Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/437

Այս էջը հաստատված է

ձևեր: Բոլոր նշված երևույթները մի քանի ժ անց կարող են անհետանալ, որից հետո սկսվում է հիվանդության գաղտնի շրջանը: Հիվանդի ընդհանուր վիճակը լավանում է: Մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ հետո սկսվում է բուռն շրջանը: Որքան ծանր է հիվանդության ընթացքը, այնքան կարճ է գաղտնի շրջանը (կարող է տևել մի քանի ժ): Համեմատաբար մեծ չափաքանակներով ճառագայթահարման հետևանքով առաջացող հիվանդության բուռն շրջանն սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ, ջերմաստիճանի բարձրացումով: Նկատվում են փսխում, լուծ (երբեմն՝ արյունախառն), լնդերի և լորձաթաղանթների արյունահոսություն՝ խոցոտումների առաջացմամբ, ենթամաշկային արյունազեղումներ, 2-3 շաբաթ հետո՝ մազաթափություն: Առաջանում են սակավարյունություն և նյարդային խանգարումներ: Կտրուկ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հարուցիչների հանդեպ: Բարեհաջող ընթացքի և ժամանակին բուժելու դեպքում սկսվում է վերականգնման փուլը: Հիվանդի վիճակն աստիճանաբար լավանում է, կանոնավորվում է ջերմաստիճանը, անհետանում են կենտր. նյարդային համակարգի խանգարման ախտանշանները, վերականգնվում է արյան բնականոն կազմը: Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Սուր Ճ.հ-ից հետո երբեմն դիտվում են մնացորդային երևույթներ՝ թուլություն, արագ հոգնելիություն, գլխացավեր, թույլ արտահայտված սակավարյունություն և նախատրամադրվածություն վարակիչ հիվանդությունների հանդեպ:

Քրոնիկ. Ճ.հ. խորանում է դանդաղ (կարող է տևել տարիներ): Քրոնիկ. ճառագայթահարման դադարեցումը որոշ դեպքերում կարող է զգալիորեն լավացնել հիվանդի վիճակը: Ուստի քրոնիկ. ընթացքի բուժումը պետք է սկսել իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ հիվանդի շփումը դադարեցնելուց հետո:

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ապահովել իոնացնող ճառագայթման աղբյուրների ոլորտում աշխատողների և ռենտգենաբան. հետազոտությունների ենթարկվողների պաշտպանությունը: Խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոնները, ճառագայթային հիգիենայի պահանջները: Իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատողներն աշխատանքի ընդունվելիս ենթարկվում են բժշկ. քննության, հետագայում՝ կանոնավոր կերպով բժշկական զննման ու դիսպանսերացման: Նրանց համար սահմանվում են կրճատ աշխատանքային օր, երկարացված արձակուրդ, աշխատավարձի հավելում, կենսաթոշակային ապահովման զեղչ պայմաններ: Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս անհրաժեշտ են հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոցներ ևն: Աշխատանքներն իրականացվում են ավտոմատացված, հեռակառավարվող մանիպուլյատորների օգնությամբ:

Արդի ախտորոշման և հատուկ պաշտպանության սարքերը հուսալի պաշտպանում են հիվանդներին և աշխատողներին իոնացնող ճառագայթների ազդեցությունից, որը հնարավորություն է տալիս բազմակի անգամ հետազոտել հիվանդին՝ չվնասելով նրա առողջությունը:

ՃԱՐՊԱԳԵՂՁԵՐ, տես Մաշկ հոդվածում:

ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ, ճարպի ավելցուկային կուտակումն օրգանիզմում և նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, ճարպոնում, այլ օրգաններում ու հյուսվածքներում: Ճ-ման հիմքը նյութափոխանակության խանգարումն է, երբ սննդարար նյութերից ճարպագոյացումը գերազանցում է քայքայմանը: Առավել հաճախ Ճ. պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքում որոշիչ դեր է կատարում ոչ թե օգտագործվող սննդի բացարձակ քանակն ու կալորիականությունը, այլ մարդու օրգանիզմի պահանջների մակարդակի բարձրացումը, որը պայմանավորված է աշխատանքի բնույթի հետ կապված էներգիական ծախսերով, շարժող. ակտիվությամբ, ստամոքսաղիքային համակարգում ներծծման և այլ գործոններով:

