Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/445

Այս էջը հաստատված է

և դեղաբույսերի մզվածքով պատրաստած հատուկ յուղեր: Չոր Մ. պարզաջրում են թթվեցրած ջրով՝ ջրին ավելացնելով կիտրոնի հյութ կամ սննդային քացախ (1 լ ջրին՝ 1 ճաշի գդալ): Ճարպոտ Մ. կարելի է լվանալ ցանկացած ձեռքի օճառով կամ մանանեխով: Գլուխը լվանալուց 2-3 ժ առաջ գլխի մաշկին մերսելով քսում են հալվեի, գազարի, սոխի հյութ կամ հատուկ միջոցներ (արնիկոլ, կարմազին, բիոկրին, բիոտոլ): Ճարպոտ Մ. պարզաջրելու համար օգտագործում են բուժիչ խոտաբույսերի խառնուրդի թուրմ. 1 ճաշի գդալ խառնուրդը (արևքուրիկի, հազարատերևուկի, կաղնու արմատի թուրմի հավասար բաժիններ) ավելացնում են 1 լ եռջրին, կաթսան փակում կափարիչով և 1 ժ դնում եռացող ջրով թասի մեջ: Այնուհետև թուրմը քամում են և հովացնում: Չափից ավելի ճարպոտ Մ. պարզաջրելու համար օգտագործում են անուշադրի սպիրտ ավելացրած ջուր (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ):

Տարեցներին, Մ-ի տարիքային առանձնահատկություններին (բարակ, կոտրատվող, չոր, հեշտությամբ թափվող) համապատասխան, խորհուրդ է տրվում լվանալուց 20-30 ր առաջ Մ-ին դեղնուցայուղային խառնուրդ քսել և գլուխը փաթաթել՝ նախապես պոլիէթիլենե գլխաշորով կապելուց հետո: Գլուխը լվանալ օճառափրփուրով: Սպիտակած Մ-ին կարելի է գեղեցիկ արծաթաերկնագույն երանգ տալ՝ լեղակաջրով ողողելով: Մ. զգուշորեն չորացնում են փափուկ սրբիչով: Չի կարելի այդ նպատակով ֆեն օգտագործել, դա հաճախ հանգեցնում է չափից ավելի չորացման: Թաց մազերը չի կարելի հյուսել: Տարեցների մոտ և Մ-ի չորության դեպքում օգտակար է չորացրած Մ-ին թեթևակի մաշկաքսուք քսելը, որը լրացնում է Մ-ի ճարպի պակասը և փայլ է տալիս:

Մազերը սանրելը: Կարճ Մ. սանրում են արմատից, երկար Մ.՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Կոպիտ սանրելիս Մ. պոկվում են, հանգուցվում, ճյուղավորվում են վրձնի տեսքով: Ավելի լավ է օգտագործել բնական Մ-ից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր: Պոլիէթիլենե կամ ուրիշ նյութերից պատրաստած խոզանակներից պետք է օգտվել զգուշորեն, որպեսզի Մ-ի մեխ. վնասվածք և մաշկի բորբոքում չառաջանան: Վնասակար են Մ. ուժեղ ձգելն ու սանրելը, չափից ավելի ձիգ հյուսելը: Օգտակար է գլխի մաշկի ամենօրյա մերսումը (5-7 ր տևողությամբ)՝ լայն բացած մատների շրջանաձև շարժումներով, գագաթից դեպի տարբեր ուղղություններ: Կարելի է օգտվել մերսիչ հատուկ խոզանակներից: Սանրերը և խոզանակները պետք է անձնական լինեն, հարկավոր է դրանք խնամքով լվանալ և մաքրել անուշադրի սպիրտով:

Մազերը կտրում են հիգիենային և գեղագիտ. նպատակներով: Մ. կարելի է կարճացնել՝ սկսած մանկ. տարիքից: Մանկ. 1-ին Մ. բարակ են, կոտրատվող, և խորհուրդ չի տրվում դրանք պահել: Տղամարդկանց խորհուրդ է տրվում Մ. կտրել 3-4 շաբաթը 1 անգամ, կանանց՝ անհրաժեշտության դեպքում: Հարկավոր է հիշել, որ կարճացնելը և սափրելը չեն լավացնում Մ-ի աճումը:

Դեմքի մազերը սափրում են 15-16 տարեկանից: Կախված Մ-ի աճման ուժգնությունից՝ սափրվում են ամեն օր կամ օրընդմեջ: Ածելիով սափրվելուց առաջ մաշկն օճառում են տաք օճառաջրով (չեզոք կամ գերճարպային օճառը ջրում լուծելով) կամ սափրվելու համար նախատեսված հատուկ մաշկաքսուքներով: Վերջիններս փափկացնում են մազի եղջերանյութը, մաշկը պաշտպանում գրգռումից և հեշտացնում ածելու սահքը: Պետք է սափրվել զգուշությամբ՝ մաշկը թեթևակի ձգելով: Գրգռումից խուսափելու նպատակով կարելի է սափրվելուց առաջ մաշկին թթու ճարպային դիմափոշի քսել, մաշկը վնասվելիս կտրվածքի տեղը մշակել օդեկոլոնով, լոսյոնով, սպիրտով կամ յոդի սպիրտային լուծույթով: Սափրվելուց հետո բնականոն կամ ճարպոտ մաշկը մաքրում են հատուկ (կիտրոնի, վարունգի և այլ հյութ պարունակող) լոսյոններով կամ դեմքը լվանում սկզբում տաք, այնուհետև սառը ջրով՝ ավելացնելով սննդային քացախ (2 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ), չոր մաշկի համար օգտագործում են շուշանի, վարդի թուրմեր պարունակող ջուր, այնուհետև քսում վիտամին F պարունակող հատուկ մաշկաքսուք: Մաշկի գերգրգռվածության ժամանակ սափրվելուց հետո լավ է մաշկին թրջոցներ (ռեզորցինի 1 %-անոց լուծույթով, տուղտի արմատի թուրմով) դնել (3-4 շերտ թանզիֆը թրջել, թեթևակի քամել և 5-7 ր դնել մաշկին), այնուհետև անձեռոցիկով չորացնել և բարակ շերտով հակաբորբոքային մաշկաքսուք քսել: Սափրվելուց հետո խորհուրդ է տրվում մաշկին դիմափոշի քսել: Որպեսզի վարակ չանցնի, անհրաժեշտ է սափրվելիս պահպանել հիգիենայի կանոնները: Անձեռոցիկները պետք է լինեն մաքուր և արդուկած, նոր վրձինը պետք է նախապես 5-6 ժ ընկղմել տնտ. օճառի խիտ և տաք լուծույթում, որից հետո լվանալ: Անութային փոսերի մազերը կարելի է սափրել ամիսը 1 անգամից ոչ հաճախ: Անութային փոսերը նախապես օճառում են ձեռքի օճառով, օճառի ձողիկով կամ սափրվելու մաշկաքսուքով, ապա լվանում ջրով կամ մաքրում լոսյոնով: Եթե սափրվելուց հետո մաշկը գրգռվել է, 5-10 ր դնում են բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ) թրջած թանզիֆե անձեռոցիկներ: Կտրած տեղերը պարտադիր մշակում են սպիրտի, յոդի կամ ադամանդականաչի սպիրտային լուծույթներով՝ կանխելով մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները:

Մազերը գանգրացնում են տևական կամ սառը հարդարման եղանակներով: Տևական (ինչպես տաք, այնպես էլ սառը՝ քիմ.) եղանակով գանգրացումը երկար ժամանակ ապահովում է գանգրությունը: Բայց նման դեպքում Մ. կորցնում են առաձգականությունը և հաճախ չորանում (հարդարելու համար ֆենի հաճախակի օգտագործումից նույնպես Մ. չորանում են): Տևական եղանակով գանգրացման ժամանակ մետաղե պարկուճներում հավաքված Մ. երկարատև տաքացնում են էլեկտր. հատուկ սարքերով, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 90° C: Դա կարող է հանգեցնել Մ-ի չափից ավելի չորացման, որի հետևանքով նրանք փշրվում են և թափվում, երբեմն՝ ճաղատության պատճառ դառնում: Դրա համար տևական տաք գանգրացումը հակացուցված է չոր և բարակ Մ-ին: Քիմ. գանգրացման ժամանակ օգտագործվող ռեակտիվը (թիոգլիկոլաթթու) փոխում է Մ-ի կառուցվածքը՝ նվազեցնելով դրանց ամրությունը: Խորհուրդ չի տրվում տևական գանգրացում կատարել վարակիչ հիվանդություններից