Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/511

Այս էջը հաստատված է

ՄԿԱՆՈՒՌՈՒՑՔ, միոմա, մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք: Առաջանում է մկանային հյուսվածքի տարրեր պարունակող ցանկացած օրգանում, առավել հաճախ՝ արգանդում, մաշկում, ստամոքսաղիքային համակարգում, հազվադեպ՝ կմախքային մկաններում և սրտամկանում: Մ. լինում է 2 տեսակի. լեյոմիոմա, որն առաջանում է հարթմկանային հյուսվածքից, և ռաբդոմիոմա՝ միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից:

Մ. շրջապատող հյուսվածքից խիստ սահմանազատված, 0,5-30 սմ տրամագծով կլոր, պինդ հանգույց է, որի մակերևույթը կտրվածքի վրա միասեռ է կամ թելքավոր, վարդագույն կամ դեղնավարդագույն: Մ-ի խոշոր հանգույցներում հաճախ առաջանում են 2-րդային փոփոխություններ (արյունազեղում, մեռուկացում, կեղծ բշտուռուցքի առաջացում, ոսկրացում): Կլինիկ. ընթացքը հիմնականում կախված է Մ-ի տեղադրությունից և չափերից:

Բուժումը վիրահատական է, ելքը՝ բարենպաստ:

ՄՈԾԱԿՆԵՐ, երկթևանիների կարգի միջատներ: Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը: Էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու ու կենդանիների արյունով, արուները՝ միայն բուս. հյութերով: Էգ մոծակը ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն: Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում: Մ-ի ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերային ժամերին: Որոշ տեսակներ (Anopheles ընտանիքի) փոխանցում են մալարիայի (մալարիային Մ.), ինչպես նաև վիրուսային և ճիճվային հիվանդությունների հարուցիչներ: Ոչ մալարիային Մ. փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծ. հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա ևն): Արյունը ծծելիս Մ-ի թուքն ունենում է գրգռիչ ազդեցություն, նկատվում են քոր, այրոց, բշտիկներ: Նշված տհաճ երևույթները կարելի է վերացնել կծած տեղն անուշադրի սպիրտի լուծույթով մշակելով:

Էգերը ձվադրում են բնական և արհեստ. ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում: ՀՀ-ում տարածված է մալարիային Մ-ի 5 տեսակ, որոնցից համաճարակաբան. նշանակություն ունեն An. maculipennis և An. superpictus տեսակները:

Անհատ. պաշտպանության համար անհրաժեշտ է հագնել հատուկ պաշտպան. հագուստ, բնակարանների դռներն ու պատուհանները ցանցապատել, կիրառել միջատներին վանող նյութեր (ռեպելենտներ): Մալարիային Մ-ի դեմ շինություններում օգտագործել կայուն պատրաստուկներ: Թրթուրները ոչնչացնելու համար ձվադրման տեղերը (ջրամբարները) մշակել տարբեր էմուլսիաներով: Տնտ. նշանակություն ունեցող ջրամբարներում Մ-ի թրթուրների վերացման համար բազմացնում են գամբուզիա ձուկը:

ՄՈՆՈՆՈՒԿԼԵՈԶ ՎԱՐԱԿԻՉ, սուր վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է անգինայով, ընդհանուր թունավորմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացմամբ, արյան կազմի փոփոխություններով: Հարուցիչը հայտնաբերված չէ. ենթադրվում է հիվանդության վիրուսային բնույթը: Հիվանդանում են հիմնականում երեխաները և երիտասարդները: Ընտանիքներում, մանկ. և պատանեկան կոլեկտիվներում հնարավոր է խմբային հիվանդացություն: Հիվանդների թիվն աճում է աշնանը և ձմռանը. ընկալունակությունը բարձրանում է քթաըմպանի և վերին շնչուղիների լորձաթաղանթների բորբոքումների դեպքում: Գաղտնի շրջանը 4-28 (հաճախ՝ 7-10) օր է: Բազմատեսակ կլինիկ. դրսևորումներից առավել արտահայտված են ընդհանուր թուլությունը, գլխացավը, ջերմաստիճանի բարձրացումը, ավշահանգույցների մեծացումը, կոկորդի ցավերը:

Բուժում է բժիշկը: Հիվանդներին հոսպիտալացնում են՝ հաշվի առնելով կլինիկ. (հիվանդության ծանրության աստիճանը) և համաճարակաբան. ցուցանիշները: Հիվանդի բնակարանը վարակազերծում են:

ՄՈՏՈՍՊՈՐՏ, մարզաձև, ընդգրկում է արագընթաց մրցարշավները, մոտոցիկլետի ձևավոր վարումը, մոտոբոլը (թիմային խաղ գնդակով), մոտոցիկլետային կրոսը (կտրտված տեղանքով), տրեկային մրցարշավները, մոտոռալլին ևն:

Մ. կապված է տևական մկանային լարվածության, նյարդային մեծ բեռնվածության հետ, բացի այդ օրգանիզմի վրա ներգործում են ցնցումները և թրթռումը: Մարզիկը պետք է ունենա ֆիզ., տեխ. և հոգեբան. լավ պատրաստվածություն:

Մ. մարզիկների մոտ զարգացնում է հակազդեցությունների արագություն, ուշադրություն, ճշգրտություն, շարժումների համաձայնեցում, վճռականություն, իրադրությունն արագ գնահատելու հմտություն, ամրապնդում է սիրտանոթային, շնչառ. , ոսկրամկանային և այլ համակարգերը: Մոտոցիկլետ վարելու թույլտվություն տրվում է ֆիզիկապես և հոգեպես առողջ պատանիներին և աղջիկներին՝ 16 տարեկանից, որոնք ունեն վարելու իրավունք և ենթարկվել են բժշկ. քննության: Մ. հակացուցված է անկայուն հոգեկան, տեսողության և լսողության խանգարում ունեցող, վնասվածքներ կամ կենտր. նյարդային համակարգի հիվանդություններ կրած անձանց:

Վնասվածքների կանխարգելման նպատակով մարզիկները պարտադիր պետք է կրեն հատուկ պաշտպան. սաղավարտներ գլխի համար, ոտքերին՝ հուսալի վահանիկներ: Անհրաժեշտ է իմանալ նաև ինքնաապահովման եղանակները: Պաշտպանության միջոցները և փողոցային երթևեկության կանոնները չպահպանելիս հնարավոր են վնասվածքներ՝ ծանր հետևանքներով:

ՄՍՈՒՐԱՅԻՆ ՏԱՐԻՔ, երեխայի զարգացման շրջանը 4 շաբաթականից մինչև 3 տարեկանը: Պայմանականորեն բաժանվում է կրտսեր մսուրային կամ կրծքի տարիք՝ 4 շաբաթից մինչև 1 տարի (տես Կրծքի երեխա), և ավագ մսուրային կամ նախադպրոց. տարիքին նախորդող՝ 1-3 տարեկանը: Ավագ մսուրային տարիքը բնութագրվում է երեխայի ոչ միայն ֆիզ., այլև մտավոր ու հոգևոր հնարավորությունների զգալի զարգացմամբ: Երեխաներն այդ տարիքում շատ ընկալունակ են շրջակա միջավայրի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդակների նկատմամբ:

Ավագ մսուրային տարիքի երեխաների ֆիզիկական զարգացումը: Այդ շրջանում տղաների ու աղջիկների աճն ու զարգացումը միանման են ընթանում: Կյանքի 2-րդ տարում նրանց քաշն ավելանում է միջինը 2,5-3 կգ (ամսական՝ 200-250 գ), հասակը՝ 11-12 սմ, 3-րդ տարում՝ քաշը՝ 2-2,5 կգ, հասակը՝ 7-8 սմ: Ավելանում են նաև գլխի և կրծքի շրջագծերը, փոխվում են մարմնի համամասնությունները, քանի որ այդ տարիքում երեխաներն աճում են հիմնականում ոտքերի երկարելու հաշվին: 1-ից բարձր տարիքի երեխայի հասակն ու քաշը որոշվում են հետևյալ բանաձևերով՝

հասակը = 1 տարեկան երեխայի հասակ + (5 սմ x տարիք)

քաշը = 1 տարեկան երեխայի քաշ + (2 կգ x տարիք):

Եթե հայտնի չեն 1 տարեկան երեխայի ճշգրիտ հասակն ու քաշը, ապա կարելի է օգտվել միջին թվերից՝ 75 սմ և 10 կգ համապատասխանաբար: