Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/459

Այս էջը հաստատված է

խանգարումների դեպքում (կապված դիսբակաերիոզի հետ) միկրոֆլորայի կանոնավորման համար բժիշկը նշանակում է բնականոն միկրոֆլորայի կազմի մեջ մտնող բակտերիաներ պարունակող պատրաստուկներ:

ՄԱՇԿ, ծածկում է մարդու մարմինը և բնական անցքերի շրջանում վերածվում լորձաթաղանթի: Մաշկածածկույթի մակերեսը կախված է մարդու հասակից, քաշից և տարիքից, միջին հաշվով այն կազմում է 1,5-2 մ2: Մ-ի հաստությունը (առանց ենթամաշկային ճարպաբջջանքի) 0,5-5 մմ է:

Մ-ի կառուցվածքը: Մ. կազմված է 3 շերտից՝ վերնամաշկ (էպիդերմիս), բուն Մ. (դերմա) և ենթամաշկային ճարպաբջջանք:

Վերնամաշկը Մ-ի արտաքին շերտն է: Այն իր հերթին բաժանվում է 5 շերտի. ամենախորը՝ հիմայինը, կազմված է միաշարք դասավորված բջիջներից, որոնց բաժանման (բազմացման) հաշվին գոյանում են վերնամաշկի վերին շերտերը: Փշաձև, շերտը կազմված է 3-15 շարք բջիջներից, որոնք ելուններով՝ կամրջիկներով, միացած են իրար: Վերջիններիս միջև շրջանառում է վերնամաշկը սնող միջբջջային հեղուկը: Հատիկային շերտը կազմված է 1-3 շարք բջիջներից, որոնք պարունակում են հետագայում Մ-ի եղջերանյութը (կերատին) գոյացնող կերատոհիալին սպիտակուցային նյութը: Փայլուն շերտը կազմված է 3-4 շերտ բջիջներից, որոնք պարունակում են էլեիդին (կերատոհիալինը կերատինի փոխարկվելիս առաջացած միջանկյալ նյութ): Եղջերային շերտը գոյանում է եղջերացած բջիջներից և աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ արտաքին տարբեր ազդակների հանդեպ: Չվնասված եղջերաշերտը վարակի հարուցիչների համար անթափանցելի է: Նրա վերին մասը նորմայում աստիճանաբար պոկվում է (ֆիզիոլոգ. թեփոտում): Մի շարք հիվանդությունների ժամանակ Մ-ի բնականոն եղջերացումը խանգարվում է, եղջերային շերտի վերին մասի անջատվելը կասեցվում է (տես Որքին մազային):

Բուն մաշկը կազմված է պինդ թելքային շարակցական հյուսվածքից և, այսպես կոչված, հիմն. նյութից: Բուն Մ-ում գտնվում են արյան անոթներ, նյարդեր, քրտնա- և ճարպագեղձեր, մազերի և եղունգների արմատները: Մ-ի ամբողջ մակերեսի վրա կարելի է հայտնաբերել յուրատեսակ գծանկար՝ կազմված եռանկյուն և շեղանկյուն դաշտերից, որոնք սահմանազատված են ակոսիկներով: Խոշորացույցի տակ երևում են մանր փոսիկներ՝ քրտնագեղձերի արտատար բացվածքները (ծակոտիներ): Դեմքի, կրծքի և մարմնի այլ հատվածների վրա անզեն աչքով կարելի է տարբերել ճարպագեղձերի ելքերի մանր բացվածքները (ճարպային ծակոտիներ): Դրանց ծորանները բացվում են առավելապես մազապարկի ելանցքում: Մ-ի գծանկարը խիստ անհատական է: Յուրաքանչյուր մարդու մատների Մ-ի գծանկարի անկրկնելիության պատկերն օգտագործվում է դատ. պրակտիկայում՝ անձը հաստատելու համար (մատնադիտում): Ափերի և ներբանի գծանկարի այդպիսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը (մաշկանախշագրություն) օգնում է հաստատել մի շարք հիվանդությունների ժառանգ. բնույթը:

Քրտնագեղձերը գտնվում են ամբողջ Մ-ում՝ բացառությամբ շրթունքների կարմիր երիզի, առնանդամի գլխիկի և մի շարք այլ հատվածների: Դրանք հատկապես շատ են ափերի, ներբանների, ճակատի Մ-ում: Քրտինքը, բացի ջրից (98-99 %), պարունակում է քիմ. նյութեր՝ նյութափոխանակության արգասիքներ (միզանյութ, միզաթթու, նատրիումի և կալիումի քլորիդ): Քրտնարտադրությունը կարևոր նշանակություն ունի մարմնի բնականոն ջերմաստիճանի պահպանման համար (տես Ջերմակարգավորում): Քրտինքի հետ օրգանիզմից հեռանում են մեծ քանակությամբ վնասակար նյութեր: Տարբեր պատճառներից քրտնարտադրությունը կարող է փոխվել՝ լրիվ բացակայել (հիմնականում քրտնագեղձերի բնածին բացակայության ժամանակ), նվազել կամ ուժեղանալ (տես Քրտնոտություն), երբեմն փոխվում է նաև քրտինքի բաղադրությունը:

Ճարպագեղձերը, որոնք հատկապես շատ են դեմքի, կրծքի և մեջքի Մ-ին, արտադրում են մաշկաճարպ, որը կազմված է խոլեստերինի եթերներից, ճարպաթթուներից, սպիտակուցային նյութերից, հորմոններից ևն: Մաշկաճարպը, բարակ շերտով ծածկելով Մ., նրան առաձգականություն է տալիս, նվազեցնում հպվող մակերեսների շփումը՝ սահմանափակելով Մ-ի մակերևույթից ջրի գոլորշիացումը՝ այն պահպանելով չորանալուց: Մաշկաճարպը և քրտինքը Մ-ի մակերևույթին ստեղծում են թթու միջավայր՝ Մ-ի թթվային պատյան, որը պաշտպանում է նրան թարախածին մանրէներից (թթու միջավայրում): Մ-ի միկրոօրգանիզմները (այդ թվում՝ թարախածին ստրեպտոկոկերը և ստաֆիլոկոկերը) վնասազերծվում են և հաճախ, նույնիսկ Մ-ի վնասման դեպքում, հիվանդություն չի առաջանում: Ճարպագեղձերի ֆունկցիան և դրանց արտազատուկի հատկությունները բավականաչափ կախված են ներզատիչ համակարգի վիճակից: Ճարպի ավելցուկային արտադրության և մածուցիկության բարձրացման ժամանակ Մ. դառնում է ճարպոտ, փայլուն, ծակոտիները լայնանում են, և այն հիշեցնում է նարնջի կեղև: Մ-ի մակերևույթին կարող են ի հայտ գալ ճարպային շերտավոր թեփուկներ (տես Ճարպահոսություն), սև և սպիտակ պզուկներ: Արտատար ծորաններում կուտակված մաշկաճարպը կծկվում է, Մ-ի մակերևույթի միջավայրը դառնում է հիմնային, և բարենպաստ պայմաններ են ստեղծվում թարախածին միկրոօրգանիզմների բազմացման համար: Մ-ի վատ կամ ոչ ճիշտ խնամքի դեպքում կարող են առաջանալ մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ: Ճարպի արտադրության նվազման դեպքում նկատվում է Մ-ի չորություն,