Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/474

Այս էջը հաստատված է

իջնում է ծղիկոսկրից ցած՝ հոդավորվելով դաստակի ոսկրերի հետ, և առաջացնում բավականին շարժուն, էլիպսաձև ճաճանչադաստակային հոդը: Այդ հոդում հնարավոր են ձեռնաթաթի ծալում և տարածում, զատում և առբերում, ինչպես նաև պտտական շարժումներ: Նախաբազկի մկանները բաժանվում են առաջային և հետին խմբերի: Առաջային խումբն ընդգրկում է դաստակի ու մատների ծալիչները և նախաբազուկն ու դաստակը դեպի ներս պտտող (վերհակիչ) մկանները, հետինը՝ դաստակի և մատների տարածիչ մկանները, որոնք դաստակը և նախաբազուկը պտտում են դեպի դուրս: Դաստակն ունի ափային և թիկնային մակերևույթներ: Բութ մատը հակադրված է մնացած մատներին, շարժումը կատարվում է 1-ին ճաճանչադաստակային թամբաձև հոդում: Նախադաստակ-մատոսկրային հոդերը գնդաձև են, իսկ միջմատոսկրայինները՝ ճախարակաձև: Դաստակի մկանները տեղադրված են միայն ափային մակերևույթին: Դաստակի թիկնային մակերևույթին գտնվում են տարածիչների ջլերը, որոնք այստեղ են անցնում նախաբազկից:

Մ-ու ստորին վերջույթները հենման ու տեղափոխության միակ օրգանն են, որոնց կմախքը հարմարված է այդ ֆունկցիան կատարելուն:

Ստորին վերջույթի կմախքի կազմի մեջ են մտնում կոնքագոտին, որը բաղկացած է ամուր իրար միացած 3 ոսկրից (սրբոսկր և 2 կոնքոսկր) և ստորին ազատ վերջույթից (ոտքեր): Ոտքի կմախքը կազմված է ազդրոսկրից, 2 սրունքոսկրից (ոլոք ու նրբոլոք) և ոտնաթաթի ոսկրերից, որոնք կազմված են նախաթաթի (նախագարշապար) ոսկրերից (վեգ, կրունկոսկր, նավակոսկր, խորանարդաձև ոսկր և 3 սեպոսկր), 5 թաթոսկրից և մատոսկրերից: Ազդրոսկրը խորը փոսով միանում է կոնքոսկրին և գոյացնում կոնքազդրային գնդաձև հոդը, որում շարժումները սահմանափակված են հոդափոսի եզրերով: Սրունքի ոսկրերի հետ ազդրոսկրը գոյացնում է ճախարակաձև ծնկահոդը: Ազդրի մկանները կազմված են 3 խմբից. առաջային՝ տարածիչներ (քառագլուխ մկան), հետին ծալիչներ (ազդրի երկգլխանի մկան, կիսաթաղանթակազմ և կիսաջլակազմ մկաններ) և միջային խումբ առբերիչներ (նազելի մկան, մեծ, երկար, կարճ առբերիչ մկաններ): Քառագլուխ մկանը ծնկահոդում հիմն. տարածիչն է, իսկ նրա ուղիղ գլխիկը ծալում է ազդրը կոնքազդրային հոդում: Հետին խմբի մկանները ծալում են ծունկը և տարածում կոնքազդրային հոդը, առբերիչներն ազդրը մոտեցնում են կոնքին: Սրունքի ոսկրերն իրար են միացած անշարժորեն, նրանց ստորին ծայրերը՝ կոճերը, գոյացնում են հոդային պճեղ, որը գրկում է վեգը՝ կազմելով սրունքաթաթային ճախարակաձև հոդը: Սրունքի մկանները բաժանվում են առաջային խմբի, որոնք տարածում են ոտնաթաթն ու մատները, հետին խմբի (ծալիչ մկաններ, այդ թվում՝ եռագլուխ հզոր մկանը, որը կպչում է կրունկոսկրին աքիլեսյան ջլերի միջոցով) և արտաքին խմբի (նրբոլոքային մկաններ, որոնք կատարում են ոտնաթաթի ծալում և իջեցնում են ոտնաթաթի միջային եզրը): Ոտնաթաթը, որպես ամբողջություն, կատարում է հենարանային ֆունկցիա՝ կանգնելիս և քայլելիս: Նրա ոսկրերն, իրար միանալով, կազմում են ամուր կամար, որի ուռուցիկ մասն ուղղված է վերև: Այսպիսի կառուցվածքը պայմանավորված է ուղղաձիգ քայլելիս ոտնաթաթի վրա բեռնվածության ավելացմամբ: Ոտնաթաթը հետևում հենվում է կրունկոսկրի թմբի, առջևում՝ թաթոսկրերի գլխիկների վրա: Բացի կապաններից ոտնաթաթի կամարի կազմությանը մասնակցում են նաև մկաններ:

ՄԱՐԴԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, անտրոպոմետրիա, մարդու մարմնի ձևաբան. առանձնահատկությունների՝ հասակի, քաշի, մարմնի արտաքին ձևերի (գանգի, կրծքի, պարանոցի, բազկի, նախաբազկի, ազդրերի, ծնկի, սրունքների շրջագծի չափերը), ինչպես նաև մի շարք ֆունկցիոնալ ցուցանիշների (թոքերի կենսական տարողությունը, մկանների ուժը ևն) գնահատման մեթոդների ու եղանակների ամբողջություն: Նման դեպքերում օգտվում են չափական և նկարագր. ցուցանիշներից. 1-իններն արտահայտում են թվերով, 2-րդները (օրինակ՝ աչքի գույնը, կրծքավանդակի, որովայնի ձևը, ցայլքի և անութային մազերի աճը) հաստատում են զննումների ժամանակ՝ բաղդատելով տարբեր չափանմուշների (աղյուսակներ և մոդելներ) հետ:

Մ. լայնորեն կիրառում են բժշկության մեջ՝ հիմնականում ֆիզ. զարգացումն ուսումնասիրելիս: Երեխաների ֆիզ. զարգացումը հսկելիս Մ-յան արդյունքները կարևոր նշանակություն ունեն որպես օրգանիզմի աճման ու ձևավորման ցուցանիշներ: Երեխայի կյանքի 1-ին տարում հասակի, քաշի, գլխի, կրծքավանդակի շրջագծի չափումը կատարվում է ամենամսյա զննումների միջոցով, նախադպրոց. տարիքում՝ տարեկան 2 անգամից ոչ պակաս, դպրոցականներինը՝ տարին 1 անգամ: Կանոնավոր Մ. հնարավորություն է տալիս հայտնաբերել երեխաների ֆիզ. զարգացման խանգարումները (հասակի հետ մնալը, քաշի չավելանալը), որոնք, որպես կանոն, հիվանդությունների վաղ ախտանշաններ են կամ վկայում են ռեժիմի խանգարման մասին: Մ. կիրառվում է նաև դիսպանսերացման, զինակոչիկների բժշկ. քննության, մարզիկների բժշկ. հսկողության ժամանակ: Պարզագույն չափումներ են կատարում նաև ինքնահսկման նպատակով: Մ-յան արդյունքներն օգտագործում են արտադրության մեջ՝ հագուստի, կոշիկի, կահույքի չափերի չափորոշիչների մշակման, աշխատատեղի նախագծման ու սարքավորման ժամանակ: Մ. մեծ նշանակություն ունի քրեագիտության և դատ. բժշկության մեջ:

Ստույգ տվյալներ ստանալու համար չափումները կատարում են մերկ մարմնի վրա, սովորաբար՝ առավոտյան: Կրկնակի չափումները հնարավորության դեպքում կատարում են նույն ժամերին:

Հասակը (մարմնի երկարությունը) սովորաբար որոշում են հասակաչափով: Չափվողը պետք է հպվի սարքի կանգնակին 3 կետով՝ կրունկներով, հետույքային և թիակային շրջաններով, գլուխը պետք է լինի այնպիսի դիրքում, որ ականջի այծիկը և ակնակապճի արտաքին անկյունը գտնվեն հորիզոն. 1 գծի վրա:

Մարմնի քաշը որոշում են բժշկ. կշեռքով: Կշռվողը պետք է կանգնի կշեռքի հարթակի մեջտեղում: Խորհուրդ է տրվում կշռվել առավոտյան՝ քաղցած:

Կրծքի շրջագիծը չափում են սանտիմետրային ժապավենով: Այն դնում են կրծքավանդակին՝ հետևից թիակների անկյան տակ, առջևում՝ պտուկներից ներքև (կանանցը՝ 4-րդ կողի մակարդակին):

Որովայնի շրջագիծը չափում են սանտիմետրային ժապավենով՝ կանգնած, հանգիստ շնչելիս. ժապավենը դնում են պորտի մակարդակին:

Բազկի շրջագիծը չափում են սանտիմետրային ժապավենով՝ երկգլխանի մկանի առավելագույն լարվածության ժամանակ:

Շնչաչափություն (սպիրոմետրիա). թոքերի կենսական տարողության, այսինքն՝ խորը շնչառումից հետո արտաշնչած օդի առավելագույն ծավալի որոշումը շնչաչափով: Չափումը կատարվում է 2-3 անգամ, հաշվի են առնվում առավելագույն արդյունքները:

Ուժաչափություն (դինամոմետրիա), մկանների ուժի չափումը կատարվում է իրանի և ձեռքի զսպանակային ուժաչափով: Իրանի ուժաչափի բռնակը գտնվում է ծնկի մակարդակին, ուժաչափը