Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/455

Այս էջը հաստատված է

են երեխաների տուբերկուլոզի կլինիկ. դրսևորումները տարիքային տարբեր խմբերում: Ուսումնասիրվել են տարբեր պատճառագիտության սակավարյունությունները, մշակվել տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդներ (Թ. Գաբրիելյան): 50-60-ական թթ-ից սկսած ուսումնասիրվում են ռևմատիզմի ախտածնության և կլինիկ. դրսևորման, հատկապես սիրտանոթային համակարգի և այլ օրգան-համակարգերի փոփոխությունների հարցերը: Բացահայտվել է թոքաբորբի պատճառագիտ. գործոնների մեջ վիրուսային վարակի գերակշռությունը, ֆերմենտային խանգարումների և ալերգ. մեխանիզմների ազդեցությունը հիվանդության ընթացքի վրա: Ուսումնասիրվել են մինչև 1 տարեկան երեխաների թոքաբորբերի առաջացման պատճառները, ՀՀ-ում երեխաների երիկամների հիվանդությունների (հատկապես տարածուն կծիկաերիկամաբորբի) տարածվածությունը (Ռ. Մինասյան, Ս. Իբոյան): Բացահայտվել են երիկամաբորբի ընթացքում օրգանիզմի իմունաալերգ. վերափոխումների դրսևորումները, մշակվել վաղ ախտորոշման և բուժման մեթոդներ: Պարզվել են երեխաների պարբերական հիվանդության կլինիկ. դրսևորման, օրգանների ու համակարգերի ախտահարման ձևերը: Աշխատանքներ են կատարվում երեխաների կյանքի 1-ին տարում հիվանդացության և մահացության պատճառների, թոքաբանության, երիկամաբանության, սիրտանոթային համակարգի վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման բնագավառներում:

ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ, մանկ. հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն բուժկանխարգելիչ հիմնարկ՝ երեխաների (14 տարեկանը ներառյալ) բուժօգնության կազմակերպման համար: Դեռահասների (15-18 տարեկան) բժշկ. հսկողությունն իրականացնում են մեծահասակների պոլիկլինիկաներում գործող դեռահասների առանձնասենյակները (տես Դեռահասություն): Մ. պ-ները, մանկաբուժականից բացի, ունեն մասնագիտացված (վիրաբուժ., աչքի, քիթկոկորդականջաբան., ռևմատոլոգ., բուժախտորոշիչ օժանդակ լաբորատորիաներ և այլ) առանձնասենյակներ, առողջ երեխայի սենյակ: Մ.պ-ին կից կարող է գործել կաթնախոհանոց: Մ.պ-ում ընդունում են քրոնիկ. ոչ վարակիչ հիվանդություններով կրկնակի հիվանդացած երեխաներին, ինչպես նաև առողջներին: Վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում բժիշկը երեխային այցելում է տանը, անհրաժեշտության դեպքում ուղարկում մանկ. հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունք:

Մ.պ-ի աշխատանքի հիմն. ուղղությունը երեխաների բուժկանխարգելիչ օգնությունն է (տես Դիսպանսերացում), որն ընդգրկում է պոլիկլինիկայի սպասարկման գոտում բնակվող երեխաներին և իրականացվում է երեխայի ծննդյան պահից: Մինչև 3 տարեկան երեխաների սպասարկման առանձնահատկությունն ակտիվ պատրոնաժն է: Մ.պ-ի աշխատանքի հիմքը տեղամասային սկզբունքն է, յուրաքանչյուր տեղամասում սպասարկում են բժիշկ-մանկաբույժը և բուժքույրը: Տեղամասային մանկաբույժը, հաշվի առնելով երեխայի առողջ. վիճակն ու տարիքը, խորհուրդներ է տալիս սննդի ռեժիմի, խնամքի, կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ, նշանակում բուժում:

1999-ի տվյալներով ՀՀ-ում մանկ. ամբուլատոր-պոլիկլինիկ. օգնությունն իրականացվում է 174 պոլիկլինիկայի, պոլիկլինիկ. բաժանմունքների և առանձնասենյակների միջոցով, որոնցից 72-ը ինքնուրույն են (10-ը՝ Երևանում):

ՄԱՆԿԱԿԱՆ ՍԱՅԼԱԿ, օգտագործվում է երեխայի զբոսանքի համար: Այն հարմարավետ է, փոքրիկին պաշտպանում է քամուց, անձրևից, ձյունից, գերտաքացումից ու գերսառեցումից, մեղմացնում է քամու ժամանակ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Մ.ս. երեխային անհրաժեշտ է հիվանդանոցից տուն բերելու 1-ին օրվանից: Ցանկալի է, որ սայլակը լինի բավականին բարձր, որովհետև գետնին մոտ օդի շերտն ավելի փոշոտ է (հատկապես քամու ժամանակ), և ունենա հետ ծալվող ծածկ՝ թափանցիկ հովարով և հատուկ ծածկոցով: Սայլակի մեջ դրվում են մաքուր սավանով ծածկված ներքնակ, ցածր բարձ: Ամռանը ցանկալի է ունենալ զբոսանքի հատուկ Մ.ս.:

Երեխային սայլակի մեջ կարելի է թողնել միայն զբոսանքի և մաքուր օդում քնելու ժամանակ: Պետք չէ այն օգտագործել որպես մահճակալ, քանի որ այնտեղ վատ են թափանցում օդը և լույսը:

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, բժշկի խորհրդով օգտագործում են արհեստ. կամ խառը (տես Կրծքի երեխա), ինչպես նաև երեխաներին կյանքի 2-րդ կիսամյակում կերակրելու համար:

Մանկ. սննդում լայն կիրառություն ունեն կաթնախառնուրդները: Կովի կաթը իր բաղադրությամբ տարբերվում է մայրական կաթից (տես Կրծքի կաթ): Կովի կաթում, մայրական կաթի համեմատ, 2-2,5 անգամ շատ են սպիտակուցները, 2 անգամ քիչ՝ ածխաջրերը: Կովի կաթի սպիտակուցում քիչ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ ամինաթթուները (որոնք երեխայի օրգանիզմում չեն սինթեզվում), իսկ ճարպում՝ չհագեցած ճարպաթթուները, շատ են անօրգ. աղերը, բայց զգալի քիչ են միկրոտարրերը, վիտամինները, ֆերմենտները, հակամարմինները: Այն դժվար է մարսվում և յուրացվում: Ուստի երեխայի սնուցման համար խիստ անհրաժեշտ են բաղադրությամբ մայրական կաթին շատ մոտ կաթնախառնուրդները: Այդպիսիք պատրաստվում են կովի կաթի հիման վրա՝ նրանում սպիտակուցների և կալցիումի աղերի պարունակության նվազեցման, միկրոտարրերով և վիտամիններով հարստացման, անփոխարինելի ճարպաթթուների և շաքարների քանակի ավելացման միջոցով: Հարմարեցված կաթնախառնուրդներում կովի կաթի սպիտակուցը հատուկ մշակվում է, որի շնորհիվ այն բաղադրությամբ մոտենում է մայրական կաթի սպիտակուցին: Բուս. յուղի հավելումով լրացվում է բազմաչհագեցած ճարպաթթուների պակասը, որը նպաստում է սպիտակուցի լավ յուրացմանը: Խառնուրդների հարստացումը շաքարներով (կաթնաշաքար, լակտոլակտուլոզ, դեքստրին-ածիկաշաքար) բարենպաստ պայմաններ է ստեղծում աղիքներում օգտակար, պաշտպան. հատկություններով օժտված բակտերիաների աճի համար: Խառնուրդներին վիտամինների, այդ թվում՝ վիտամին D2-ի, երկաթի և այլ միկրոտարրերի ավելացումը խոչընդոտում է ռախիտի և սակավարյունության առաջացումը, բարելավում է երեխայի օրգանիզմի կողմից անփոխարինելի ամինաթթուների (աճող օրգանիզմին անհրաժեշտ) յուրացումը: Արտադրվում են քաղցր և թթու հարմարեցված խառնուրդներ: Քաղցր խառնուրդները որոշ հատկություններով զիջում են թթուներին՝ մանրէասպան (աղիքներում ախտածին և նեխում առաջացնող միկրոօրգանիզմների զարգացումը խոչընդոտող) նյութերի առավել շատ պարունակությամբ: Թթու խառնուրդների պատրաստման ընթացքում առաջացող կաթնաթթուն և ֆերմենտները նպաստում են սպիտակուցի թույլ մակարդմանը: Այս խառնուրդներն ուժեղացնում են ստամոքսաղիքային համակարգի ներզատիչ ֆունկցիան, կարգավորում գալարակծկանքը, խթանում լեղու արտադրությունը: Հաշվի առնելով թթու խառնուրդների հակաբակտերիային բարձր ակտիվությունը՝ նպատակահարմար է երեխաներին դրանցով կերակրել շոգ ժամանակ՝ աղիքների դիսբակտերիոզի (տես Մանրէալին ֆլորա