Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/457

Այս էջը հաստատված է

են առողջարանային Մ-ներ, կամ սովոր. Մ-ներում կազմակերպվում են հատուկ խմբեր: Կան կենտր. նյարդային համակարգի ախտահարումով, խոսքի և այլ խանգարումներով երեխաների մասնագիտացված Մ-ներ:

ՀՀ-ում Մ-ները գտնվում են Սոցապ. նախ-յան տնօրինության տակ: Հանրապետությունում գործում է տարբեր տիպի 6 Մ.: Երևանի «Մանկան տունը» (հիմն. 1937-ին) նախատեսված է 0-3 տարեկան երեխաների համար: Գավառի Մ. (հիմն. 1936-ին) նախատեսված է 3-18 տարեկանների համար: Գյումրու Մ. (հիմն. 1946-ին) 1973-ից նախատեսված է կենտր. նյարդային համակարգի տարբեր ախտահարումներով և բնածին ու ձեռքբերովի զարգացման արատներով 0-6 տարեկան երեխաների համար: Նոր Խարբերդի մասնագիտացված Մ. (հիմն. 1953-ին) նախատեսված է 5-18 տարեկան սակավամտությամբ տառապող երեխաների համար: Երևանի «Զատիկ» Մ. (հիմն. 1993-ին)՝ նախատեսված 3-18 և Վանաձորի Մ. (հիմն. 1997-ին)՝ 0-18 տարեկան երեխաների համար, ստեղծվել են համակարգային փոփոխությունների և սոցիալ. ցնցումների արդյունքում:

Մ-ները պահվում են նաև բարեգործ. միջոցներով:

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մանրէակենսաբանություն, գիտություն, ուսումնասիրում է անզեն աչքով անտեսանելի էակները՝ միկրոօրգանիզմները: Ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո: Մ. ուսումնասիրում է մանրէների կառուցվածքը (ձևաբանություն), քիմ. կազմությունը և կենսագործունեության օրինաչափությունները (ֆիզիոլոգիա), փոփոխականությունն ու ժառանգականությունը (միկրոօրգանիզմների գենետիկա), փոխհարաբերություններն այլ օրգանիզմների, այդ թվում մարդու հետ և նշանակությունը կենսոլորտի ձևավորման գործում: Առանձնացել են ընդհանուր, գյուղատնտ., անասնաբուժ., բժշկ. և արդ. Մ-ներ:

Ընդհանուր Մ. ուսումնասիրում է մանրէների կենսագործունեությունը և նրանց նշանակությունը Երկրի վրա կյանքի պահպանման համար, մասամբ՝ մասնակցությունն ածխածնի, ազոտի և էներգիայի շրջապտույտում:

Գյուղատնտեսական Մ. ուսումնասիրում է մանրէների դերը հողագոյացման, բույսերի սննդառության, կերերի ստեղծման և պահածոյման (սիլոս), ինչպես նաև հիվանդությունների առաջացման գործում:

Արդյունաբերական կամ տեխնիկական Մ. ուսումնասիրում է մանրէների միջոցով կատարվող քիմ. գործընթացները, որոնք հանգեցնում են մարդու համար կարևոր նշանակություն ունեցող սպիրտների, ացետոնի, օրգ. թթուների և շատ այլ նյութերի առաջացմանը: Զարգացել են նաև տեխ. Մ-յան այլ բաժիններ՝ վիտամինների, ամինաթթուների և հակաբիոտիկների արտադրությունը:

Բժշկական Մ. ընդգրկում է բակտերիաբանությունը, որն ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների հարուցիչները՝ բակտերիաները, սնկաբանությունը՝ ախտածին սնկիկներն ուսումնասիրող բաժինը, նախակենդանաբանությունը, որի հետազոտության օբյեկտ են ախտածին միաբջիջ կենդանի օրգանիզմները և բժշկ. վիրուսաբանությունը, որն ուսումնասիրում է ախտածին վիրուսները:

Մանրէների վերաբերյալ 1-ին ճշգրիտ տեղեկություններն ստացել է հոլանդ. գիտնական Ա. Լևենհուկը 17-րդ դ. կեսերին: Նա 250-300 անգամ խոշորացնող հասարակ մանրադիտակով կենդանի էակներ է հայտնաբերել ջրում, ատամների փառում, տարբեր թուրմերում: Մ-յան բուռն զարգացումն սկսվել է 19-րդ դ. 2-րդ կեսին՝ կապված մի շարք խոշոր գիտնականների կատարած հետազոտությունների հետ: Ֆրանս. գիտնական Լ. Պաստյորը հայտնաբերել է խմորման տարբեր ձևերի մեխանիզմներն ու հաստատել մանրէների նշանակությունը դրանց իրականացման գործում: Հավերի խոլերայի, սիբիրյան խոցի, կատաղության հարուցիչների վերաբերյալ նրա հետազոտությունները վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքը դարձան: Գերմ. գիտնական Ռ. Կոխի աշխատանքները Մ. հարստացրին հետազոտության ճշգրիտ մեթոդներով, որոնք հնարավորություն տվեցին հայտնաբերել սիբիրյան խոցի, տուբերկուլոզի և խոլերայի հարուցիչները: Ռուս գիտնական Ի. Մեչնիկովի ուսումնասիրությունները վարակիչ հիվանդությունների նկատմամբ մարդու և կենդանիների անընկալության մասին ժամանակակից ուսմունքի հիմքը դարձան, նա հայտնաբերեց ֆագոցիտոզի երևույթը (տես Իմունիտետ) և հաստատեց լեյկոցիտների, փայծաղի ու ոսկրածուծի բջիջների նշանակությունն այդ գործընթացի իրականացման գործում: Այնուհետև հայտնաբերվեց 1-ին վիրուսը՝ ծխախոտի խայտաբղետություն (մոզաիկա) հիվանդության հարուցիչը, որով վիրուսաբանության սկիզբը դրվեց: Բացահայտվեց բակտերիաների նշանակությունը բնության մեջ ազոտի շրջապտույտում, որը բացառիկ դեր ունի կենսոլորտի շատ հարցերի լուծման, հատկապես գյուղատնտ. բույսերի բերքատփսթյան համար: Այնուհետև արագ թափով զարգացան բժշկ. Մ. և համաճարակաբանությունը, որոնց նվաճումները հնարավորություն տվեցին զգալիորեն նվազեցնել վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը, վերացնել բնական ծաղիկը (տես Ծաղիկ բնական), ժանտախտը, մալարիան ևն:

ՀՀ-ում Մ. զարգացել է 1920-ական թթ: ԳԱԱ համակարգում 1939-ին կազմակերպվել է Մ-ական լաբորատորիա, որի հիման վրա 1943-ին՝ բաժին, իսկ 1961-ին՝ Մ-յան ինստ., ինչը հիմք է դարձել հանրապետությունում գյուղատնտ. (Պ. Քալանթարյան, Հ. Փանոսյան և ուր.), տեխ. (Փ. Սարուխանյան, Լ. Երզինկյան), ինչպես նաև ընդհանուր և կիրառ. Մ-յան (Է. Աֆրիկյան, Մ. Մալաթյան և ուր.) զարգացման համար:

Տեխ. Մ-յան զարգացման շնորհիվ հնարավոր դարձավ մի շարք խմորման արտադրությունների ստեղծումն ու խթանումը, բարձրորակ գինիների (Բ. Ավագյան, Ռ. Աֆրիկյան) և կաթնամթերքների (Ա. Քալանթար, Լ. Երզինկյան, Զ. Դիլանյան) արտադրության զարգացումը: Նոր կաթնաթթվային բակտերիաների հիման վրա կազմակերպվեց բուժիչ-դիետիկ կաթնամթերքների արտադրությունը (Լ.Երզինկյան):

Բժշկ. Մ-յան 1-ին լաբորատորիան ՀՀ-ում կազմակերպվել է 1914-ին, Ա. Իսահակյանի նախաձեռնությամբ: Քիմիաբակտերիաբան. ինստ-ում կատարվել են (1920-ից) բակտերիաբանաշճաբան., մակաբուծաբան. և այլ հետազոտություններ: 1-ին անգամ ստացվել է բնական ծաղիկի վակցինա, այնուհետև՝ խոլերա-տիֆ-պարատիֆային քառավակցինա: 1923-ին ԵՊՀ-ում հիմնադրվել է մանրէաբանության ամբիոն, որտեղ զբաղվել են արևադարձային տեղական վարակների ուսումնասիրությամբ: Ա. Իսահակյանն առաջինն է ՀՀ-ում բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիների միջոցով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տենդը (բրուցելոզ): Հետագայում զբաղվել են ՀՀ երկրամասային ախտաբանության՝ աղիքային վարակների հարցերով (Բ. Ավետիքյան, Վ. Միքայելյան, Ա. Միրզաբեկյան, Ֆ Ահարոնովա և ուր.): Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ. Ամյան), վերքային վարակների հարուցիչները (Բ. Ավետիքյան, Մ.Ալավերդյան) և միկոպլազմապնևմոնիա վարակիչ հիվանդությունը (Ն. Բաբայան): Հետազոտվել են հակաբիոտիկների, արդ. թույների, գյուղատնտ.