Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/507

Այս էջը հաստատված է

դասընթացներ (ԱՊՀ֊ում միակը): 1999-ին հիմնվել է հայ միկրովիրաբույժների և վերականգնող. վիրաբույժների գիտ. ընկերությունը (նախագահ՝ Ա. Սահակյան):

ՄԻՈՑԻՏ, տես Մկանաբորբ:

ՄԻՈԿԱՐԴԻՏ, տես Սրտամկանի բորբոքում:

ՄԻՈՄԱ, տես Մկանուռուցք:

ՄԻՋԱՏԱԶԵՐԾՈՒՄ, դեզինսեկցիա, հիվանդությունների հարուցիչները փոխանցող հոդվածոտանիների (միջատներ և տզեր) և սննդամթերքի պաշարների ու բույսերի վնասատուների ոչնչացում: Կենցաղում Մ. հիմնականում կատարվում է ճանճերի, խավարասերների, փայտոջիլների, լվերի, ոջիլների (տես Ոջլոտություն) ոչնչացման նպատակով:

Մ-ման միջոցառումները պայմանականորեն լինում են կանխարգելիչ և ոչնչացնող: Կանխարգելիչ միջոցառումներն են բնակարանների և օժանդակ տարածքների մաքրության պահպանումը, դրանց կանոնավոր խոնավ մաքրումը, լուսամուտների ու դռների ցանցապատումը, սննդամթերքը և մնացորդները փակ ամաններում պահելը:

Բակային կառույցները, նկուղները բարվոք վիճակում պահելը և լավ օդափոխությունը կանխում են մոծակների, մլակների տարածումը: Փոքր ջրամբարների, առուների մաքրումը, փոքր առվակները, ջրափոսերը վերացնելը խոչընդոտում են մոծակների բազմացմանը:

Ոչնչացնող միջոցառումներն իրագործվում են ֆիզ., քիմ. և կենսբ. մեթոդներով: 1-ինի դեպքում հագուստի, անկողնու սպիտակեղենի, գորգերի, վարագույրների վրայի միջատները հեռացնում են՝ դրանք թափ տալով: Փոշին, որոշ միջատներ (օրինակ՝ խավարասերներ, լվեր, ցեցեր) հեռացնելու համար օգտագործում են փոշեկուլը, ճանճերի և խավարասերների դեմ՝ տարբեր թակարդներ, կպչուն թուղթ: Խավարասերների է ոչնչացնել նաև եռջրով, ոջիլները՝ տաք արդուկով և չոր օդով (վարակազերծող խցիկներում):

Հոդվածոտանիների ոչնչացման համար օգտագործում են նաև քիմ. տարբեր նյութեր, հեքսաքլորան (հեքսաքլորցիկլոհեքսան), երկքլորերկֆենիլեռքլորէթան, երկքլորպինեն, բազմաքլորկամֆեն, քլորոֆոս, կարբոֆոս ևն: Բուս. միջատասպաններից են պիրեթրումը և նրա սինթետիկ նմանակները՝ պիրեթրինները (դիմետրինը, ալետրինը ևն):

Նշված նյութերն օգտագործվում են փոշիների, լուծույթների, աերոզոլի ձևով և ըստ ազդեցության մեխանիզմի բաժանվում են 3 խմբի. 1-ինները հոդվածոտանիների արտաքին ծածկույթների վրա ազդում են առավելապես անմիջական շփմամբ, 2-րդները աղիքային ճանապարհով օրգանիզմ են ընկնում սննդի հետ, 3-րդները՝ ֆումիգանտները, թափանցում են շնչառ. ուղիներով:

Ըստ ընտրող. ազդեցության թույները լինում են՝ միջատների դեմ (ինսեկտիցիդներ), տզերի դեմ (ակարիցիդներ), թրթուրների դեմ (լարվիցիդներ), միջատների և տզերի ձվերի դեմ (օվիցիդներ): Կենսբ. մեթոդները հիմնված են «կենդանի էակը կենդանի էակի դեմ» սկզբունքի վրա, երբ Մ-ման համար օգտագործում են միջատների և տզերի հիվանդությունների հարուցիչները կամ դրանց բնական թշնամիները (օրինակ՝ մալարիային մոծակի դեմ բազմացվում է թրթուրակեր գամբուզիա ձուկը): Կենսբ. մեթոդներն իրենց բարդության պատճառով դեռևս հազվադեպ են կիրառվում:

ՄԻՋՆՈՐԴԱՆՅՈՒԹԵՐ, մեդիատորներ, քիմ. նյութեր, որոնք առաջանում են նյարդային վերջույթներում և դրդումը հաղորդում մեկ նյարդային բջիջից մյուսին կամ նյարդային վերջույթից՝ աշխատող օրգանին (մկանաթել, գեղձային բջիջ ևն): Մ. հայտնաբերել է (1921) ավստր. դեղաբան Օ. Լյովին:

Մ-ի օգնությամբ դրդման հաղորդումն իրականանում է սինապսներում: Մ. պարունակվում են նախասինապսային հատվածի մանր բշտիկներում: Նյարդաթելը դրդվելիս բշտիկները պայթում են, իսկ Մ. ազատվում են ու անցնում սինապսային ճեղքի մեջ (որը լցված է կազմությամբ արյան պլազմային նման հեղուկով), որտեղից դիֆուզվում են, ազդում հարևան բջջի հետսինապսային թաղանթի վրա և դրդում այն: Հետսինապսային թաղանթը (ի տարբերություն բջջի մնացած մասը ծածկող թաղանթի) Մ-ի ազդեցության նկատմամբ օժտված է բարձր զգայնությամբ:

Մ. կարող են հաղորդել ոչ միայն դրդման, այլև արգելակման ազդակներ: Հայտնի են հետևյալ Մ.՝ ացետիլխոլինը (ազդակները հաղորդում է պարասիմպաթիկ և կենտր. նյարդային համակարգում), նորադրենալինը (արտադրվում է սիմպաթիկ նյարդային վերջույթներում), սերոտոնինը, դոֆամինը, գամմա-ամինակարագաթթուն, գլիցինը, գլուտամինաթթուն, հիստամինը, որոշ նյարդապեպտիդներ ևն, որոնք դրդումը հաղորդում են կենտր. նյարդային համակարգում: Դրդման հաղորդումը սինապսով կրկնելու համար անհրաժեշտ է քայքայել նախորդ նյարդային դրդման ժամանակ արտադրվող Մ.: Դա ստացվում է սինապսի շրջանում գտնվող հատուկ ֆերմենտների ազդեցության հետևանքով, որոնցից են խոլինէսթերազը (ճեղքում է ացետիլխոլինը), ամինաօքսիդազը (նորադրենալինը):

Նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների և որոշ թունավորումների ժամանակ խանգարվում են Մ-ի առաջացումը, ազդեցությունը կամ ճեղքումը: Հայտնաբերվել են նյութեր, որոնք խոչընդոտում են նյարդային դրդման հաղորդմանը սինապսներում: Օրինակ՝ կուրարե թույնը կասեցնում է դրդման հաղորդումը շարժող. նյարդերից մկանին: Վիրաբուժության մեջ (օրինակ՝ արհեստ. շնչառության պայմաններում կատարվող փորահատությունների ժամանակ) լայնորեն օգտագործվում է կուրարեանման նյութերի կմախքային մկանները թուլացնող հատկությունը:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ, տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից հոդվածում:

ՄԻՍ, ՄՍԱՄԹԵՐՔ, առավել լիարժեք և տարածված սննդամթերք: Մսի սննդային և կենսբ. արժեքն ապահովում է նրա հարուստ քիմ. բաղադրությունը, հատկապես սպիտակուցային մասը: Այն լավ յուրացվող և սննդարար է, հեշտ է ենթարկվում խոհարար. մշակման (տես Սննդամթերքի խոհարարական մշակում): Մսից պատրաստվող կերակրատեսակներն զգալի բազմազանություն են մտցրել սննդում:

Մսի բաղադրության մեջ կան լիարժեք սպիտակուցներ, ինչպես նաև ճարպեր, վիտամիններ, մզվածքային և հանքային նյութեր:

Մ., մ. օրգանիզմը սպիտակուցներով ու ճարպերով ապահովելու հիմն. աղբյուրն են: Առավել լիարժեք են մկանային հյուսվածքների սպիտակուցները: Քիմ. բաղադրությամբ և յուրացվելիությամբ քիչ արժեքավոր են շարակցական հյուսվածքներում և աճառներում պարունակվող սպիտակուցները:

Մսի (հատկապես տավարի ու ոչխարի) ճարպում գերակշռում են հագեցած ճարպաթթուները, որի հետևանքով դրանք դժվարահալ և դժվարամարս են: Առավել դյուրահալ և դյուրամարս է խոզի ճարպը: Միսը յուրացվող ֆոսֆորի, երկաթի լավ աղբյուր է, պարունակում է նաև կալիում, նատրիում, ցինկ, յոդ, պղինձ և այլ հանքային նյութեր: Առավել շատ վիտամիններ (հիմնականում B խմբի) կենտրոնացված են ներքին օրգաններում, հատկապես՝