բժշկի (մանկաբույժ, ներզատաբան և ուր.) հետ:
Հասուն Մ. ք. նույնպես փոփոխական է: Հասուն առողջ Մ. ք-ի նորմատիվները մշակելիս սովորաբար հաշվի է առնվում նախ մարմնակազմվածքի տիպը՝ ասթենիկ, նորմոսթենիկ և հիպերսթենիկ: Ասթենիկին հատուկ են նիհարությունը, տափակ կուրծքը, համեմատաբար թույլ զարգացած մկանները: Նորմոսթենիկին՝ լայն ուսերը և կուրծքը, ուժեղ զարգացած մկանները: Հիպերսթենիկները հակված են գիրանալու: Աղ. 3-ում բերված քաշային նորմատիվներում հաշվի են առնվել մարմնակազմվածքի տիպը և հասակը (25-30 տարեկան մարդկանց տվյալներ են. կյանքի յուրաքանչյուր տասնամյակ 1 կգ-ով ավելացնում է քաշը):
Եթե մարմնակազմվածքի տիպը պարզորոշ արտահայտված չէ, կարելի է օգտվել հետևյալ բանաձևից՝ քաշ (կգ) / հասակ (դմ), եթե քանորդը 2,8-3,1-ի սահմաններում է, ապա քաշը պակաս է, 3,2-4,3-ի դեպքում՝ բնականոն, իսկ 4,4-5,3-ի դեպքում՝ չափից ավելի է, կարելի է ասել՝ գեր է: Կան քաշի որոշման այլ հաշվարկային մեթոդներ: Բնականոնից քաշի զգալի շեղումը (ցանկացած կողմ) հավասարապես վտանգավոր է: Օրինակ՝ քաշի նվազումը կարող է լինել մարսող. օրգանների, ներզատիչ և նյարդային համակարգերի խանգարման, չարորակ, վարակիչ ու այլ հիվանդությունների հետևանք: Ավելորդ քաշը (գիրություն) նույնպես ցանկալի չէ. խանգարվում է սիրտանոթւպին համակարգի բնականոն գործունեությունը, հաճախ առաջանում են գերճնշում, կրծքային հեղձուկ, աթերոսկլերոզ: Ապացուցված է, որ ավելորդ քաշը կրճատում է կյանքի տևողությունը:
Մ. ք. փոփոխվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ կախված գործունեության բնույթից, սնման ռեժիմից ու որակից, կլիմայի փոփոխությունից: Եթե գիրությունը չափից ավելի ուտելու հետևանք է (հատկապես երեխաների ու 40-45-ից բարձր տարիքի մարդկանց մոտ), բավական է ավելացնել ֆիզ. բեռնվածությունը, բժշկի հետ խորհրդակցելով՝ սահմանափակել քաղցրի, հացի ու շատ ածխաջրեր և ճարպեր պարունակող այլ մթերքների օգտագործումը (տես Սննդակարգ, Սնուցում): Եթե գիրացումը սննդի ռեժիմի խախտման կամ ֆիզ. բեռնվածության հետևանք չէ, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, որը կարող է գտնել պատճառը և բուժում նշանակել:
- Աղյուսակ 1
- Երեխաների միջին քաշը (գ-ով) կյանքի 1-ին 3 տարիներին
տարիքը | տղաներ | աղջիկներ |
---|---|---|
նորածիններ | 3500±450 | 3300±460 |
1 ամսական | 4300±650 | 4100±550 |
2 ամսական | 5300±750 | 5000±550 |
3 ամսական | 6300±750 | 6000±550 |
4 ամսական | 6900±750 | 6500±800 |
5 ամսական | 7800±800 | 7400±950 |
6 ամսական | 8700±750 | 8000±950 |
7 ամսական | 8900±1000 | 8300±950 |
8 ամսական | 9500±1000 | 8500±1000 |
9 ամսական | 9900±1200 | 9300±1000 |
10 ամսական | 10400±1200 | 9500±1300 |
11 ամսական | 10500±1000 | 9800±1000 |
12 ամսական | 10700±1200 | 10100±1200 |
15 ամսական | 11400±1300 | 10500±1300 |
18 ամսական | 11800±1200 | 11400±1100 |
21 ամսական | 12700±1400 | 12300±1400 |
24 ամսական | 13000±1200 | 12600±1800 |
30 ամսական | 14000±1300 | 13900±1600 |
36 ամսական | 15000±1700 | 14900±1500 |
- Աղյուսակ 2
- 4-15 տարեկան երեխաների մարմնի քաշի (կգ-ով) կախվածությունը հասակից (սմ-ով)
տարիքը | քաշը | հասակը | ||
