Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/505

Այս էջը հաստատված է

շին-յան համար տարածքներ ընտրելիս:

Փակ շինությունների Մ. պայմանավորված է մթնոլորտի կլիմայական գործոններով, որոնք կարևոր են նախագծման, շինանյութերի, վառելիքի, ջեռուցման, օդափոխման համակարգերի և դրանց շահագործման ռեժիմի ընտրության հարցերում: Արհեստ. Մ-ի ստեղծումը նպատակաուղղված է ոչ բարենպաստ կլիմայական գործոնների չեզոքացմանը և մարդկանց համար աշխատանքի ու կենցաղի առավել բարենպաստ, կայուն պայմանների ապահովմանը: Արհեստ. Մ-ի ստեղծման համար օգտագործում են տարբեր մեթոդներ ու միջոցներ, բնակելի և արտադր. շենքերը նախագծելիս, կառուցելիս հաշվի են առնվում տվյալ շրջանի կլիմայական պայմանները, տեղանքի ռելիեֆը, օդորակման սարքավորումների տեղադրումը ևն:

Տես նաև Բնակարան:

ՄԻԿՐՈՍՊՈՐԻԱ, մաշկի վարակիչ սնկիկային հիվանդություն: Հարուցում են մանրադիտակային սնկիկները և ախտահարում ոչ միայն մաշկը, այլև մազերը, հազվադեպ՝ եղունգները: Մ-ի դրսևորումները նման են տրիխոֆիտիային, որոնք նախկինում միավորված էին «խուզող որքին» անվան տակ: Տարբերում են Մ. հարուցող 2 տեսակի սնկիկներ: 1-ինները մակաբուծում են միայն մարդու օրգանիզմում, և հարուցած հիվանդությունը շատ վարակիչ է: Հիվանդանում են հիմնականում երեխաները: Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից կամ նրա օգտագործած առարկաների ու իրերի միջոցով (որոնք աղտոտված են մաշկային թեփուկներով կամ մազերով և պարունակում են սնկիկների թելիկներ, սպորներ): Մյուս տեսակի սնկիկները մակաբուծում են կատուների և շների մաշկի ու բրդի վրա: Երեխաները և հասուն մարդիկ վարակվում են հիվանդ կենդանիների հետ շփվելիս կամ նրանց բրդով աղտոտված առարկաների միջոցով, հազվադեպ՝ հիվանդ մարդուց:

Մ. դրսևորվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի և իրանի մաշկի վրա՝ կարմիր, բորբոքային, ապա՝ թեփոտվող, կլորավուն կամ ձվաձև բծերի առաջացմամբ: Կատվից կամ շնից վարակվելիս գլխի մազածածկ հատվածում սկզբում առաջանում է կլորավուն, թեփոտվող, կարծես ալրոտված օջախ, որտեղ սնկիկներով ախտահարված մազերը կոտրատված են և պատված սպիտակ թաղանթով, այնուհետև գոյանում են նոր, ավելի փոքր օջախներ: Միայն մարդուն ախտահարող սնկիկներով վարակվելիս այդ օջախները գլխի վրա ավելի արագ են առաջանում և միաձուլվում միմյանց: Այս դեպքում կոտրատվում են ոչ բոլոր ախտահարված մազերը, և դրանք դժվար են տարբերվում առողջ մազերից:

Հիվանդությունն ախտորոշում է բժիշկը՝ հիվանդի կլինիկ. հետազոտության, ախտահարված մազերի և մաշկային թեփուկների մանրադիտակային ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև լյումինեսցենտային մեթոդով:

Բուժումն առավելապես իրականացվում է հիվանդանոցում, բայց կարելի է նաև ամբուլատոր եղանակով (կախված Մ-ի տեսակից): Ինքնաբուժումն անթույլատրելի է:

Կանխարգելման հիմն. միջոցը պայքարն է թափառող կենդանիների դեմ: Անհրաժեշտ է երեխաներին զգուշացնել, որ թափառող կենդանիներին ձեռք չտան, առանց նախն. անասնաբուժ. ստուգման տուն չտանեն: Կատուների Մ. կարող է ընթանալ աննկատելի, ուստի տնային կենդանիներին ևս կանոնավոր կերպով պետք է ենթարկել բժշկ. հետազոտության (բայց հիվանդ կենդանիներին չի կարելի տնից դուրս հանել): Երեխաների Մ-ի բռնկումները նկատվում են մայիսից հոկտեմբեր: Միայն մարդկանց բնորոշ Մ-ի կանխարգելման նպատակով կատարել բնակարանի և հիվանդի իրերի վարակազերծում, հիվանդների հոսպիտալացում, ընտանիքի անդամների հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ բուժում: Տես նաև Սնկիկներ մանրադիտակային, Մաշկի սնկիկային հիվանդություններ:

ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, վիրաբուժության բաժին, որը վիրաբուժ. սովոր. գործելաոճը զուգակցում է մանրադիտակի տակ վիրահատման տեխնիկայի հետ՝ հատուկ մանրանրբին գործիքների և շատ բարակ, չվնասող ասեղների (նրանց զոդված թելերով) օգնությամբ: Վիրահատության հատուկ տեխնիկան միկրովիրաբույժին հնարավորություն է տալիս ծայրաստիճան խնամքով պատրաստուկել հյուսվածքները և առանձնացնել մանրագույն անատոմ. գոյացությունները: Այդ մեթոդը հաստատուն կերպով ներդրվել է աչքի, միջին ականջի վիրահատությունների բնագավառներում: Ժամանակակից Մ. և վ. վ. լայնորեն օգտագործվում է մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի, ամբողջական վերջույթների (դրանց վնասվածքային ծայրատման դեպքում) փոխպատվաստման, ոտքի մատները ձեռքին փոխպատվաստման (վնասվածքի հետևանքով մատները կորցնելիս), բարդ բաղադրիչների կտորների (մաշկը՝ ենթամաշկային ճարպաբջջանքի և մկանների հետ) ազատ փոխպատվաստման (փափուկ հյուսվածքների ծավալուն արատները փակելու նպատակով), ծայրանդամների ավշային այտուցների, մկանների կամ ոսկրերի ազատ փոխպատվաստման, վնասված ծայրամասային նյարդերի փոխարինման, օրգանների (օրինակ՝ սերմնատար ծորանների, արգանդափոդերի) վերակառուցող. վիրահատությունների ժամանակ:

Մ. և վ. վ. առավել մեծ նշանակություն ունի մատների, ձեռնաթաթի և վերջույթների մյուս մասերի վնասվածքային ծայրատման ժամանակ, որոնց կարումը և ֆունկցիայի վերականգնումը, առանց միկրովիրաբուժ. մեթոդների կիրառման, անհնար է:

Օրգանիզմից անջատած հյուսվածքների կենսունակության պահպանման ժամկետների վերաբերյալ տվյալները, կախված վնասվելու պահից անցած ժամանակից և շրջապատի ջերմաստիճանից, բերված են աղյուսակում:

Աղյուսակ
Օրգանիզմից անջատած հյուսվածքների կենսունակության պահպանման ժամկետները (ժամերով)` կախված միջավայրի ջերմաստիճանից
Վնասվածքային ծայրատման մակարդակը Կենսունակության ժամկետները՝ ժամերով
մինչև +4°C դեպքում +4°Cից բարձրի դեպքում
Մատներ 16 8
Ձեռնաթաթ 12 6
Նախաբազուկ 6 4
Բազուկ 6 4
Ոտնաթաթ 6 4
Սրունք 6 4
Ազդր 6 4

Աղյուսակից երևում է, որ ծայրատված ծայրանդամը կենսունակ պահպանելու համար գոյություն ունի որոշակի ժամանակ, որի ընթացքում այն պետք է տեղափոխվի մասնագիտացված Մ. և վ. վ-յան կենտրոն: Նման դեպքում ցածր ջերմաստիճանը և արագ տեղափոխումը հնարավորություն են տալիս բարեհաջող վերապատվաստման (վերջույթի անջատված մասերի կարում):

Սակայն այդպիսի վիրահատությունների հաջողությունները շատ բանով կախված են առաջնային միջոցառումներից, որոնք անհրաժեշտ է կատարել դեպքի վայրում: Ամենից առաջ հարկավոր է տուժածին 1-ին օգնություն ցույց տալ. արյունահոսությունը դադարեցնել ճնշող վիրակապով կամ լարանով՝ նշելով դնելու