Տնտեսապես զարգացած երկրներում ժամանակակից մարդու ապրելակերպին բնորոշ են ցածր ֆիզ. ակտիվությունը և ավելցուկային սնունդը: Գիտատեխ. առաջընթացի, քաղաքային բնակչության աճի, արտադրությունում և կենցաղում շատ գործընթացների մեքենայացման ու ավտոմատացման, տրանսպորտի զարգացման հետ կապված՝ մարդու շարժող. ակտիվությունը հասել է նվազագույնի: Մարդու մկանային ուժի հաշվին կատարվող աշխատանքի մեծ մասն իրենց վրա են վերցրել մեքենաները: Մյուս կողմից՝ տնտեսապես զարգացած երկրներում նյութ. պայմանների բարելավումը սննդանյութերն ավելի մատչելի են դարձնում բնակչության լայն խավերի համար: Այդ հնարավորությունների ոչ նպատակային օգտագործումը հանգեցնում է այն բանին, որ տնտեսապես զարգացած երերներում բնակչության մոտ 30 %-ի (ԱՀԿ տվյալներով) քաշը գերազանցում է բնականոնին 20 %-ով և ավելի: Առավել հաճախ նկատվում է երեխաների (նորածինների) ավելցուկային քաշ (4000 գ)՝ ծնվելիս, և ճարպակալում՛ կյանքի 1-ին տարում: Ճ-ով ավելի հաճախ տառապում են աղջիկները, քանի որ նրանց ենթամաշկային ճարպաբջջանքն ավելի արտահայտված է: Այսպիսով, «կշտության հիվանդությունները» լուրջ սպառնալիք են շատ մարդկանց համար, և Ճ-ման խնդիրը սոցիալ. բնույթ է կրում:

Շատակերությունից բացի, Ճ-մանը նպաստում է սննդում առավելապես կենդ. ծագման ճարպերի և հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, ալյուրեղենային կերակրատեսակների, շաքարի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է Ճ-ման: Դրան նպաստում է նաև ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը. վերջիններս օժտված են բարձր կալորիականությամբ, և, բացի այդ, ալկոհոլի ընդունումը, որպես կանոն, ուղեկցվում է շատակերությամբ: Բացի սննդից (այսպես կոչված՝ սննդային (ալիմենտար) գործոն], կարևոր նշանակություն ունեն մարդու օրգանիզմի ժառանգ. (մարմնակազմվածքային) առանձնահատկությունները: Սակայն նույնիսկ «ընտանեկան գիրության» դեպքում կարևոր դերը մեծ մասամբ պատկանում է ավելցուկային սնման սովորությանը: Այդպիսի ընտանիքներում երեխայի գերսնուցումը, հատկապես վաղ. մանկ. տարիքում, հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների և Ճ-ման զարգացման: Այդ խանգարումները տարեցտարի խորանում են: Ստեղծվում է յուրատեսակ արատավոր շրջան, ճարպային հյուսվածքը, ինչպես բոլոր կենդանի հյուսվածքները, սննդի պահանջ ունի, որը հանգեցնում է ախորժակի լավացման, շատակերության և Ճ-ման հարաճի: Առանձին դեպքերում Ճ. պայմանավորված է ներզատիչ գեղձերի (տես Ներզատիչ համակարգ), նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, այսինքն՝ Ճ. հիվանդության դրսևորումներից մեկն է և հատուկ բուժում է պահանջում:

Կախված հիվանդի քաշից՝ ընդունված է տարբերել 4 աստիճանի Ճ.: 1-ինի դեպքում մարդու քաշը գերազանցում է բնականոնին 10-29 %-ով, 2-րդինը՝ 30-49 %- ով, 3-րդինը՝ 50-99 %-ով, 4-րդինը՝ 100 և ավելի %-ով: Ճ-ման 1-ին և 2-րդ աստիճանների հիվանդների աշխատունակությունն ու կենսական ակտիվությունը