Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/50

Այս էջը հաստատված է

(սերմնահեղուկը), այնուհետև՝ կնոջը: Ա-յան դեպքերի 30%-ը կապված է ամուսնական զույգի վերարտադրող. համակարգի խանգարումների հետ, հետևապես ամուսինները պետք է բուժվեն միաժամանակ:

Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ: Դրա արդյունավետությունը 25 տարեկան կանանց մոտ համարյա կրկնակի բարձր է, քան 35 տարեկանից բարձր կանանցը: Բորբոքային գործընթացների հետ կապված Ա-յան ժամանակ լայնորեն օգտագործում են ֆիզիոթերապիան և առողջարանային բուժումը: Երբեմն արգանդափողերի անցանելիությունը հաջողվում է վերականգնել միայն վիրաբուժ. միջամտությամբ, որը թույլատրվում է մինչև 32 տարեկան կանանց: Ներզատ. խանգարումների ժամանակ կիրառում են համալիր բուժում՝ հորմոնային պատրաստուկների, ֆիզիոթերապևտիկ միջոցների և առողջարանային բուժման զուգակցմամբ: Բուժում է բժիշկը: Տղամարդկանց Ա. բուժում են՝ հաշվի առնելով սերմնագոյացման խանգարումներ առաջացնող փոփոխությունները: Եթե Ա. կապված է ներզատիչ համակարգի ախտաբանության հետ, նշանակում են հորմոնային պատրաստուկներ և վիտամիններ: Սեռ. օրգանների անատոմ. որոշ խանգարումների ժամանակ դիմում են վիրահատ. միջամտության:

Ա-յան կանխարգելման հիմն. միջոցառումը սեռ. օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակին կանխումն ու բուժումն է, արհեստ. վիժումների արգելումը, անձն. հիգիենայի կանոնների պահպանումը (տես Սեռական կյանք): Կարևոր է նաև բերանի խոռոչի և քթաըմպանի բորբոքային հիվանդությունների (հատկապես նշագեղձերի բորբոքում և ատամների ոսկրափուտ) ժամանակին բուժումը:

Ճարպակալման, դաշտանային ցիկլի խանգարման (հատկապես սեռ. հասունացման շրջանում), սեռ. զարգացման կասեցման դեպքերում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ, աշխատանքի անվտանգ պայմաններն ապահովող տեխ. և սան. միջոցառումներ: Ձեռնարկության վարչությունը պարտավոր է ներդնել Ա.տ-ի ժամանակակից միջոցներ՝ արտադր. վնասվածքները կանխելու, սանհիգիենային պայմաններ ապահովելու, բանվորների ու ծառայողների մասնագիտ. հիվանդություններից խուսափելու համար: Ա.տ., լինելով աշխատանքի պաշտպանության մաս, ներառում է աշխատանքի անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցների ուսուցումն ու հրահանգավորումը, շենքերի և շինությունների տեխնիկապես անվտանգ պահպանումը, արտադր. սարքավորումների զինումը պաշտպան. և ապահովիչ հարմարանքներով, վտանգավոր և վնասակար արտադր. գործոնների ազդեցությունից անհատական պաշտպանության միջոցների մշակումը, ինչպես նաև բանվորներին ու ծառայողներին դրանցով ապահովումը:

Ա.տ-ի միջոցառումները յուրաքանչյուր ձեռնարկությունում մշակվում են ձեռնարկության աշխատանքի պահպանության ծառայության (բաժնի, բյուրոյի, խմբի) կողմից՝ ելնելով աշխատանքի պայմաններից, գոյություն ունեցող տեխնոլոգ. գործընթացներից և սարքավորումներից, ինչպես նաև վնասվածքների և մասնագիտ. հիվանդությունների պատճառների վերլուծությունից (տես Մասնագիտական հիվանդություններ, Մասնագիտական վնասակարություններ): Ձեռնարկության վարչությունը պարտավոր է բանվորներին ու ծառայողներին ծանոթացնել Ա.տ-ի կանոններին ու հրահանգներին և հետևել դրանց կատարմանը:

ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆԵՐ, տես Հակաբիոտիկներ:

