Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/485

Այս էջը հաստատված է

մանրէների կազմը կարող է փոխվել տարրեր հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև բուժման ընթացքում (օրինակ՝ որոշ հակաբիոտիկներով ինքնաբուժումը կարող է հանգեցնել անհրաժեշտ ֆլորայի ոչնչացման՝ «դիսբակտերիոզի»):

Հաստ աղիքում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիքները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբան. հակազդեցություններում:

Լյարդը Մ. հ-ի ամենամեծ գեղձն է (քաշը՝ մոտ 1,5 կգ), գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, մեծ մասը՝ աջում: Լյարդի վերին մակերևույթն ուռուցիկ է և կպչում է ստոծանուն, ստորինն ուղղված է դեպի որովայնի խոռոչի օրգանները, այստեղ է գտնվում լյարդի դրունքը՝ նրա մեջ մտնող արյունատար անոթների, նյարդերի մուտքի և նրանից դուրս եկող ավշային անոթների ու լեղածորանների ելքի տեղը (նկ. 5): Լյարդի դրունքին մոտ՝ հատուկ օթյակում, գտնվում է լեղապարկը: Լյարդը կազմված է 2 (մեծ՝ աջ, և փոքր՝ ձախ) բլթերից: Լյարդի հիմն. մասը ծածկված է որովայնամզով, որի տակ գտնվում է բարակ շարակցահյուսվածքային պատիճը, այն բոլոր կողմերից ծածկում է լյարդը, դրունքով մտնում նրա նյութի մեջ, այնուհետև՝ լյարդը բլթերի բաժանող բարակ միջնաշերտի մեջ: Լյարդի հիմն. բջջային տարրը լյարդաբջիջներն են կամ հեպատոցիտները, որոնք հեծանների նման ճառագայթաձև դասավորված են կենտրոնից դեպի բլթի ծայրամասը: Լյարդաբջիջներն իրականացնում են կլանման և արտազատման, փոխանակության, տարբեր նյութերի կուտակման գործընթացները ևն, որն ապահովվում է աստղաբջիջների հատուկ ներառումների առատությամբ և բջջաթաղանթների առանձին մասերի մասնագիտացմամբ: Լյարդաբջիջներում տարբերում են 2 բևեռ. մեկում տեղի է ունենում փոխանակության նյութերի ներծծումը, մյուսում իրականանում է լեղու և այլ նյութերի արտադրությունը: Բլթերի կազմի մեջ են մրանում նաև զարկերակներից ու երակներից սկսվող արյան մազանոթները: Լյարդի արյան շրջանառությունը խիստ յուրահատուկ է. լյարդային զարկերակներով հոսում է զարկերակային, դրունքային երակով՝ երակային արյուն, իսկ լյարդից ստորին սիներակ է հոսում երակային արյուն:

Լյարդաբջիջների թիթեղիկների միջև գտնվող լեղային մազանոթներից սկսվում է լեղուղիների համակարգը: Լեղային խոդովակիկներով լեղին հոսում է ներլյարդային լեղային անոթներ, որոնք, աստիճանաբար միաձուլվելով, գոյացնում են աջ և ձախ լյարդային ծորանները: Վերջիններս իրենց հերթին (սովորաբար՝ լյարդից դուրս) միաձուլվում են՝ կազմելով ընդհանուր լեղածորանը, որը, անցնելով լյարդ - 12-մատնյա կապանի միջով, բացվում է 12-մատնյա աղիքի վայրէջ հատվածի լուսանցքում: Աղիքի պատի մեջ մտնելիս ընդհանուր լեղածորանը գոյացնում է հովհարաձև լայնացում՝ ոչ մեծ արտացցումով (ֆատերյան պտկիկ), որտեղ տեղադրված է 12-մատնյա աղիքի մեջ լեղու անցումը կարգավորող մկանային գոյացություն (սեղման): Լյարդը մասնակցում է նյութափոխանակությանը (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն), արյան սպիտակուցների, արյունը մակարդող գործոնների սինթեզմանը, վնասազերծում օրգանիզմի համար վնասակար նյութերը: Լյարդում կուտակվում և պահեստավորվում են սննդարար նյութեր, վիտամիններ, արտադրվում է ճարպերի ճեղքմանը և յուրացմանը նպաստող լեղի:

Լեղապարկը կիպ կպած է լյարդի ստորին մակերևույթին, այսպես կոչված, լեղապարկային փոսին, որովայնամզով ծածկված է միայն ստորին մակերևույթը: Լեղապարկը տանձաձև օրգան է, այն պայմանականորեն բաժանում են հատակի, մարմնի և վզիկի: Հատակը դուրս է ցցված լյարդի ստորին եզրից և կպչում է որովայնի առաջային պատին, վզիկը դարձած է դեպի հետ և վերածվում է լեղապարկի ծորանի: Լեղապարկի տարողությունը 30-70 մլ է: Լեղուղիներով լեղու շարժումն իրականանում է իր ճնշման ուժի և լեղապարկի կծկման շնորհիվ: Լեղարտադրության ֆունկցիան կարգավորվում է օրգանիզմի նյարդահումորալ համակարգի շնորհիվ և կախված է հարևան օրգանների (օրինակ՝ 12-մատնյա աղիքի) ֆունկցիոնալ վիճակից:

Ենթաստամոքսային գեղձը կատարում է արտազատ. և ներզատ. ֆունկցիաներ: Մ.հ-ի հիվանդությունները լայնորեն տարածված են բնակչության մեջ: Նրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագր., սոցիալ. պայմաններից, պատմականորեն ձևավորված ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից: Հիվանդությունների պատճառներն ու առաջացման մեխանիզմները չափազանց բարդ են ու բազմատեսակ:

Հատուկ տեղ են գրավում վարակիչ և մակաբուծ. հիվանդությունները: Դրանք մնում են հիմնահարց աշխարհագր. որոշ շրջանների համար՝ արտակարգ իրադրությունների (օրինակ՝ տարերային աղետների) ժամանակ ծագած հակասան. պայմաններում: Աղիքային սուր վարակիչ հիվանդությունները կարող են առաջացնել Մ. հ-ի օրգանների բորբոքային, կազմափոխական և այլ փոփոխություններ: Հնարավոր է նաև դրանց անցումը քրոնիկ. ձևի՝ սրացման կրկնություններով: Կրած աղիքային սուր վարակիչ և մակաբուծ. հիվանդությունները հանգեցնում են մարսողության օրգանների գործունեության երկարատև խանգարումների, որոնք պահանջում են հատուկ սննդակարգ և դեղորայքային բուժում:

Որովայնի խոռոչի, այդ թվում Մ. հ-ի օրգանների բորբոքային հիվանդությունների հատուկ խումբը պայմանավորված է հյուսվածքային պատնեշի վրա աղիքային մշտ. ֆլորայի կամ պատահական հարուցիչների ներթափանցմամբ (տես Որդանման ելունի բորբոքում, Որովայնամզի բորբոքում, Հարուղիղաղիքաբորբ ևն): Դրանց խիստ նման են նաև այն բորբոքային հիվանդությունները, որոնք առաջանում են հարևան կամ մոտակա օրգաններից կամ արյան միջոցով վարակի փոխանցման ժամանակ: Օրինակ՝ լեղապարկի վարակը կարող է լյարդի թարախակույտի առաջացման պատճառ դառնալ, որդանման ելունի սուր բորբոքումը՝ բարդանալ ենթաստոծանային թարախակույտով: Ընդհանրացված վարակը կարող է գործընթացի մեջ ընդգրկել նաև մարսողության օրգանները:

Մ. հ-ի հիվանդությունների հաճախակի պատճառներ կարող են դառնալ անորակ սնունդը (տես Սննդային թունավարակում), սննդի մեջ քիմ. գործոնների ներթափանցումը, որոնք օրգանների կառուցվածքի ու ֆունկցիայի վրա գրգռող կամ