Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/435

Այս էջը հաստատված է

արյունով: Ճ. ունեն նաև աննշան դրական նշանակություն, մասնակցում են բույսերի փոշոտմանը ևն:

Ճ. տարածում են մարդու և կենդանիների շատ հիվանդությունների հարուցիչներ: Արյունածուծ տեսակները (օրինակ՝ աշնանային խայթաճանճը), հարձակվելով հիվանդ կենդանիների, իսկ հետո՝ մարդու վրա, կարող են փոխանցել վտանգավոր հիվանդություններ (սիբիրյան խոց, տուլարեմիա ևն): Աֆրիկայում ցեցե արյունածուծ Ճ. տրիպանասոմների (քնախտի հարուցիչներ) փոխանցողներ են: Արյունալիզող Ճ. տարածում են աչքի հիվանդությունների (տրախոմա, տեղաճարակային շաղկապենաբորբ) հարուցիչներ:

Որոշ տեսակներ (օրինակ՝ վոլֆարտյան Ճ.) ձվադրում են մաշկի տակ, և եթե թրթուրներն անմիջապես չեն հեռացվում, ապա կարող են թափանցել խորանիստ հյուսվածքների մեջ և քայքայել դրանք մինչև ոսկրերը: Այդ Ճ-ի թրթուրների կենսագործունեությունն ուղեկցվում է ախտահարված հատվածների բորբոքումով, արյունահոսությամբ, փտախտային գործընթացներով (տես Միազներ):

Վարակիչ հիվանդությունների տարածման գործում առավել մեծ նշանակություն ունեն բազմակեր Ճ. (սենյակային, կապույտ, գարնանային, դիակային ևն): Նշված տեսակները, սնվելով սննդամթերքով (հաց, պանիր, միս ևն) ու սննդային մնացորդներով, ինչպես նաև մարդու և կենդանիների արտաթորանքով, տարածում են տուբերկուլոզի, դիզենտերիայի, որովայնային տիֆի (տես Որովայնային տիֆ, պարատիֆեր), խոլերայի, լյարդաբորբի (տես Լյարդաբորբ վիրուսային) և այլ հիվանդությունների հարուցիչներ: Վերջիններիս մի մասը (հատկապես՝ ձվիկները) Ճ. փոխանցում են թաթերի, կնճիթիկի միջոցով, մյուսներին (հատկապես աղիքային հիվանդությունների հարուցիչներին) կուլ են տալիս վարակված արտաթորանքով սնվելիս: Ճ-ի սնման աղբյուրից և ձվադրման վայրից է կախված նրանց դերը որևէ հիվանդության տարածման մեջ:

Ճ-ի դեմ պայքարի հիմքում ընկած է բնակավայրերի մաքրումը և բնակավայրերի բարեկարգումը, որի համար նախատեսվում է ոչ կոյուղացված վայրերի ճիշտ շահագործում, աղբահորերի հերմետիկացում և մշտ. մաքրում, սննդային մնացորդների, կենցաղային աղբի ժամանակին հավաքում և տեղափոխում: Ճ-ի թրթուրների ոչնչացման համար կուտակման տեղերում օգտագործվում են տրիքլոֆոսի 0,2 %-անոց, կարբոֆոսի 0,5-1 %- անոց, պրեոլինի 10 %-անոց ջրային էմուլսիաներ: Կոյուղի չունեցող զուգարանների հորերում օգտագործվում են չոր քլորակիր, հեքսաքլորանի պատրաստուկներ: Հասուն Ճ-ի ոչնչացման համար նախատեսված են կպչուն ժապավեններ, թունավորած խայծեր, թռչող միջատների դեմ հատուկ աերոզոլեր (օրինակ՝ դիքլոֆոս), որոնց օգնությամբ ոչնչացնում են ոչ միայն Ճ-ին, այլև մյուս միջատներին (մոծակներ, մլակներ ևն):

ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ, գիտության բնագավառ, ուսումնասիրում է իոնացնող ճառագայթների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Կենսբ., բժշկ., հիգիենային, ֆիզ. ու տեխ. գիտելիքների համալիր է և զբաղվում է հիվանդությունների ախտորոշման (տես Ռադիոիզոտոպային ախտորոշում, Ռենտգենաբանական հետազոտություն, Ֆլուորագրություն), բուժման (տես Ճառագայթաբուժություն) հարցերով: Տես. հիմքը ռադիոկենսաբանությունն է: Տես նաև Ճառագայթային հիվանդություն, Ճառագայթահարում:

ՃԱՌԱԳԱՅԹԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, իոնացնող ճառագայթների կիրառումը բուժիչ նպատակով: Առավել հաճախ օգտագործվում է չարորակ նորագոյացությունների բուժման համար:

Ժամանակակից գիտության ու տեխնիկայի, այդ թվում միջուկային ֆիզիկայի նվաճումների, ինչպես նաև իոնացնող ճառագայթների կենսբ. ազդեցության ուսումնասիրության հաջողությունների շնորհիվ Ճ. դարձել է շատ չարորակ նորագոյացությունների (օրինակ՝ լիմֆոգրանուլեմատոզ, արգանդի վզիկի, կաթնագեղձի, ուղիղ աղիքի քաղցկեղ ևն) բուժման արդյունավետ մեթոդ:

Ճ-յան հիմքում ընկած է իոնացնող ճառագայթման կենսբ. ազդեցությունը (ճառագայթահարվող հյուսվածքների բջիջների ոչնչացումը): Ընդ որում՝ ուռուցքի հյուսվածքն ավելի է վնասվում, քան շրջակա բնականոն հյուսվածքները, որոնք, շնորհիվ ամբողջ օրգանիզմի մասնակցության, ճառագայթահարումից հետո կարող են արագորեն և լիարժեք վերականգնել իրենց կենսունակությունը:

Բացի այդ, Ճ-յան ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս իոնացնող ճառագայթների առավելագույն չափաքանակները կենտրոնացնել ախտաբան. օջախում և նվազագույնի հասցնել առողջ հյուսվածքների ճառագայթահարումը, որն իր հերթին նպաստում է դրանց լիարժեք վերականգնմանը: Ռադիոկենսաբանության նվաճումների շնորհիվ հնարավոր է դարձել ճառագայթային փոխազդեցությունները ղեկավարել տարբեր ֆիզ. գործոնների կամ քիմ. ազդակների օգնությամբ, որոնք ընտրողաբար ուժեղացնում են իոնացնող ճառագայթների հակաուռուցքային ազդեցությունը կամ թուլացնում բնականոն հյուսվածքների ախտահարումը: Դա հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել Ճ-յան արդյունավետությունը, և այն առավել անվնաս դարձնել հիվանդի օրգանիզմի համար: Ճ. կարող է կիրառվել որպես բուժման ինքնուրույն մեթոդ կամ զուգակցվել այլ մեթոդների (օրինակ՝ վիրաբուժ. միջամտություն) հետ: Այդ դեպքում կարելի է ճառագայթահարել վիրահատությունից առաջ կամ հետո: Նախավիրահատ. շրջանում ճառագայթահարում են ուռուցքի աճը կասեցնելու և ուռուցքային հյուսվածքի ակտիվությունը ճնշելու նպատակով, որն էապես լավացնում է վիրահատության արդյունքները: Հետվիրահատ. շրջանում Ճ-յան նպատակն է քայքայել ուռուցքային հյուսվածքի փոքրագույն մնացորդները, որոնք չեն հեռացվել վիրահատության ժամանակ: Այդ ներգործությունը կանխում է ուռուցքի հետագա կրկնվելը և ճյուղավորումների (մետաստազներ՝ ուռուցքային բջիջների տարածումը այլ օրգաններում) առաջացումը: Հաճախ ճառագայթահարում են ոչ միայն ուռուցքի, այլև հնարավոր մետաստազների առաջացման շրջանները: ճյուղավորումների վրա ներգործելու համար նշանակում են նաև հակաուռուցքային դեղանյութեր, որոնք ոչընչացնում են օրգանիզմում ցրված ուռուցքային բջիջները: Կախված իոնացնող ճառագայթման աղբյուրի տեղադրությունից՝ տարբերում են արտաքին և ներքին Ճ.:

Հիմնականն արտաքին Ճ. է, որի դեպքում ճառագայթահարման աղբյուրը տեղադրված է օրգանիզմից դուրս: Իրականացվում է տարբեր եղանակներով՝ զանազան տեխ. սարքերի օգնությամբ: Այս խմբին են պատկանում հեռաճառագայթահարման բոլոր մեթոդները, կարճահեռահար և երկարահեռահար գամմաբուժությունը, ռենտգենաբուժությունը՝ օգտագործելով բետատրոնի արգելակային ճառագայթումը,