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ, գիշերային քնի խանգարումների (դժվար քնելը, վաղ արթնանալը, գիշերվա ընթացքում հաճախ արթնանալը և, վերջապես, գիշերային քնի լրիվ բացակայությունը) ընդհանուր անվանումը:

Անհատ. առանձնահատկություններին համապատասխան խոր քնի ժամանակ դրա խանգարումներն առաջանում են տարբեր ազդեցություններից: Մի շարք հիվանդությունների, օրինակ՝ նևրոզների, ալկոհոլամոլության (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական) ժամանակ քնի խանգարումը պարտադիր ախտանշան է: Ա-յան պատճառ կարող են դառնալ քնի նույնատիպության հարկադր. խանգարումը (գիշերային աշխատանքը, ուշ ժամերին պարապմունքները), անսովոր տեղում գիշերելը, ցերեկը կրած ապրումները (վատ քնող մարդու համար բավական է ամենաչնչին առիթը), սկսվող հիվանդությունը: Հաճախ տարեց, ծեր մարդկանց քնի և արթնացման կարգը փոխվում է, քունը դառնում է ավելի մակերեսային, կարճատև, որը պայմանավորված է նրանց օրգանիզմի տարիքային ֆիզիոլոգ. առանձնահատկություններով: Քունը բնականոնացնել կարելի է տարբեր եղանակներով, և դրանց մեջ վերջին տեղը պետք է գրավի քնաբեր ընդունելը: Եթե քնի խանգարումներն առաջացել են տհաճ ապրումներից, հոգնածությունից, քնի նույնատիպության խախտումից (ֆունկցիոնալ Ա.), ապա վերոհիշյալ պատճառները վերացնելիս այն վերականգնվում է: Դրա համար անհրաժեշտ է սովոր. իրադրությունում պառկել միշտ նույն ժամին, թուլանալ, տաքանալ (կարևոր է ոտնաթաթերի տաք լինելը), մտածել հաճելի բաների մասին: Այդպես պետք է վարվել նաև գիշերը կամ առավոտյան վաղ արթնանալիս: Մշտ. անհանգստությունը («կկարողանամ քնել, չեմ քնի») միայն բարձրացնում է հոգեկան գրգռվածությունը և խոչընդոտում քնի բնականոն վերականգնմանը: Այս հանձնարարությունների կատարումը 2-3 օրում վերացնում է հուզումներից և գերհոգնածությունից առաջացած Ա.: Օգտակար են քնից առաջ զբոսանքները, տաք քաղցր ըմպելիքը (մեղրով կաթը կամ քաղցր՝ 4-6 կտոր շաքարով ջուրը), կատվախոտի (վալերիանա), առյուծագիի, ալոճենու արմատների եփուկն ու թուրմը: Քնից առաջ բարերար է 37-39° C ջերմաստիճանի ջրով լոգանք ընդունելը (8-10 ր): Այս միջոցները բավական են ֆունկցիոնալ Ա. վերացնելու համար, իսկ եթե քունը չի վերականգնվում, ապա հարկավոր է դիմել բժշկի: Այդպիսի դեպքերում, քունը կանոնավորելու համար, անհրաժեշտ է բուժել հիմն. հիվանդությունը: Քնի խանգարման ինքնաբուժումը դեղորայքով չափազանց վտանգավոր է: Քնաբեր բոլոր դեղանյութերի անփորձ օգտագործումից առաջանում են բարդություններ՝ ընկճվածություն, տրամադրության անկում, հիշողության և մտածողության խանգարում, մկանային թուլություն, շարժումների ճշտության և արագության կորուստ, իսկ առանձին դեպքերում՝ թմրամոլություն:

ԱՆՕԴԱԿՅԱՑ ՎԱՐԱԿ (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց), վերքերի վարակումն անօդակյաց հիվանդածին մանրէներով, որոնք ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում: Հաճախ առաջանում են վերքերը (հիմնականում՝ ստորին վերջույթների և նստատեղի) հողով աղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են Ա.վ-ի հարուցիչներ: Ավելի շատ վարակվում են ջնջխված կամ սալջարդված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ (զարկերակային) արյան հոսքը:

Ա.վ-ին բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով