հիվանդությունը կարող է ընթանալ ավելի ծանր, քան սուր ցավերի դեպքում: Առավել հաճախ անհետաձգելի օգնության կարիք ունեն երիկամի նոպայանման ուժեղ ցավեր (երիկամային խիթ) ունեցող հիվանդները (տես Միզաքարային հիվանդություն):
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել հիվանդության բնույթը, որովհետև ցավերը երբեմն վկայում են հիվանդության ծանր բարդությունների առկայության մասին: Ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի:
Մ.հ-ի մի շարք հիվանդություններ երկար ժամանակ կարող են ընթանալ անախտանշան: Երիկամների որոշ հիվանդություններ և երիկամային գլխ. զարկերակների ախտահարումները կարող են դրսևորվել միայն արյան զարկերակային ճնշման բարձրացմամբ:
Երիկամաավազանաբորբի, հարերիկամաբորբի, երիկամաքարային հիվանդության ժամանակ ցավերը հաճախ ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ, որը պայմանավորված է վարակի միացմամբ:
Հաճախ Մ.հ-ի հիվանդությունների ժամանակ մեզում հայտնաբերվում է արյուն (արյունամիզություն): Դա մի շարք ծանր հիվանդությունների խիստ վտանգավոր, երբեմն 1-ին ախտանշանն է: Կանանց մեզում արյան ի հայտ գալը կարող է կապված լինել կանանց սեռ. օրգաններից արյան արտադրության հետ: Նման դեպքում հետազոտման համար մեզը պետք է վերցնել զննաձողով (կաթետեր):
Երբեմն դեղանյութերը (օրինակ՝ սալիցիլաթթու պարունակող դեղերը, ամիդոպիրինը ևն), սննդի հետ ընդունած, ինչպես նաև նյութափոխանակության ընթացքում առաջացող նյութերը փոխում են մեզի գույնը, որը հաճախ շփոթում են արյան խառնուրդի հետ:
Շագանակագեղձի (տես Շագանակագեղձի գեղձուռուցք, Շագանակագեղձի բորբոքում), միզապարկի և միզուկի հիվանդությունները կարող են դրսևորվել միզելու հաճախակի ցանկությամբ, միզելիս սուր ծակող ցավերով, միզակապությամբ, մեզի շիթի փոփոխություններով: Նման դեպքերում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի: Ինքնաբուժումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների:
Ժամանակակից բժշկությունն ունի Մ.հ-ի հիվանդություններով տառապողների համալիր բուժման համակարգ: ՀՀ-ում ստեղծվել է հիվանդանոցների մասնագիտացված բաժանմունքների ցանց, հիմնվել են նեֆրոլոգ. կենտրոններ: Արդյունավետ բուժման համար հարկավոր է խստորեն պահպանել բժշկի նշանակած սննդակարգը և ռեժիմը: Մ.հ-ի մի շարք հիվանդությունների դեպքում ցուցված է առողջարանաառողջավայրային բուժումը: Նման դեպքերում հիմն. բուժիչ գործոններն են կլիման, սննդակարգը, հիվանդի օրգանիզմի վրա բալնեոլոգ. և առանձնահատուկ ազդեցությունները: Բուժման այդ ձևն առավել լայնորեն կիրառվում է միզասեռ. օրգանների քրոնիկ. բորբոքային հիվանդությունների, միզաքարային հիվանդության ժամանակ (երբ կարելի է վստահ լինել քարերի ինքնուրույն հեռանալու հարցում)՝ նախավիրահատ. և հետվիրահատ. շրջաններում, ինչպես նաև միզասեռ. համակարգի օրգանների տուբերկուլոզի ժամանակ (երիկամային անբավարարության սկզբն. շրջաններում): Առողջարանաառողջավայրային բուժումը հակացուցված է բորբոքային հիվանդությունների սուր շրջանում, վիրահատ. բուժման բացարձակ ցուցումների, չարորակ ուռուցքների ժամանակ:
