Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/448

Այս էջը հաստատված է

կամ լայն երիզորդի թրթուրներով վարակված ձուկ), ինչպես նաև վարակված ջրի օգտագործման ժամանակ: Հարուցիչներն օրգանիզմ կարող են ընկնել կեղտոտ ձեռքերի և ամանեղենի միջոցով:

Շփումային Մ.հ-ի ժամանակ մարդը վարակվում է հիվանդ մարդկանց կամ կենդանիների հետ շփվելիս, կենցաղային վարակված առարկաների, հողի, ջրի (քոս, ոջլոտություն, անկիլոստոմիդոզներ) միջոցով:

Փոխանցող (արյունային) Մ.հ-ի հարուցիչները փոխանցում են հոդվածոտանիները (միջատներ և տզեր), օրինակ՝ լեյշմանիոզի հարուցիչները փոխանցում են մլակները, մալարիային մոծակները:

Մ.հ-ի հարուցիչների օդակաթիլային ճանապարհով փոխանցումը քիչ հավանական է, բայց ենթադրվում է, որ սրատուտի կամ ասկարիդի ձվերը կարող են փոշու միջոցով տարածվել, ընկնել բերանի խոռոչ և կուլ գնալ:

Հարուցիչները կարող են առաջացնել մեխ. գրգռում, վնասել հյուսվածքներն ու օրգանները, թունավոր ազդեցություն թողնել (մակաբույծների փոխանակային նյութերով թունավորումները), առաջացնել օրգանիզմի գերզգայնություն՝ հետագա ալերգ. հակազդեցություններով (տես Ալերգիա), կլանելով արյուն և սննդանյութեր՝ առաջացնել սակավարյունություն և հյուծում, ինչպես նաև ծանրացնել մյուս հիվանդությունների ընթացքը, ներդրման տեղով մուտք ստեղծել վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներթափանցման համար:

Բուժում է բժիշկը՝ օգտագործելով հարուցիչները ոչնչացնող և օրգանիզմը չվնասող քիմ. պատրաստուկներ, ինչպես նաև ոչ առանձնահատուկ ազդեցության միջոցներ՝ արյան պատրաստուկներ, վիտամիններ:

Կանխարգելումը. հիվանդների և մակաբույծների հայտնաբերում և բուժում, հարուցիչների ոչնչացում՝ վարակազերծման, միջատազերծման մեթոդներով, շրջակա միջավայրի պահպանություն՝ մակաբույծներ պարունակող սննդատու նյութերով (օրինակ՝ մարդկանց և կենդանիների արտաթորանք) աղտոտվածությունից, դրանցով մարդկանց վարակման հնարավորության կանխում, անասնաբուժասան միջոցառումներ՝ ուղղված կենդանիներից մարդուն վարակի փոխանցման կանխարգելմանը (քիմիականխարգելում), հնարավոր վարակման շրջաններում որոշ Մ.հ-ով մարդկանց վարակումը կանխարգելող միջոցառումներ (օրինակ՝ հակամալարիային պատրաստուկների ընդունում մալարիայով հնարավոր վարակման տեղերում, որտեղ այդ հիվանդությունը տարածված է), մակաբույծ հոդվածոտանիներից մարդկանց պաշտպանելու միջոցներ (վանող նյութերի, պաշտպան. հագուստի, ցանցերի օգտագործում), բնակչության ընդհանուր սան. կուլտուրայի բարձրացում:

ՄԱԿԱԲՈՒԾԱԿՐՈՒԹՅՈՒՆ, կենդ. կամ բուս. ծագման մակաբույծների առկայությունը գործնականորեն առողջ մարդու մարմնի վրա, օրգաններում ու հյուսվածքներում: Մ. նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը, քանի որ հիվանդության ակնհայտ ախտանշանների բացակայության պատճառով այն երկար ժամանակ կարող է չհայտնաբերվել: Մարդու մարմնի վրա արտաքին մակաբույծները (օրինակ՝ ոջիլներ), որպես կանոն, ի հայտ են գալիս հիգիենայի տարրական կանոնները չպահպանելիս: Արտաքին մակաբույծները հայտնաբերվում են մարդու համար մատչելի և պարզ եղանակներով՝ հագուստի, սպիտակեղենի ու մարմնի ուշադիր զննումով: Ներքին օրգաններում և հյուսվածքներում գտնվող մակաբույծները, որպես կանոն, հայտնաբերվում են հետազոտման լաբորատոր մեթոդներով: Արդի բժշկագիտությունն իր տրամադրության տակ ունի Մ-յան դեմ պայքարի հուսալի մեթոդներ ու միջոցներ:

Տես նաև Ոջլոտություն, Ճիճվային հիվանդություններ, Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն, Մակաբուծական հիվանդություններ:

ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ, կենդ. կամ բուս. օրգանիզմներ, որոնք սնվում են այլ տեսակի անհատների (այսպես կոչված՝ տերերի) հաշվին և վերջիններիս հետ սերտորեն կապված են իրենց զարգացման կենսական բոլորաշրջանի մեծ կամ փոքր ժամանակամիջոցում: Իրենց տերերին Մ-ի պատճառած վնասի չափերը տարբեր են: Մ. սովորաբար ախտահարում, թուլացնում և հյուծում են տիրոջ օրգանիզմը, հազվադեպ տերը չի հիվանդանում և դառնում է մակաբուծակիր (տես Մակաբուծակրություն), հետևաբար՝ դրանց տարածման աղբյուր:

Տարբերում են կենդ. (նախակենդանիներ, որդեր, միջատներ ևն) և բուս. Մ. (բակտերիաներ, սնկիկներ մանրադիտակային, որոշ բարձրակարգ բույսեր ևն): Մ. են համարվում նաև վիրուսները: Մ-ի որոշ տեսակներ կարող են տարածվել տերերի լայն շրջանում, մյուսները մակաբուծում են միայն 1 կամ մի քանի իրար նման տեսակների օրգանիզմներում, օրինակ՝ մարդու ոջիլը (տես Ոջլոտություն) և ասկարիդը (տես Ասկարիդոզ) բնակվում են միայն մարդու օրգանիզմում: Ըստ տեղադրության՝ տարբերում են արտաքին (էկտոպարազիտ) և ներքին (էնդոպարազիտ) Մ.: Արտաքին Մ. (ոջիլներ, տզեր, մոծակներ) առավելապես արյունածուծ են, այսինքն՝ սնվում են տիրոջ արյունով, ավշով և շփվում են նրանց հետ միայն սնվելու պահին (ժամանակավոր Մ.) կամ ապրում են տիրոջ օրգանիզմում մշտապես (մշտ. Մ.):

Արտաքին Մ-ից շատերը վիրուսների, ռիկետսիաների, սպիրոխետների, մտրակավորների, որդերի, մարդու և կենդանիների փոխանցող (տրանսմիսիվ) հիվանդությունների (օրինակ՝ ժանտախտ, ոջլային բծավոր տիֆ և հետադարձ տիֆ, մաշկային լեյշմանիոզ, մալարիա) Մ-ի փոխանցողներ են:

Ներքին Մ. ապրում և սնվում են մարդու մարմնում: Դրանք կարող են լինել մաշկի մեջ (քոսի տիզը, մաշկային բոռը ևն), քթի խոռոչներում, ականջներում, բերանում, աչքի շաղկապենու մեջ (խոռոչային բոռի թրթուրներ), աղիքներում (ասկարիդ, սրատուտ, մազագլուխ ևն), հյուսվածքներում (տրիխինելների թրթուրներ, վոլֆարտյան ճանճեր ևն), արյան հունում (մալարիայի պլազմոդիումներ, ֆիլարիայի թրթուրներ): Առանձին Մ. իրենց կենսական բոլորաշրջան ընթացքում տեղափոխվում են մարմնի տարբեր մասերով և օրգաններով: Օրինակ՝ 12-մատնյա աղիքի ծուռգլուխը մակաբուծում է սկզբում մաշկի մեջ, այնուհետև արյան հունում, թոքերում, շնչառ. ուղիներում, 12-մատնյա աղիքում:

Մ. հաճախ ունեն զարգացման բարդ բոլորաշրջան: Առանձին տեսակներ զարգանում են սկզբում տիրոջ մարմնում, այնուհետև՝ շրջապատող միջավայրում (օրինակ՝ անկիլոստոմիդների թրթուրները՝ հողում, սեռահասուն ձևերը՝ մարդու և կենդանիների օրգանիզմներում): Որոշ տեսակներ իրենց կենսական բոլորաշրջանն ավարտելու համար լինում են մի քանի տիրոջ օրգանիզմերում: Օրինակ՝ մալարիայի հարուցիչը հաջորդաբար զարգանում է մարդու և մալարիային մոծակի, լայն երիզորդը՝ ցիկլոպների, ձկների և կաթնասունների օրգանիզմներում:

Մ-ի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի դրանց առաջացրած և տարածած հիվանդությունների վերացման համար:

Տես նաև Որդեր, Զազիրք, Միազներ, Բնական օջախայնություն:

ՄԱԿԱՄՈՐՁՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ, էպիդիդիմիտ, ամորձու հավելումների բորբոքում,