---|---|---|---|---|
տղաներ | աղջիկներ | տղաներ | աղջիկներ | |
4 տարեկան | 15,5-18,9 | 14,4-17,9 | 98-107 | 95-106 |
5 տարեկան | 17,4-22,1 | 16,5-20,4 | 105-116 | 104-114 |
6 տարեկան | 19,7-24,1 | 19,0-23,6 | 111-121 | 111-120 |
7 տարեկան | 21,6-27,9 | 21,5-27,5 | 118-129 | 118-129 |
8 տարեկան | 24,1-31,3 | 24,2-30,8 | 125-135 | 124-134 |
9 տարեկան | 26,1-34,9 | 26,6-35,6 | 128-141 | 128-140 |
10 տարեկան | 30,0-38,4 | 30,2-38,7 | 135-147 | 134-147 |
11 տարեկան | 32,1-40,9 | 31,7-42,5 | 138-149 | 138-152 |
12 տարեկան | 36,749,1 | 38,4-50,0 | 143-158 | 146-160 |
13 տարեկան | 39,3-53,0 | 43,3-54,4 | 149-165 | 151-163 |
14 տարեկան | 45,4-56,8 | 46,5-55,5 | 155-170 | 154-167 |
15 տարեկան | 50,4-62,7 | 50,3-58,5 | 159-175 | 156-167 |
ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի վրա տարբեր մարզաձևերի ազդեցությունը և մշակում ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվող անձանց համար գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ: Մ.բ-յան հիմն. խնդիրներն են՝ օրգանիզմի վրա ֆիզ. վարժությունների ազդեցության ուսումնասիրությունը՝ առողջության պահպանման և ամրապնդման, աշխատունակության բարձրացման ու գործուն երկարակեցության ձեռքբերման նպատակով, ինչպես նաև ֆիզ. վարժությունների ու սպորտային մարզումների արդյունավետ մեթոդի կիրառման գիտ. հիմնավորումը:
Մ.բ. մշակում է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող անձանց ուսումնասիրման և հետազոտման մեթոդներ՝ հատկապես օրգանիզմի, նրա առանձին համակարգերի և օրգանների ֆունկցիոնալ հնարավորությունները որոշելիս: Մ.բ. ունի գիտամեթոդ. կենտրոններ (բուժական ֆիզկուլտուրային դիսպանսերներ), գիտ. կադրեր, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի բժիշկ-մասնագետներ: Սերտորեն համագործակցելով բժշկության մի շարք կլինիկ. և տես. ճյուղերի հետ՝ Մ.բ. կազմակերպում է համատեղ հետազոտություններ ու դիտարկումներ: Մ.բ. կապված է օրգանիզմի վրա սպորտի ազդեցությունն ուսումնասիրող բժշկակենսբ. տարբեր ուղղությունների հետ: Դրանք են ֆունկցիոնալ դինամիկ. անատոմիան (մարզ. ծանրաբեռնվածությունների ազդեցությամբ մկանային, ոսկրային և այլ համակարգերում առաջացող ձևաբան. փոփոխությունների ուսումնասիրություններ), ֆիզ. վարժությունների և սպորտի ֆիզիոլոգիան (մարզ. ծանրաբեռնվածությունների ազդեցությամբ տարբեր համակարգերի և օրգանների գործունեության փոփոխությունների ուսումնասիրություններ), սպորտի կենսաքիմիան (մարզիկների օրգանիզմում տեղի ունեցող բարդ կենսաքիմ. գործընթացների ուսումնասիրություններ), ֆիզկուլտուրայի և սպորտի հիգիենան (ֆիզ. վարժություններում, սպորտային պարապմունքերում կարևոր նշանակություն ունեցող գործոնների՝ հագուստի, կոշիկի, մարզավայրի հիգիենայի, մարզ. կառույցների սանհիգիենային նորմերի ուսումնասիրություններ), մարզ. վնասվածքաբանությունը (մարզ. վնասվածքների բնույթի որոշում, դրանց կանխարգելման և բուժման մեթոդների մշակում), մարզ. գինեկոլոգիան (մարզումների հետևանքով կանանց սեռ. ոլորտում առաջացող փոփոխությունների ուսումնասիրություններ): Բժշկակենսբ. ուղղություններից են