և ուժեղ քամիների ժամանակ»: Դրա դեմ պայքարելու համար առաջարկում էին որոշ բույսեր, որոնք «բուժիչ հատկություններ» ձեռք են բերել արևի ճառագայթներից, ամպրոպից կամ անձրևից: 20-րդ դ. Մ. սկսեցին ուսումնասիրել հատուկ սարքավորումների օգնությամբ:
Մ-յան դրսևորումները կախված են օրգանիզմի ելակետային վիճակից, տարիքից, որևէ հիվանդության առկայությունից և բնույթից, միկրոկլիմայից և հարմարվողականութւան աստիճանից: Նշված գործոններն ազդում են շրջակա միջավայրի պայմանների, օրգանիզմի հարմարվողականության մակարդակի և դրանց փոփոխությունների նկատմամբ պատասխան հակազդեցության վրա: Մ. առավել հաճախ բնորոշ է նստակյաց կյանք վարող, մտավոր աշխատանքով զբաղվող, սպորտով չպարապող մարդկանց: Առողջ մարդու համար օդերևութաբան. տատանումները, որպես կանոն, վտանգավոր չեն, այլ ընդհակառակը, դրանք մարզում են հարմարվող,. մեխանիզմները, որն օրգանիզմի կոփման յուրահատուկ ձև է: Նյարդային, ներզատիչ համակարգերի ֆունկցիաների և նյութափոխանակության կենսաբանական ռիթմերը բնականոնի սահմանից չեն անցնում: Այնուամենայնիվ, եղանակը չզգացող մարդկանց օրգանիզմում նույնպես հակազդեցությունները դրսևորվում են, թեպետ երբեմն չեն գիտակցվում: Դա պետք է հաշվի առնեն վարորդները, օդերևութաբան. պայմանների կտրուկ փոփոխությունից նրանք դժվար են կենտրոնանում, որի հետևանքով կարող է ավելանալ դժբախտ պատահարների թիվը: Մ. նկատվում է տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների 35-70 %-ի մոտ: Օրինակ՝ եղանակի փոփոխությունն զգում է սիրտանոթային համակարգի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր 2-րդ հիվանդը:
Մթնոլորտային զգալի փոփոխությունները կարող են առաջացնել գերլարվածություն և հարմարվոդականության մեխանիզմների խանգարումներ: Այդ դեպքում կենսբ. ռիթմերն աղավաղվում են և դառնում քաոսային: Ֆիզիոլոգ. (առանց ախտանշանների) եղանակային հակազդեցությունը ընթանում է հանդարտ, մեղմ, իսկ ախտաբանականը (հիվանդագինը)՝ կարծես թե վեգետատիվ «փոթորիկ» լինի օրգանիզմում, որի առաջացմանը նպաստում են վեգետատիվ նյարդային համակարգի կարգավորման խանգարումները: Վերջիններիս թիվը գնալով աճում է՝ կապված արդի քաղաքակրթության ոչ բարենպաստ գործոնների (գերհույզ, շտապողականություն, թերշարժունություն, շատակերություն ևն) ազդեցության հետ: Բացի այդ, տարբեր մարդկանց նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակները նույնը չեն: Դրանով է բացատրվում այն, որ հաճախ միևնույն հիվանդության դեպքում նկատվում են միանգամայն հակառակ եղանակային հակազդեցություններ՝ բարենպաստ և ոչ բարենպաստ: Մ. առավել հաճախ դիտվում է թույլ (մելանխոլիկ) և ուժեղ անհավասարակշռված (խոլերիկ) նյարդային համակարգ ունեցող մարդկանց մոտ (տես Բարձրագույն նյարդային գործունեություն): Ուժեղ հավասարակշռված տիպի (սանգվինիկներ) մարդկանց մոտ այն դրսևորվում է միայն օրգանիզմի թուլության դեպքում: Մ. առանձնապես բարձր է սեռ. հասունացման և ծերացման շրջաններում: Դեռահասների օրգանիզմի «կենսբ. ժամացույցը» դեռևս ձևավորված չէ, իսկ ծերերինն արդեն գործում է «սխալներով»:
Մ. սերտորեն կապված է ժամանակի զգացողության, օրգանիզմի «կենսբ. ժամացույցի» հետ: Գտնում են, որ եղանակի և ժամանակի «տվիչները» տեղադրված են գլխուղեղի ենթատեսաթմբային հատվածում:
Օրգանիզմի վրա ազդում են ինչպես եղանակն ամբողջությամբ, այնպես էլ նրա առանձին բաղադրիչները: Բարոմետր. ճնշման տատանումներն ազդում են 2 ուղիով. նվազեցնում են արյան հագեցումը թթվածնով (բարոմետր. «փոսերի» էֆեկտ) ու մեխանիկորեն գրգռում են կրծքամզի, որովայնամզի, հոդերի ձուսպաթաղանթների նյարդային վերջույթները և արյունատար անոթների ընկալիչները: Նյարդային համակարգի վրա ազդում են քամիները՝ առաջացնելով գերգրգռվածություն: Օդի խոնավությունը կարևոր նշանակություն ունի մթնոլորտում թթվածնի կոնցենտրացիայի պահպանման համար, այն ազդում է օրգանիզմի ջերմային փոխանակության և քրտնարտադրության վրա: Բարձր խոնավության նկատմամբ հատկապես զգայուն են հիպերտոնիկ հիվանդությամբ և աթերոսկլերոզով տառապողները: Սիրտանոթային համակարգի հիվանդությունները մեծ մասամբ սրանում են բարձր հարաբեր. խոնավության (80-95 %) դեպքում: Անձրևային օրերն ազդում են շատ մարդկանց նույնիսկ արտաքին տեսքի վրա. նրանք գունատվում են: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության դեպքում առաջանում են սուր շնչառ. և վարակիչ հիվանդությունների բռնկումներ: Օրգանիզմի վրա ոչ բարենպաստ է ազդում օդում դրական իոնների շատացումը, որը նկատվում է տաք ու խոնավ եղանակին և կարող է սրտի հիվանդությունների սրացում առաջացնել: Մեծ նշանակություն է տրվում նաև Արեգակի ակտիվության և Երկրի մագնիս. դաշտի փոփոխություններին (երկրամագնիս ալեկոծություններ և փոթորիկներ): Դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա դրսևորվում է եղանակի փոփոխությունից 1-2 օր առաջ, իսկ մթնոլորտի մյուս գործոններն ազդում են օդային զանգվածների (ցիկլոն կամ հակացիկլոն) անցումից անմիջապես առաջ կամ նրանց անցման ընթացքում: Անսովոր կայուն եղանակը նույնպես ոչ բարենպաստ է ազդում օրգանիզմի վրա:
Տարբերում են Մ-յան 3 աստիճան՝ թեթև, միջին և ծանր: Թեթև աստիճանը դրսևորվում է միայն սուբյեկտիվ տկարությամբ: Միջին աստիճանի դեպքում նկատվում են հստակ արտահայտված օբյեկտիվ տեղաշարժեր, զարկերակային ճնշման, էլեկտրասրտագրի և այլ ցուցանիշների փոփոխություններ, իսկ ծանրի դեպքում՝ կտրուկ արտահայտված խանգարումներ, որոնք դրսևորվում են 5 տեսակ հակազդեցություններով: Սրտային տիպի դեպքում նկատվում են ցավեր սրտի շրջանում, հևոց: Ուղեղայինը բնորոշվում է գլխացավերով, գլխապտույտով ևն: Խառը տիպը դրսևորվում է սրտային և նյարդային խանգարումների զուգակցմամբ: Ասթենոնյարդայինի դեպքում նկատվում են գրգռվածություն, անքնություն, զարկերակային ճնշման փոփոխություն: Կան նաև անորոշ հակազդեցություններ, որոնք արտահայտվում են ընդհանուր թուլությամբ, հոդացավերով, մկանացավերով ևն:
Մ-յան առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ծանր աստիճանի ժամանակ հիվանդը պետք է գտնվի դիսպանսերային հսկողության տակ: Տարբերում են Մ-յան ամենօրյա, սեզոնային և շտապ կանխարգելում: Ամենօրյա կանխարգելումը ընդգրկում է օրգանիզմի կոփումը, սպորտով պարապելը, որոնք բարձրացնում են օրգանիզմի կայունությունն օդերևութաբան. փոփոխությունների նկատմամբ: Օգտակար է մաքուր օդում երկար ժամանակ գտնվելը: Լավ են ազդում չափավոր զբոսանքները, գիշերային քունը մաքուր օդում, ջրային բուժարարողությունները:
Սեզոնային կանխարգելումը բժշկի խորհրդով կատարվում է գարնանը և աշնանը, քանի որ տարվա անցումային շրջանում առաջանում են կենսբ. ռիթմերի սեզոնային խանգարումներ, իսկ օրգանիզմի հարմարվող. հնարավորությունները