Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/441

Այս էջը հաստատված է

Ճ-ի և լիպիդների փոխանակությանը մասնակցող ֆերմենտների ակտիվության խանգարումների հետագա ուսումնասիրումը մոլեկուլային և ենթաբջջային մակարդակներով հնարավորություն կընձեռնի մշակել նոր գիտ. մոտեցումներ ճարպային փոխանակության խանգարումների հետ կապված հիվանդությունների բուժման ասպարեզում: Տես նաև Սնուցում:

ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Ճիճվային հիվանդություններ հոդվածում:

ՃԻՃՎԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հելմինթոզներ, մարդու, կենդանիների և բույսերի հիվանդություններ, որոնք առաջացնում են մակաբույծ որդերը (հելմինթները): Տարածված են ամենուրեք: Ըստ հարուցիչների տեսակային պատկանելության՝ մարդու Ճ.հ. բաժանվում են տրեմատոդոզների (հարուցիչները ծծող որդերն են կամ տրեմատոդները), ցեստոդոզների (ժապավենաձև որդերը կամ ցեստոդները), նեմատոդոզների (օղակաձև որդերը կամ նեմատոդները): Կարթաճիճուների առաջացրած Ճ.հ. (ականտոցեֆալոզներ) խիստ հազվադեպ են: Առավել հաճախ հանդիպում են դիֆիլոբոթրիոզներ, հիմենոլեպիդոզներ, տենիիդոզներ, էխինոկոկոզ, ասկարիդոզ, անկիլոստոմիդոզներ, տրիխինելոզ, տրիխոցեֆալոզ, էնտերոբիոզ: Որդերի տարբեր տեսակները տեղակայվում են որոշակի օրգաններում ու հյուսվածքներում, և, կախված դրանից՝ Ճ.հ. ընթանում են որևէ օրգանի առավել ախտահարումով: Հիվանդության դրսևորումները պայմանավորված են որդերի տեսակով, քանակով, տեղակայումով, ամրացման եղանակով (օրինակ՝ աղիքի լորձաթաղանթին), օրգանիզմի (որտեղ տարածված են) ընդհանուր վիճակով ևն: Ճ.հ. գրեթե մշտապես ընթանում են հիվանդի քաշի անկումով, ընդհանուր թուլությամբ, գլխապտույտով, դյուրագրգռելիությամբ ևն: Եթե որդերը մակաբուծում են աղիքներում, ապա նկատվում են փորկապություն կամ լուծ, սրտխառնոց, հազվադեպ՝ փսխում, լյարդում տեղակայվելիս՝ դեղնություն, այտուցներ, թոքերում՝ հազ:

Ճ.հ-ի ժամանակ հաճախ աշխատունակությունը նվազում է, խանգարվում է երեխաների ֆիզ. ու հոգեկան զարգացումը, կասեցվում են աճման և սեռ. հասունացման գործընթացները, հիշողությունը վատանում է ևն:

Բուժման նպատակով ոչ միայն հիվանդին պետք է ազատել որդերից, այլև ոչնչացնել դրանց ձվերը, որոնք կարող են նոր հիվանդությունների առաջացման պատճառ լինել: Ճ.հ-ի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել բնակչության զանգվածային ճիճվաթափություն, որը կատարվում է հիվանդության բռնկումների ժամանակ և կանխարգելիչ նպատակով:

Կանխարգելումը. սանհիգիենային կանոնների պահպանում, անասնաբուժասան. հսկողություն (մսի կոմբինատներում), որդերի թրթուրներով վարակված մթերքի օգտագործման արգելում, մսամթերքի և ձկան բավարար ջերմային մշակում, բնակավայրերի մաքրման սան. հսկողություն, գոմաղբի վարակազերծում ևն:

ՃՆՇԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, գերճնշումային թթվածնաբուժություն, բարոթերապիա, բարձր կամ ցածր մթն. ճնշման օգտագործումը բուժիչ նպատակով: Ճ. իրականացվում է հատուկ սարքավորված հերմետիկ ճնշախցերում, որոնց միացած են պոմպեր և ճնշակներ (կոմպրեսորներ), դրանք արտածծում են օդը կամ մղում թթվածին և օդ: Ըստ նշանակության՝ ճնշախցերը լինում են տարբեր չափերի և նախատեսված են բարձր կամ ցածր ճնշման համար:

