեխաների մոտ կարող է առաջանալ կիպ հագուստից սեռ. օրգանները գրգռվելուց, որից հետո երեխան հաճելի զգացողություն առաջացնելու նպատակով մտածված գրգռում է սեռ. օրգանները: Հաճախ նման զգացողություն 1-ին անգամ երեխային պատճառում են ծնողները՝ համբուրելով նրա տարփանքածին գոտիները (աճուկային շրջան, որովայնից ներքև, նստատեղ, սեռ. օրգաններ): Երեխաները երբեմն Ձ. սովորում են հասակակիցներից: