Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/461

Այս էջը հաստատված է

շճային, արյունային, թարախային պարունակությամբ խոշոր բշտեր, արյունազեղումներ ևն: Ցաները սովորաբար ծածկվում են կեղևիկներով, թեփուկներով, պատռվում են՝ առաջացնելով խոցային մակերևույթ, մեծանում են կամ անհետանում, լավանալիս փոխարինվում են սպիով: Դրանք կարող են տարածվել ամբողջ Մ-ի, հաճախ նաև լորձաթաղանթների վրա կամ տեղադրվել որոշ գոտիներում (գլխի մազածածկ մասը, մաշկի խոշոր ծալքերը ևն): Երբեմն դրանք ուղեկցվում են քորով, այրոցով կամ բոլորովին չեն անհանգստացնում հիվանդին: Ցաները կարող են ի հայտ գալ նաև որպես վարակիչ (որովայնային տիֆ, բծավոր տիֆ, քութեշ, բնական ծաղիկ ևն), այդ թվում՝ նաև վեներ. հիվանդությունների ախտանշան: Միայն բժիշկը, օգտագործելով հետազոտման տարբեր մեթոդներ, կարող է որոշել ցանի բնույթը, ախտորոշել և ճիշտ բուժում նշանակել: Մինչև բժշկին դիմելը չի կարելի ախտահարված հատվածներին որևէ քսուք կամ այլ դեղանյութ քսել, դա կարող է հանգեցնել սրացման և դժվարացնել ախտորոշումն ու հետագա բուժումը:

Մ-ի հավելումների հիվանդությունների մասին տես Մազեր, Եղունգներ, Պզուկներ, Քրտնագեղձերի բորբոքում, Քրտնոտություն, Քրտնախաշ հոդվածներում:

Մ-ի խնամքը: Բնականոն Մ. ունենալու համար պետք է այն մաքուր պահել: Ուստի, խնամքի գլխ. միջոցը Մ. լվանալն է, որով Մ-ի մակերևույթից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը, եղջերային թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ժամանակ այն կեղտոտող տարբեր նյութեր: Մարմինը պետք է լվանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38°C), օճառով և սպունգով: Եթե կոշտ ջուրը գրգռում է Մ. (հաճախ՝ երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 ր եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս՝ 2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆն տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտ. օճառով, այն գրգռում և չորացնում է Մ.: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ, պետք է ընդունել սառը լոգանք կամ ցնցուղ, ջրին կարելի է ավելացնել փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավավոր սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է ընդունել սառը լոգանք: Պարանոցի, անութային փոսերի և կաթնագեղձերի տակի Մ. լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզ. ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին խորհուրդ է տրվում հերթափոխն ավարտելիս տաք ցնցուղ ընդունել: Մ. չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպային օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին եռացրած բուս. յուղ և ճարպային դիմափոշի քսել:

Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի Մ-ի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո օգտագործել հիգիենային կոսմետիկայի միջոցներ:

Դեմքի Մ-ի խնամքը: Բնականոն Մ-ի դեպքում կարելի է ամեն օր լվացվել, ձեռքի օճառ (նախընտրելի է գերճարպային) օգտագործել շաբաթը 2-3 անգամ, քանի որ օճառով հաճախակի լվացվելիս Մ. ճարպազրկվում է, մաշկային միջավայրի թթվությունը՝ նվազում: Ավելի լավ է լվացվել փափուկ ջրով (օրինակ՝ անձրևաջուր, ձնաջուր), կարելի է նաև ջուրը փափկացնել՝ եռացնելով կամ կերակրի սոդա (1 լ ջրին՝ 1/4 թեյի գդալ), բորակ (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ), գլիցերին (1 լ ջրին՝ 1 ճաշի գդալ), նշի, վարսակի, բրնձի թեփի եփուկ ավելացնելով:

Մ-ի վրա բարերար է ազդում սենյակային ջերմաստիճանի ջուրը: Սառը ջուրը, անոթների կծկանք առաջացնելով, վատացնում է Մ-ի սնուցումը: Այդպիսի ջրով մշտապես լվացվելիս Մ. չորանում է, գունատվում, թառամում, կնճռոտվում: Տաք ջուրը լավ է մաքրում Մ., բայց հաճախակի օգտագործելիս առաջացնում է արյան անոթների կայուն լայնացում, տոնուսի անկում: Դեմքի վրա առաջանում են կարմիր հատվածներ, որոնց միջով երևում է ճյուղավորված կապտակարմիր մանր անոթների ցանցը: Մ. թառամում է, կնճռոտվում: Փոփոխակի տաք և սառը ջրով լվացվելը Մ. մարզելու լավագույն միջոց է, որի շնորհիվ ուժեղանում է Մ-ի արյան շրջանառությունը, բարելավվում՝ սնուցումը: Լվացվելուց հետո հարկավոր է Մ. լավ չորացնել, քանի որ մնացած խոնավությունը գոլորշիանալով առաջացնում է Մ-ի սառեցում, արյան անոթների կծկանք և պակասեցնում նրա գեղձերի արտադրությունը: Երեկոյան (քնելուց մի քանի ժ առաջ) հարկավոր է Մ. մաքրել լոսյոնով: Հատկապես մանրակրկիտ խնամք է պահանջվում ճարպոտ Մ-ի դեպքում: Այն լավ մաքրելու և դրանով մաշկային միջավայրի թթվային ռեակցիան պահպանելու նպատակով լվացվելուց 10 ր առաջ կարելի է դեմքին կեֆիր, թթված կաթ, ացիդոֆիլին կամ մածուն քսել, այնուհետև փոփոխակի տաք և սառը ջրով ու օճառի փրփուրով լվանալ: Պզուկները կանխելու համար պետք է ճարպոտ Մ. օրը 1-2 անգամ լվանալ կոսմետիկ. միջոցներով, լոսյոններով, վարունգի սպիրտային թուրմով: Ճարպոտ Մ. մաքրելու և արյան շրջանառությունը լավացնելու համար շաբաթը 2-3 անգամ դեմքին քսել օճառի փրփուր՝ դրան ավելացնելով 1/4 թեյի գդալ մանր կերակրի աղ: 2-3 ր անց դեմքը լվանալ տաք, այնուհետև՝ սառը ջրով, չորացնել սրբիչով և բարակ շերտով քսել ճարպոտ Մ-ի համար նախատեսված մաշկաքսուքներ: Այդ մաշկաքսուքները Մ-ի ծակոտիները դարձնում են աննկատ, նրան փայլատ երանգ տալիս: Խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրել պզուկները, դնել բուժ դիմակներ, մերսել: Բժիշկ դիմահարդարի խորհրդով դեմքը հարկավոր է մաքրել ճարպազերծող և վարակազերծող լուծույթներով, սալիցիլային, քափուրի կամ անուշադրի 1 %-անոց սպիրտով, աղաթթվի՝ 0,5, ռեզորցինի 2 %-անոց լուծույթներով, նարգեսի թուրմով (0,5 բաժակ ջրին՝ 1 ճաշի գդալ):

Չոր Մ-ի դեպքում ավելի լավ է շաբաթը 1 անգամ լվացվել գոլ ջրով և օճառով, Մ. չորացնել՝ սրբիչը դեմքին դնելով: Շատ չոր Մ-ի դեպքում լվացվելուց 20-30 ր առաջ դեմքին առատորեն քսել հեղուկ մաշկաքսուք կամ թարմ ձվի դեղնուցով, բուս. յուղով և եռացրած ջրով (հավասար մասերով) պատրաստած խառնուրդ: 5-10 ր անց խառնուրդը մաքրել նախ՝ տաք ջրով և օճառի փրփուրով, այնուհետև՝ սառը ջրով: Լվացվելը կարելի է ժամանակավորապես փոխարինել հեղուկ մաշկաքսուքով կամ բուս. յուղով (ձիթապտղի, դեղձի ևն) մաքրելով: Յուղի կամ մաշկաքսուքի ավելցուկը մաքրել թղթե կոսմետիկ. անձեռոցիկով: Շատ չոր Մ. լվանալու փոխարեն ավելի լավ է օրը 1-2 անգամ սրբել մաքրող և փափկացնող խառնուրդով (2 ձվի դեղնուց, 3/4 բաժակ կաթնասեր, 1/4 բաժակ օղի և 1 կիտրոնի