Ընդհանուր Ճ. կատարվում է ճնշախցիկում, որտեղ տեղավորում են 1 կամ մի քանի հիվանդ և ստեղծում թթվածնի, օդի կամ թթվածին պարունակող որևէ գազային խառնուրդի բարձր կամ ցածր ճնշում: Օդի բարձր ճնշումով ընդհանուր Ճ. լայնորեն կիրառվում է ջրասույզների կեսոնային հիվանդության ժամանակ (տես Ապաճնշումային հիվանդություններ): Իսկ օդի ցածր ճնշումով ընդհանուր Ճ. ցուցված է կապույտ հազի, բրոնխային հեղձուկի և շնչառության դժվարացման հետ կապված այլ հիվանդությունների ժամանակ:

Հիպերտոնիկ հիվանդության սկզբն. ձևերի, սրտի պսակաձև անոթների (տես Սրտի իշեմիկ հիվանդություն) և մարսող. համակարգի որոշ հիվանդությունների բուժման համար կիրառում են ընդհանուր Ճ. բիատրոնում՝ հատուկ կառույցում, որտեղ ավտոմատ կերպով առաջադրված մակարդակում են պահպանվում մթն. ճնշումը, ջերմաստիճանը, օդի խոնավությունը և թթվածնի պարունակությունը: Բիատրոնում հիվանդներին տեղավորում են երկար ժամանակով (14-20 օր), սնունդը տրվում և դրսի հետ կապն իրականացվում է անցախցի և խոսակցության սարքի միջոցով:

Ընդհանուր Ճ-յան ձևերից է բարձր ճնշման տակ իրականացվող թթվածնաբուժությունը: Շատ հիվանդությունների ժամանակ և ախտաբան. վիճակներում թթվածնի շնչումը սովոր. մթն. ճնշման պայմաններում չի վերացնում օրգանիզմում առկա թթվածնաքաղցը: Դա պայմանավորված է թթվածնի ատոմները քիմիապես կապելու հեմոգլոբինի սահմանափակ հնարավորությամբ, իսկ սովոր. մթն. ճնշման պայմաններում թթվածնի լուծելիությունն արյան պլազմայում մեծ չէ: Շնչվող թթվածնի բարձր ճնշման տակ (2-3 մթն) նրա մասնական ճնշումը թոքերում կտրուկ մեծանում է, և Հենրիի օրենքի համաձայն՝ զգալիորեն բարձրանում է թթվածնի լուծելիությունն արյան պլազմայում, որն ուժեղացնում է օրգանիզմի հյուսվածքների թթվածնամատակարարումը: Ընդհանուր Ճ-յան այդ մեթոդը կոչվում է գերճնշումային թթվածնացում (հիպերբարիկ օքսիգենացում): Այն արդյունավետ է անօդակյաց վարակի (գազային փտախտ) դեպքում: Հյուսվածքների թթվածնով հագեցման մեծացումը կործանարար է ազդում այդ վարակի հարուցչի վրա, քանի որ այն լավ է բազմանում միայն թթվածնի բացակայության պայմաններում: Նման բուժումն զգալիորեն նվազեցնում է մահացությունը նշված վարակից և մեծ մասամբ հնարավորություն է տալիս պահպանել ախտահարված վերջույթը:

Մեծ ճնշախցիկներում 2-3 մթն ճնշման տակ կատարվում են խիստ բարդ վիրահատություններ (սրտի բնածին և ձեռքբերովի արատներ, քնային զարկերակների ժամանակավոր սեղմում և դեպի գլխուղեղ արյան հոսքի դադարեցում ևն), ինչպես նաև թույլ ու ծեր հիվանդների ոչ բարդ վիրահատություններ: Կատարվում են նաև սրտի արատով հիվանդների ծննդաբերության հետ կապված վիրահատ. միջամտություններ:

Թերապևտիկ բաժնի ճնշախցիկներում ստեղծված բարձր ճնշման պայմաններում բուժում են տարբեր քրոնիկ. հիվանդություններ (էնդարտերիտ խցանող, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն ևն): Լավ արդյունք է տալիս բարձր ճնշման (6-7 մթն) կիրառումը գլխուղեղի անոթների խցանման ժամանակ, որը երբեմն առաջանում է արյան արհեստ. շրջանառության դեպքում:

Ճ. նշանակում է բուժող բժիշկը, բուժումը կատարվում է հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում՝ հատուկ մասնագետի օգնությամբ:

ՃՈՂՎԱԾՔ, ներքին օրգանների արտացցումը խոռոչներից՝ դրանց պատի թերությունների միջով, առանց վերջիններիս պատերը ծածկող թաղանթների (որովայնամիզ, կրծքամիզ) վնասման: Ճ-ները լինում են բնածին և ձեռքբերովի: