Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/484

Այս էջը հաստատված է

պետք է լինեն կարգավորված, հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով: Ստամոքսի շարժող. ֆունկցիայի իրականացման համար կարևոր նշանակություն ունի դրունքի ֆունկցիան: Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերաբար բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածները ստամոքսից 12-մատնյա աղիք են անցնում փոքր բաժիններով:

Աղիքներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիքներ: Բարակ աղիքը բաժանվում է կարճ՝ 12-մատնյա աղիքի և բարակ զստային աղիքների, հաստ աղիքը՝ կույր, վերել, լայնական, վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիքների:

12-մատնյա աղիքը անմիջապես ստամոքսի շարունակությունն է և վերածվում է բարակ աղիքի: Այն իր վերին, վայրէջ և ստորին հորիզոն. հատվածներով սահմանակից է ենթաստամոքսային գեղձի գլխիկին, իսկ վերել հատվածով՝ գեղձի մարմնին, մոտ է գտնվում լյարդի աջ բլթին, աորտային, աջ մակերիկամին, ստորին սիներակին: 12-մատնյա աղիքի ընդհանուր երկար. 27-30 սմ է, տրամագիծը՝ 3-5 սմ:

Բարակ աղիքի ամենակարևոր ֆունկցիոնալ մասը լորձաթաղանթն է՝ ծածկված մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը: 12-մատնյա աղիքի վերին բաժիններում թավիկները շատ են (լորձաթաղանթը գոյացնում է շրջանաձև ծալքեր), վայրէջ հատվածում շրջանաձև ծալքերի հետ մեկտեղ կան նաև երկայնական ծալքեր, որոնք ավարտվում են ֆատերյան (մեծ) պտկիկով: Վերջինիս վրա են բացվում ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: Ֆատերյան պտկիկից վեր հնարավոր է նաև 12-մատնյա աղիքի փոքր պտկիկի տեղադրությունը, որտեղ բացվում է ենթաստամոքսային գեղձի լրացուցիչ ծորանը: Բարակ աղիքի պատում կան մեծ քանակությամբ գեղձեր, որոնք արտադրում են աղիքային հյութ, իսկ բազմաթիվ թավիկները նպաստում են մարսված սննդի ներծծմանը: Բարակ աղիքի երկար. 4,5 մ է, տրամագիծն աստիճանաբար նեղանում է հաստ աղիքի ուղղությամբ՝ 4,5-5-ից մինչև 2,7-3 սմ:

Հաստ աղիքի միջին երկար. 150 սմ է, սկզբն. հատվածի տրամագիծը՝ 7-14 սմ, վերջնայինինը՝ 4-6 սմ: Դրա, ինչպես և բարակ աղիքի պատերը կազմված են 3 թաղանթից՝ շճային, մկանային և լորձային: Մկանային թաղանթում երկայնաձիգ շերտը լրիվ չէ և առաջացնում է 3 երիզ, որոնց միջև ստեղծվում են արտափքումներ: Հաստ աղիքի լորձաթաղանթը պատի մնացած շերտերի հետ գոյացնում է կիսալուսնաձև ծալքեր և թավիկներ չունի:

Ուղիղ աղիքը Մ.հ-ի վերջնային հատվածն է անցնում է կոնքի հատակով, ավարտվում՝ հետանցքով: Դրա վերին բաժնում առաջանում է լայնացում (ամպուլա), ստորին, սեղմված հատվածի պատում (հետանցքային խողովակ) գտնվում է թութքային երակային հյուսակը, որտեղ որոշակի պայմաններում կարող է առաջանալ թութք:

Աղիքներն իրականացնում են 2 հիմն. ֆունկցիաներ՝ մարսող. և շարժող.: Դրանց հետ կապված՝ 12-մատնյա աղիքն իր լորձաթաղանթում արտադրվող հորմոնների շնորհիվ ունի Մ.հ. կարգավորող ազդեցություն և համարվում է մարսողության հորմոնային կենտրոն: Ենթադրում են, որ աղիքների լորձաթաղանթի վրա աղաթթվի, լեղու, մի շարք սննդանյութերի ազդեցությունը նպաստում է որոշ հորմոնների մշակմանը: Բարակ աղիքն իրականացնում է առավելապես մարսող. ֆունկցիա, հաստ աղիքը՝ շարժող.: Շարժողության (ճոճանակաձև կամ տատանող.) շնորհիվ բարակ աղիքում պարունակությունը խառնվում է՝ նպաստելով մարսողությանը և գալարակծկանքային շարժումների միջոցով տեղափոխվում դեպի հաստ աղիք: Բարակ աղիքի բորբոքման ժամանակ պարունակության արագ անցումը կարող է խանգարել մարսողությունը՝ դրա վրա տարբեր ֆերմենտների ազդեցության կարճատևության պատճառով: Բարակ աղիքում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ գործընթացի հիմն. փուլերը: Մարսողությանը միաժամանակ մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը: Օրվա ընթացքում արտազատվում է մինչև 2 լ աղիքահյութ, որը պարունակում է մի շարք ֆերմենտներ: 12-մատնյա աղիքում ադիքահյութի առաջացմանը նպաստում են էնտերոկինազ ֆերմենտը, ինչպես նաև ստամոքսից այնտեղ ընկած սննդանյութի թթվային ռեակցիան: ֆերմենտների օգնությամբ սննդանյութերը քայքայվում են ինչպես բարակ աղիքի խոռոչում (խոռոչային մարսողություն), այնպես էլ անմիջապես դրա լորձաթաղանթի մակերևույթին (առպատային կամ թաղանթային մարսողություն): Ֆերմենտների ազդեցության տակ մարսվող նյութերը քայքայվում են մինչև այն վիճակը, որի դեպքում դրանք կարող են բարակ աղիքի լորձաթաղանթի թավիկներով ներծծվել: Ջուրը, լուծվող աղերը և պարզ շաքարները 12-մատնյա և բարակ աղիքներում ներծծվում են արագ (րոպեների ընթացքում), սպիտակուցների (ամինաթթուների ձևով) և ճարպերի (գլիցերինի և ճարպաթթուների ձևով) քայքայման նյութերը՝ ավելի դանդաղ: Ներծծումը սերտորեն կապված է առպատային մարսողության հետ. 2 գործընթացն էլ կախված են բարակ աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտի բջիջների կառուցվածքից ու ֆունկցիայից: Հաստ աղիքը տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխմանը դեպի ուղիղ աղիք:

Հաստ աղիքում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, ինչպես նաև բարակ աղիքից անցած ֆերմենտների և հաստ աղիքում առկա բակտերիաների ազդեցությամբ քայքայվում են մնացած նյութերը (տես Մանրէային ֆլորա մարդու): Հաստ աղիքում