Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/492

Այս էջը հաստատված է

(արյան սպիտակ ու կարմիր մարմնիկների և այլ բջիջների առկայությունը): Լայնորեն կիրառվում են Մ-ի բաղադրիչների (խաղողաշաքար, սպիտակուց, հեմոգլոբին, pH, բիլիռուբին, ացետոնային մարմնիկներ ևն) և այլ կողմնորոշիչ հետազոտություններ՝ արագ թեստերի օգնությամբ: Ինդիկատորով թրջած թղթի շերտը ընկղմում են Մ-ի մեջ, 1-2 ր հետո ստացվում է արդյունքը: Լաբորատորիա հանձնելու համար Մ. հավաքում են մաքուր ապակե կամ հատուկ անոթներում, ամուր փակում՝ պահպանելով անձնական հիգիենայի կանոնները:

ՄԵԶԸՆԴՈՒՆԻՉ, օգտագործում են անմիզապահության ժամանակ և երիկամի ու միզապարկի արհեստ. խուղակի առաջացման դեպքերում: Կրում են մշտ. կամ միայն գիշերը (գիշերային անմիզապահության դեպքում):

Մ. ռետինե կամ պլաստմասսայե տարողություն է՝ 2 անցքով, վերևի անցքով մեզը մտնում է ներս, ներքևինով՝ դուրս գալիս, մեզի արտահոսը կարգավորվում է ծորակով: Վերևի անցքին ամրացվում է մեզընկալիչ, որը պատրաստված է հիվանդի արտաքին սեռ. օրգանի անատոմ. կառուցվածքին համապատասխան: Մ. գոտիով ամրացվում է մարմնին:

Մ. կրելիս անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները. Մ. ամեն օր լվանալ տաք ջրով և օճառով, իսկ որոշ դեպքերում (եթե մեզում կա թարախ) ողողել վարակազերծող նյութերով (քլորամին, սուլեմա, ֆուրացիլին): Անհրաժեշտ է նաև սեռ. օրգանները լվանալ օճառով, մաշկը գրգռվելիս՝ այն մշակել կալիումի գերմանգանատի թույլ (բաց վարդագույն) լուծույթով: Բժշկի խորհրդով օգտագործել արծաթի նիտրատի թրջոցներ, ցանափոշի՝ տալկով, ցինկի օքսիդով:

ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅՈՒՆ, հիպոխոնդրիա, հիվանդագին վիճակ, արտահայտվում է իր առողջության նկատմամբ չհիմնավորված, չափից ավելի վախով: Դրանից ելնելով՝ հիվանդը հակված է իրեն վերագրել իրականում գոյություն չունեցող հիվանդություններ: Մ-յանը բնորոշ է ընկճված, տագնապալից տրամադրությունը: Այդպիսի անձինք կասկածամիտ են, ուշադիր հետևում են իրենց օրգանիզմի ֆունկցիաներին, բնականոնից աննշան շեղումների ժամանակ հիվանդ են զգում, դիմում են բժշկի և ենթարկվում բազմաթիվ հետազոտությունների: Նրանց մոտ հաճախ են ներշնչումային հիվանդությունները, հատուկ են սևեռուն մտքերն իրենց մարմնական զգացողությունների հանդեպ և համոզվածությունը շրջապատի անտարբեր վերաբերմունքի մեջ: Միևնույն ժամանակ իրենք այնքան էլ նրբանկատ չեն շրջապատի նկատմամբ: Մ. երբեմն հասնում է այն աստիճանի, որ հիվանդները զրկվում են աշխատունակությունից: Նրանք չեն գիտակցում կյանքի բերկրանքը, ընդմիշտ դժբախտ են և ծանր բնավորության պատճառով մարդկային փոխհարաբերություններում՝ դժվարին:

Մտերիմների հակազդեցությունն այդպիսի հիվանդների հանդեպ երկակի է. կամ կորցնում են համբերությունը և խռովում են հիվանդից, կամ՝ լիովին հավատալով երևակայական հիվանդության ճշմարտացիությանը՝ ամրապնդում են հիվանդի համոզմունքը դրա գոյության վերաբերյալ: Ե՛վ այս, և՛ այն հակազդեցությունները սխալ են նախ այն պատճառով, որ շատ հիվանդություններ սկսվում են աստիճանաբար, անորոշ զգացողություններով ու ախտանշաններով: Եթե այդպիսի հիվանդությունը գնահատվի որպես Մ., կարող է բուժումն ուշանա: Հատկապես պետք է հիշել, որ Մ. երեխաներին բնորոշ չէ:

Վատ ինքնազգացողության ժամանակ հարկավոր է դիմել բժշկի: Եթե հետազոտությունների ընթացքում ներքին օրգանների ֆունկցիաների խանգարում չի հայտնաբերվում, անհրաժեշտ է դիմել հոգեբույժի:

Մ. ախտաբան. բնավորություն չէ, որը կարելի է շտկել դաստիարակությամբ, այլ բուժում պահանջող հիվանդության դրսևորում է: Մ-յան պատճառներ կարող են լինել նևրոզները, պսիխոպաթիան, ընկճվածությունը և այլ հոգեկան հիվանդություններ:

Յուրաքանչյուր հոգեկան հիվանդության դեպքում Մ. բնորոշվում է իր առանձնահատկություններով, որը հոգեբույժին հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել և բուժել հիվանդությունը: Հիվանդի հարազատները և մտերիմները պետք է խստորեն հետևեն ճիշտ բուժմանը, որից հիվանդը հաճախ հրաժարվում է՝ իրեն համարելով հոգեպես առողջ:

ՄԵԿՈՒՍԱՐԱՆ, առանձնացված, հատուկ սարքավորված և կահավորված շենք՝ վարակիչ հիվանդների կամ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կասկածելի (տենդող, լուծով) հիվանդների ժամանակավոր մեկուսացման համար: Մ-ները կազմակերպվում են հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, առողջարաններին, մանկապարտեզներին, գիշերօթիկ տներին, հանրակացարաններին, կայարանների, օդանավակայանների, ձեռնարկությունների բուժկետերին կից:

Մ-ի շենքը պետք է անմատչելի լինի կրծողների, մոծակների, մլակների, ճանճերի և վարակի այլ հարուցիչների թափանցման համար: Մ. ունի անձնակազմի անցախուց (Մ-ի ելքին հարող, առանձնացված մասը)՝ լվացարանով և հիվանդին այցելողների համար հատուկ հագուստով (2-րդ խալաթ, թասակ, թանզիֆե դիմակներ): Մ-ում առանձնացվում են անկողնու պարագաներ, ամանեղեն, հիվանդի խնամքի պարագաներ, սրբիչ, ճիլոպ, օճառ, հիվանդի արտաթորանքը հավաքելու և վարակազերծելու համար կափարիչով դույլ և վարակազերծող միջոցներ:

Մ-ում հիվանդներին սպասարկում են՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային ռեժիմը (բնակարանի, ամանեղենի, սպիտակեղենի, կենցաղային և այլ իրերի կանոնավոր վարակազերծում): Որոշ վարակիչ հիվանդությունների (գրիպ, կապույտ հազ, կարմրուկ ևն) ժամանակ հիվանդին կարելի է մեկուսացնել տան պայմաններում (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների), որտեղ որպես Մ. կարող է ծառայել որևէ առանձին սենյակ կամ սենյակի վարագույրով մեկուսացված անկյունը: Հիվանդի համար հարկավոր է առանձնացնել ամանեղեն, խնամքի պարագաներ և կանոնավոր վարակազերծել դրանք, հիվանդներին խնամողները պետք է խստորեն պահպանեն որոշակի կանոններ ու բժշկի խորհուրդները (տես Հիվանդի խնամք, վարակիչ հիվանդների խնամքի առանձնահատկությունները): Կարող է նաև հիվանդին շրջապատողներին պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալ (տես Կանխարգելիչ պատվաստումներ):

ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ, վարակիչ հիվանդությունների մեծ մասը տարածվում է հիվանդների հետ առողջ մարդկանց շփումից: Բնական է, որ վերջիններիս մեկուսացումը բավականին խոչընդոտում է հիվանդությունների տարածումը: Ամենից առաջ դա ձեռք է բերվում վարակիչ հիվանդանոցներում հիվանդներին հոսպիտալացնելով: Երբեմն վարակիչ հիվանդներին նախապես տեղավորում են մանկ. հիմնարկների, հանրակացարանների, կայարանների մեկուսարաններում: Խոլերայով, ժանտախտով հիվանդների կամ դրանց հարուցիչներով վարակված առարկաների հետ շփված անձանց մեկուսացնում են առողջներից՝ գաղտնի շրջանի առավելագույն տևողությամբ (տես Կարանտին): Այլ վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց ենթարկում են լաբորատոր հետազոտության, կատարում սան.