Կանխարգելման միջոցառումներից են օրգանիզմի կոփումը, ինչպես նաև շնչառ. հիվանդությունների (տես Սուր շնչառական հիվանդություններ), նշագեղձերի բորբոքման, հայմորիտի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) կանխումը:
Մ.հ-ի վաղ հայտնաբերման ու բուժման համար կարևոր նշանակություն ունի դիսպանսերացումը: Այն ներառում է բնակչության զանգվածային կանխարգելիչ զննումները, քրոնիկ. հիվանդությունների և Մ.հ-ի օրգանների վիրահատություն կրածների դիսպանսերային հսկողությունը և բուժումը:
Դիսպանսերային զննման ուղարկված անձինք իրենց հետ պետք է ունենան արյան, մեզի հետազոտության, արյան ճնշման վերաբերյալ տվյալներ: Հետազոտում են նաև 50-ից բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց շագանակագեղձը: Դա հնարավորություն է տալիս հայտնաբերել և հսկողության տակ վերցնել շագանակագեղձի քաղցկեղի և գեղձուռուցքի վաղ շրջանի առումով կասկածելի անձանց: Մ.հ-ի քրոնիկ. հիվանդություններով անձանց դիսպանսերային հսկողությունը կատարվում է բարդությունների պլանաչափ բուժման ու կանխարգելման, առողջ. վիճակին համապատասխան աշխատանքի տեղավորման նպատակով:
ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, երիկամաքարային հիվանդություն, միզարտադրության համակարգի հիվանդություն, բնորոշվում է մեզի բաղադրամասերից քարերի (կոնկրեմենտ) առաջացմամբ:
Միզաքարերը գոյանում են որոշ նյութերի փոխանակության և ներզատիչ գեղձերի (վահանագեղձ և հարվահանագեղձ, հիպոֆիզ, մակերիկամներ) ֆունկցիաների խանգարման հետևանքով: Մ. հ-յան առաջացմանը նպաստում են միզաթթվի և թրթնջկաթթվի գոյացման համար մեծ քանակությամբ ելանյութեր (հանքային աղեր) պարունակող սննդամթերքի երկարատև օգտագործումը, ինչպես նաև միզուղիներում (երիկամ, միզածորան, միզապարկ) մեզի կանգը (տես Միզարտադրության համակարգ): Այդ գործոնները նպաստում են մեզում աղերի բյուրեղների նստեցմանը (սովորաբար լինում են լուծված) և քարերի առաջացմանը: Միզաքարերը տարբերվում են ըստ իրենց ծագման, օրինակ՝ միզաթթվի աղերից գոյանում են միզաթթվային քարեր (ուրատներ), թրթնջկաթթվական կալցիումից՝ օքսալատային քարեր, կալցիումից և ֆոսֆորաթթվական աղերից՝ կալցիումֆոսֆատային քարեր: Մանր, քորոցի գլխիկի մեծությամբ քարերը երբեմն հասնում են խոշոր չափերի, կրկնում երիկամի ավազանի գծագրությունը և նմանվում մարջանի:
Մ.հ. սովորաբար ի հայտ է գալիս 20-50 տարեկանում: Քարերն առավել հաճախ գոյանում են երիկամներում (որտեղից կարող են տեղափոխվել միզածորան և միզապարկ), հազվադեպ՝ միզապարկում:
Մ.հ-յան դրսևորումները պայմանավորված են քարի տեղադրությամբ. երիկամի քարերին բնորոշ են գոտկատեղի մղկտացող ցավերը, որոնք ուժեղանում են ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ և ցնցումներից (անհարթ ճանապարհով երթևեկելիս): Հիվանդներն, այդ ցավերը գոտկացավի տեղ ընդունելով, հաճախ բժշկի չեն դիմում և բուժվում են ինքնուրույն: Այդ ընթացքում քարերը, երկար ժամանակ գտնվելով երիկամի ավազանում,