Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/52

Այս էջը հաստատված է

ԱԲՀՄՊԿ շարժման 3-րդ վեհաժողովը (Ամստերդամ, 1983) կոչ է արել «Հիպոկրատի երդման» մեջ լրացումներ կատարել, որոնք արտացոլում են միջուկային պատերազմի սպառնալիքների պայմաններում ապրող բժշկի մտահոգությունը հիվանդների առողջության ու կյանքի համար:

ԱԲՀՄՊԿ որոշման համաձայն, 1984-ից սկսած՝ հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես պատերազմի դեմ բուժաշխատողների պայքարի միջազգային օր: Այդ օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են բուժաշխատողների հանրահավաքներ ու հավաքույթներ: Հնչում են միջուկային աղետի սպառնալիքից մարդկությանը փրկելու, միջուկային զենքի լրիվ ոչնչացման կոչեր:

ԱՈՐՏԱ, արյան մեծ շրջանառության գլխ. զարկերակը: Սկսվում է սրտի ձախ փորոքից: Տարբերում են վերել Ա., Ա-ի աղեղ և վայրէջ Ա., որը մինչև ստոծանին անվանվում է կրծքային, ստոծանուց ցած՝ որովայնային Ա.: Վերջինս գոտկային IV ողնի մակարդակին բաժանվում է աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների: Յուրաքանչյուր զստային զարկերակ ճյուղավորվում է ներքին (արյուն է մատակարարում կոնքի օրգաններին ու պատերին) և արտաքին զստային զարկերակների: Վերջինս վերածվում է ազդրային զարկերակի և ճյուղավորվելով՝ արյուն է մատակարարում ստորին ծայրանդամներին (ծնկափոսային, առաջային և հետին մեծ ոլոքային, փոքր ոլոքային և ոտնաթաթի զարկերակներ): Ա-ի վերել հատվածից, նրա սկզբն. լայնացումից (կոճղեզ) դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին:

Ա-ի աղեղից աջից դեպի ձախ դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները: Ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում պարանոցի վերին մասին, դեմքի և գլխի արտաքին ծածկույթներին, և ներքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում գլխուղեղի մեծ մասին և տեսող. օրգանին, ինչպես նաև կարծր ուղեղապատյանին և քթի խոռոչի լորձաթաղանթի մի մասին:

Տես նաև Զարկերակներ:

ԱՉՔ, լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան: Տեսող. վերլուծիչի (տես Վերլուծիչներ) մասերից է, որն ընդգրկում է նաև տեսող. նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսող. կենտրոնները:

Ա. կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում: Հետևից և կողքից Ա. արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով (նկ. 1):

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը: Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները: Թարթիչներն Ա. պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց: Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով: Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է Ա. ողողող արցունքային հեղուկ: Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը: Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր): Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ: Ակնագնդերի շարժումները և դրանց համաձայնեցվածությունն իրականացվում են Ա-ի 6 մկանների օգնությամբ: Ակնագունդն ունի մի քանի թաղանթ (նկ. 2), արտաքինը՝ սպիտապատյանը (կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն Ա-ի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի: Վերջինս ժամացույցի ապակու նման դրված է սպիտապատյանի առջևում: Սպիտապատյանի տակ գտնվում է մեծ քանակությամբ անոթներից բաղկացած անոթաթաղանթը: Ակնագնդի առաջային բաժնում անոթաթաղանթը վերածվում է թարթիչային մարմնի և ծիածանաթաղանթի: Թարթիչային մարմնում գտնվում է, այսպես կոչված, թարթիչային մկանը, որը կապված է ոսպնյակի (երկուռուցիկ թափանցիկ առաձգական մարմին) հետ և կարգավորում է վերջինիս կորությունը: Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ Ա. են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ: Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված Ա-ի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև): Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն Ա. են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով: Այդ դեպքում Ա. ունենում է կարմրավուն երանգ: Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է Ա-ի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ: Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է:

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են Ա-ի առաջային և հետին խցիկներ: Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը: Դրա նորացման գործընթացն Ա-ի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է: Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբեր. կայունությունը: Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լքցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով: Ա-ի ներսային