Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/504

Այս էջը հաստատված է

աստիճանաբար առաջացնում են դրա լայնացում և երիկամային հյուսվածքի բորբոքում (տես Երիկամաավազանաբորբ), արգելում մեզի արտահոսն ավազանից, որի հետևանքով առաջանում է ուժեղ ցավերի նոպա (երիկամային խիթ): Վերջինիս դեպքում նկատվում են սրտխառնոց, փսխում, սառը քրտինք: Որովայնը փքվում է, երբեմն բարձրանում է ջերմաստիճանը: Ցավը մեղմացնելու նպատակով հիվանդն ընդունում է հարկադրական դիրք: Քարը երիկամից միզածորան ընկնելիս ցավերն ավելի են ուժեղանում՝ ճառագայթվելով դեպի սեռ. օրգանները, աճուկային շրջանը: Հաճախակի առաջանում է միզելու ցանկություն:

Երիկամային խիթի նոպայի ժամանակ հարկավոր է անհապաղ բժիշկ կանչել: Ինքնաբուժում (տաք լոգանք, ցավազրկող դեղանյութեր) չի թույլատրվում, քանի որ նոպաները կարող են առաջանալ նաև որովայնի խոռոչի առանձին սուր հիվանդությունների ժամանակ, որոնք այլ բուժում են պահանջում:

Միզապարկի քարերը կարող են գրգռել և բորբոքել նրա լորձաթաղանթը և հաճախակի ու ցավոտ միզարձակման պատճառ դառնալ: Ֆիզ. բեռնվածության ժամանակ կամ քայլելիս քարը կարող է վնասել լորձաթաղանթը և առաջացնել արյունահոսություն, որից մեզը կարմրում է (արյունամիզություն): Քարը միզուկի մեջ ընկնելիս մեզի արտահոսը խանգարվում է, իսկ երիկամների և միզածորանների քարերի երկկողմանի առկայության ժամանակ՝ լրիվ ընդհատվում (անմիզություն): Դա վտանգավոր բարդություն է, քանի որ օրգանիզմում կուտակվում են նյութափոխանակության թունավոր արգասիքներ, և տեղի է ունենում ինքնաթունավորում: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Բուժումը. հիմնականում արդյունավետ են քարերի հեռացումը և, դրա հետ կապված, միզուղիների բորբոքումների վերացումը: Բուժման միջոցները պայմանավորված են քարերի տեղադրությամբ և մեծությամբ: Փոքր քարերը կարելի է երիկամներից ու միզածորաններից դուրս բերել (անպայման բժշկի հսկողությամբ) տարբեր դեղանյութերի, ֆիզիոթերապևտիկ բուժարարողության և ջրային բեռնվածության (առատ հեղուկներ) օգնությամբ: Միզածորանի նախամիզապարկային հատվածից քարերը երբեմն հեռացնում են հատուկ օղակների օգնությամբ: Եթե դա հնարավոր չէ, դիմում են վիրահատության:

Կարևոր է ռացիոնալ սնունդը: Սննդակարգը նշանակում է բժիշկը՝ կախված փոխանակային խանգարումների բնույթից և քարերի բաղադրությունից: Այսպես՝ միզաթթվային քարերի առաջացման ժամանակ խորհուրդ է տրվում կաթնաբուս. սննդակարգ՝ բացառելով տապակած, շոգեխաշած և ապխտած միսը, կծու պանիրը, թունդ թեյը, լոբազգիները, ամսական բողկը, սպանախը, պղպեղը, մանանեխը են, կալցիումաֆոսֆատային քարերի ձևավորման ժամանակ, ընդհակառակը, խորհուրդ է տրվում օգտագործել մսամթերք՝ բացառելով կաթնաբուսականը:

Բորբոքային երևույթները պահանջում են երկարատև բուժում:

Կանխարգելումը պայմանավորված է միզուղիների բորբոքային հիվանդությունների (օրինակ՝ երիկամաավազանաբորբի) ժամանակին բուժմամբ:

ՄԻԶՈՒԿԱԲՈՐԲ, ուրեթրիտ, միզուկի բորբոքային հիվանդություն: Ախտանշաններն են ցավոտ միզարձակումը, թարախային արտադրությունը, միզուկի արտաքին բացվածքի եզրերի կարմրությունն ու կպչելը: Այդ ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ հետագայում բորբոքումը կարող է տարածվել և ընդգրկել ամորձու հավելումները (տես Մակամորձու բորբոքում), շագանակագեղձը (տես Շագանակագեղձի բորբոքում), սերմնաբշտերը, ինչպես նաև միզապարկը, որոնք վերջին հաշվով հանգեցնում են անպտղության և երիկամների ախտահարման:

Մ. սովորաբար առաջանում է սեռ. հարաբերության ժամանակ գոնոռեայով կամ վեներ. այլ հիվանդություններով ախտահարվելիս՝ միզուկի մեջ թարախածին բակտերիաներ (աղիքային ցուպիկ, ստրեպտոկոկեր, պնևմոկոկեր) ընկնելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև անձն. հիգիենայի կանոնների խախտումները: Հաճախ մանրէները միզուկ են թափանցում արյան և ավշային անոթներով՝ օրգանիզմում եղած բորբոքային օջախներից (օրինակ՝ նշագեղձերի բորբոքման և ատամների ոսկրափուտի դեպքերում):

Մ. կանխելու նպատակով կարևոր է պահպանել անձն. և սեռ. հիգիենայի կանոնները (տես Սեռական կյանք), ժամանակին բուժել տարբեր բորբոքային և ընդհանուր վարակիչ հիվանդությունները:

ՄԻԿՈԶՆԵՐ, տես Մաշկի սնկիկային հիվանդություններ հոդվածում:

ՄԻԿՐՈԿԼԻՄԱ, երկրի մակերևույթի սահմանափակ, ոչ մեծ հատվածների կլիմա, որը տարբերվում է տվյալ կլիմայական գոտուն բնորոշ օդերևութաբան. սովոր. պայմաններից (օրինակ՝ օազիսների Մ.՝ անապատներում, կիրճերինը՝ հովիտներում ևն): Մ. են կոչվում նաև երկրի մակերևույթի սահմանափակ տարածքում (ջերմոցներ, ջերմատներ, արհեստ. ջրամբարներ ևն), փակ բնակելի և արտադր. շինություններում, ինչպես նաև տրանսպորտում, տիեզերանավերում, միջուղեծրային կայաններում արհեստականորեն ստեղծված կլիմայական պայմանները: Մ. բնորոշվում է ֆիզ. գործոնների և դրանց զուգակցությունների (ջերմաստիճան, խոնավություն, օդի շարժում, մթն. ճնշում, լուսավորվածություն ևն) համալիրով, որոնք ազդում են մարդու օրգանիզմի, նրա ինքնազգացողության, աշխատունակության, տրամադրության և առողջության վրա:

Մ. պայմանավորված է տեղանքի ռելիեֆով: Բարձրությունների դեպի հվ. ուղղված լանջերն ավելի լավ են տաքանում արևից, հս. լանջերն ավելի սառն են, քան հվ-արմ. և հվ. լանջերը, իսկ արմ. թեքություններն ավելի տաք են, քան արլ-ը: Զգալիորեն տարբերվում են բարձրադիր և ցածրադիր վայրերի օդի ջերմաստիճանները: Սովորաբար ցածր տեղերում օդն ավելի ցուրտ և խոնավ է, որի պատճառով էլ այդ վայրերի Մ. առողջության համար այնքան էլ բարենպաստ չէ: Տեղանքի ռելիեֆն ազդում է քամու ուժի և ուղղության վրա, պայմանավորում օդի շարժման բնույթը: Մ-ի վրա որոշակիորեն ազդում է հողի որակը: Քարքարոտ հողերն, ուժեղ տաքանալով, օդին տալիս են շատ ջերմություն, ավազահոդերը և դրանց վերևի օդը ցերեկն ուժեղ տաքանում են, իսկ գիշերը՝ արագ սառչում: Մուգ հողերն ավելի շատ արևի էներգիա են կլանում և ավելի շատ տաքանում, քան բաց հողերը: Բուսականությունը, բաց ջրամբարները շոգ եղանակին մեղմում են օդի ջերմաստիճանը: Մ-ի պայմանների և տեղանքի առանձնահատկություններն անհրաժեշտ է հաշվի առնել բնակելի շենքերի, բնակավայրերի, առողջարանների, հանգըստյան տների, ճամբարների, մարզ. կառույցների