հաճախ տառապում են աթերոսկլերոզով հիվանդ տղամարդիկ, իսկ սրտի Ա. հիմնականում սրտամկանի ինֆարկտի բարդություն է և սովորաբար լինում է ձախ փորոքի պատում:
Ա-ի դրսևորումները պայմանավորված են դրա տեղադրությամբ, չափերով և այլ գործոններով: Հաճախ հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է հիվանդի համար աննկատ (անախտանշան): Ա. կարող է պատճառ լինել հյուսվածքների արյունամատակարարման խանգարման, որոնք սնուցվում են ախտահարված անոթով: Մեծ չափերի դեպքում Ա. ճնշում է մոտակա օրգանները և հյուսվածքները: Հաճախ խանգարվում է սրտի գործունեությունը և որքան Ա. մոտ է գտնվում սրտին, այնքան խանգարումն ավելի վաղ է առաջանում: Երբեմն Ա. կարող է պատռվել և պատճառ դառնալ ուժեղ արյունահոսության:
Ա-ով հիվանդները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Հատուկ ցուցումներով կատարվում է վիրահատ. միջամտություն: Արդի վիրաբուժության նվաճումները հնարավորություն են տալիս հաջողությամբ վիրահատել:
ԱՆՈԹԱԼԱՅՆԻՉ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, արյունատար անոթների կտրուկ նեղացումը (կծկանքը) կանխող կամ վերացնող դեղանյութեր: Դրանց կիրառումը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը: Այդ դեղանյութերը նշանակում են հիպերտոնիկ հիվանդության, ինչպես նաև անոթների կծկանքով ուղեկցվող այլ հիվանդությունների բուժման համար: Մի շարք Ա.դ. ընտրողաբար են ազդում որոշ օրգանների, օրինակ՝ սրտի անոթների վրա և կիրառվում ևն կրծքային հեղձուկը, սրտամկանի ինֆարկտը և այլ հիվանդություններ բուժելիս:
Ըստ ազդեցության մեխանիզմի՝ տարբերում են մկանահակ (միոտրոպ) և նյարդահակ (նեյրոտրոպ) Ա.դ.: 1-ինները (դիբազոլ, մագնեզիումի սուլֆատ ևն) ազդում են անմիջապես անոթների պատերի մկանների վրա և իջեցնում դրանց լարվածությունը: Նյարդահակ Ա.դ. (կլոֆելին, ռեզերպին ևն) լայնացնում են անոթները՝ ազդելով անոթային տոնուսը կարգավորող նյարդերի վրա (կենտր. կամ ծայրամասային նյարդային համակարգում): Որոշ դեղանյութեր ազդում են խառը մեխանիզմով:
Ա.դ. տարբերվում են արդյունքի դրսևորման արագությամբ և ազդեցության տևողությամբ: Այսպես՝ հիպերտոնիկ հիվանդության բուժման համար կիրառվող պատրաստուկները (կլոֆելին, ռեզերպին ևն) ազդում են երկարատև (առնվազն մի քանի ժ), ընդ որում՝ արդյունքի առաջացման արագությունը, որպես կանոն, մեծ չէ: Սրտի անոթների կծկանքը վերացնող դեղանյութերը պետք է արագ (մի քանի վրկ-ում) ազդեն, քանի որ կրծքային հեղձուկի նոպան կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Նման հատկությամբ է օժտված նիտրոգլիցերինը: Ա.դ. պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:
ԱՆՊԱՅՄԱՆ ՌԵՖԼԵՔՍՆԵՐ, տես Ռեֆլեքսներ հոդվածում:
ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ, ամլություն, չբերություն, սերունդ վերարտադրելու անընդունակություն: Ամուսնությունը համարվում է անպտուղ, եթե կինը 1 տարվա կանոնավոր սեռ. կյանքի ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու, չի հղիանում:
Ա. թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմում ընթացող տարբեր (հատկապես սեռ. համակարգի) խանգարումների հետևանք է:
Տղամարդկանց Ա-յան պատճառ կարող են դառնալ սեռ. օրգանների բնածին արատները (տես Գաղտնամորձություն), նյարդաներզատ. խանգարումները: Ա-յան հիմքում ընկած Են նաև բորբոքային հիվանդությունների, վնասվածքների և սեռ. համակարգի վրա այլ վնասակար ազդեցությունների հետ կապված խանգարումները (տես Ամորձաբորբ, Մակամորձու բորբոքում): Տղամարդկանց Ա. բնորոշվում է սերմնագոյացման տարբեր խանգարումներով: Նման դեպքերում սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակը նվազում է կամ լրիվ բացակայում, նկատվում է նաև դրանց շարժունության թուլացում, ձևափոխություն: Սակայն սեռ. ակտիվությունը, որպես կանոն, պահպանվում է:
Կանանց Ա. կարող է կապված լինել արգանդի և հավելումների առանձնահատուկ (գոնոռեա, տուբերկուլոզ) և ոչ առանձնահատուկ բորբոքային գործընթացների հետևանքով առաջացած արգանդափողերի անանցանելիության հետ: Ա. նաև ներզատիչ գեղձերի (ձվարաններ, վահանագեղձ, մակերիկամներ ևն) և կենտր. նյարդային համակարգի տարբեր (այդ թվում՝ վարակիչ) հիվանդությունների (հատկապես սեռ. հասունացման շրջանում) հետևանք է: Երբեմն Ա-յան պատճառը սեռ. օրգանների թերզարգացումն է (ինֆանտիլիզմ): Արգանդափողի ֆունկցիոնալ ակտիվության խանգարման դեպքում, որպես կանոն, բեղմնավորված ձվաբջջի տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ դժվարանում է, և ձվաբջիջը կա՛մ ոչնչանում է, կա՛մ պատվաստվում արգանդափողում (տես Արտարգանդային հղիություն): Ձվարանների ոչ բնականոն վիճակի հետևանքով հաճախ խանգարվում է արգանդափողերի ֆունկցիան, որը նույնպես կասեցնում է բեղմնավորված ձվաբջջի տեղափոխությունը, և կարող է առաջանալ ձվարանից ձվազատման բացակայություն (անօվուլյատոր փուլ): Ինֆանտիլիզմի դեպքում արգանդի լորձաթաղանթը բարակ է, ձվարանի հորմոնի ազդեցության հանդեպ քիչ զգայուն և ընդունակ չէ բեղմնավորված ձվաբջջի ընդունմանը, իսկ եթե այնուամենայնիվ հղիությունն առաջանում է, ապա դրա ընդհատումն առավել անցանկալի է, որովհետև վիժումը կարող է առաջացնել ձվարանների ֆունկցիայի կայուն խանգարում, արգանդի լորձաթաղանթի սպիական փոփոխություններ և դրանց հետևանքով՝ կայուն Ա.:
Անպտուղ ամուսնության ժամանակ անհրաժեշտ է սկզբում հետազոտել ամուսնուն