Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/520

Այս էջը հաստատված է

է համեմատել, զննել, նկատել և գնահատել գեղեցիկը:

Երեխայի զարգացման համար կարևոր է նաև նրա հետ զրույցը: Խոսակցության ժամանակ կատարելագործվում է փոքրիկի խոսքը, լավանում է առոգանությունը, ճշտվում են արտահայտությունները, զարգանում է մտածողությունը: Նրան ծանոթ բաների մասին պետք է պատմել հնարավորին չափ վառ, պատկերավոր: Երբեմն անհրաժեշտ է, որ երեխան պատրաստի պատասխանը ստանալու փոխարեն ինքնուրույն մտածի, անհրաժեշտության դեպքում կարելի է միայն օգնել նրան:

Պետք է պարապել կանոնավոր, բայց չհոգնեցնել փոքրիկին: Կարևոր է զարգացնել նրա երևակայությունը և ոչ թե գիտելիքները «զոռով լցնել գլուխը»: Չի կարելի պարապմունքները միօրինակ անցկացնել, երեխաները դրանից հոգնում են, և արդյունքը նվազ է լինում: Պարապմունքների ժամանակ երեխային պետք է դիմել հանգիստ, առանց կշտամբանքի ու նյարդայնանալու:

ՆԱԽԱՆՇԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ, վարակիչ հիվանդության սկզբն. շրջան. որի ընթացքում ի հայտ են գալիս 1-ին ոչ ցայտուն արտահայտված ախտանշանները (ախորժակի բացակայություն, քնի խանգարում, գլխացավ, ընդհանուր թուլություն ևն):

Վարակիչ հիվանդությունների ժամանակ Ն.շ. հաջորդում է գաղտնի շրջանին: Ն.շ-ից հետո առաջանում են այս կամ այն հիվանդությանը բնորոշ և ցայտուն արտահայտված ախտանշաններ (տենդ, ցան, բնորոշ ցավ ևն): Ն.շ. կարող է նկատվել նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի ժամանակ սրտի ցավերի նոպայի հաճախացումը և ուժեղացումը):

Հարկավոր է իմանալ, որ ինքնազգացողության վատացման նույնիսկ չնչին դրսևորումները կարող են լուրջ հիվանդության սկիզբ լինել: Նման դեպքերում խորհուրդ է տրվում հրաժարվել ամենափոքր ֆիզ. բեռնվածությունից, չմրսել և խուսափել անբարենպաստ այլ ազդեցություններից: Բժշկի վաղ դիմելը նպաստում է ժամանակին ախտորոշմանը, բուժումն սկսելուն ու հնարավոր բարդությունների կանխարգելմանը:

ՆԱԽԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Ուռուցքներ հոդվածում:

ՆԱՐԿՈԶ, ընդհանուր անզգայացում, արհեստ. խոր քնի վիճակ, որն առաջանում է քիմ. նյութերի կամ ֆիզ. գործոնների ազդեցությունից, ուղեկցվում է զգացողության, գիտակցության և կամային շարժումների կորստով: Բժշկության մեջ, հատկապես վիրաբուժ. միջամտությունների ժամանակ, օգտագործվում է որպես ցավազրկման տեսակ: Եթերային Ն-ով 1-ին վիրահատությունը 1846-ին կատարել է ամեր. վիրաբույժ Ուորենը: Ռուսաստանում եթերային Ն. 1-ինը կիրառել է Ֆ. Ինոզեմցևը, ռազմադաշտային պայմաններում՝ աշխարհում 1-ինը 1877-ին՝ Ն. Պիրոգովը: Երկար տարիներ Ն-ի համար օգտագործվել են միայն եթեր և քլորոֆորմ: Քիմիայի հաջողությունները նպաստեցին Ն. առաջացնող այլ նյութերի հայտնագործմանը, որոնք, ի տարբերություն եթերի և քլորոֆորմի, ավելի քիչ բարդություններ են առաջացնում:

Ըստ նարկոտիկ դեղանյութն օրգանիզմ ներմուծելու ուղիների՝ Ն. լինում է ինհալացիոն (նյութը ներմուծվում է շնչառ. ուղիներով), ներերակային, ուղիղաղիքային, ներոսկրային, միջմկանային, ենթամաշկային: Եթե միաժամանակ օգտագործում են Ն-ի 2 կամ ավելի եղանակներ, ապա այն կոչվում է համակցված: Ինհալացիոն Ն-ի համար օգտագործում են եթերի, ֆլուոտանի, ցիկլոպրոպանի, քլորոֆորմի (հազվադեպ), ազոտի ենթօքսիդի գոլորշիներ և օգտվում հատուկ սարքերից, որոնք հնարավորություն են տալիս խիստ չափավորել նարկոտիկ դեղանյութի քանակը: Նարկոտիկ դեղանյութի և թթվածնի խառնուրդը գործնականորեն կանխում է շնչառ. ուղիների ֆունկցիայի բարդությունները: Ներերակային Ն-ի համար օգտագործում են նաև քնաբեր դեղանյութեր (բարբիտուրաթթվի ածանցյալներ): Այդ Ն-ի առավելությունն արագ քնի առաջացումն է: Ներոսկրային Ն. ներերակայինի տարատեսակ է և կիրառվում է միայն բացառիկ դեպքերում, երբ ենթամաշկային երակները վատ են զարգացած: Ուղիղաղիքային Ն., ինչպես նաև ենթամաշկայինը, կիրառվում են հազվադեպ: Առավել նպատակահարմար է համակցված (ներերակային և ինհալացիոն) Ն.: Ն. սկսում են նարկոտիկ դեղանյութի ներերակային ներարկմամբ, որի ազդեցությամբ հիվանդը քնում է, այնուհետև կիրառվում է ինհալացիոն Ն.: Այս դեպքում նարկոտիկ դեղանյութը հատուկ խողովակով շնչուղիներով ներմուծվում է թոքեր: Ն-ի ընթացքում շնչառությունը դադարեցնող հատուկ պատրաստուկների օգտագործումը և սարքային շնչառության անցումը, վիրահատության բոլոր փուլերում (ըստ վիրահատության տեսակի ու բարդության) հիվանդի օրգանիզմի ֆունկցիաների ղեկավարումը թույլատրվում է միայն անեսթեզիոլոգին: Ներկայումս Ն-ի շնորհիվ հնարավոր են դարձել թոքերի, սրտի, արյան խոշոր անոթների, գլխուղեղի վիրահատությունները:

Հատուկ ցուցումներով Ն. կարելի է առաջացնել նաև էլեկտր. հոսանքի (էլեկտրոնարկոզ) և հիպնոսի (հիպնոնարկոզ) օգնությամբ:

ՀՀ-ում մշակվել է միջմկանային հեքսենալային Ն-ի մեթոդը (Ի. Գևորգյան, Ս. Մելիք-Իսրայելյան, Վ. Սարուխանյան, Ս. Շարիմանյան և ուր.): Փորձարկվել են ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգ. քիմիայի ինստ-ում սինթեզված մկանային ռելաքսանտները (դիթիլին, բորոտիլին) և օգտագործվում են ներշնչափողային Ն-ի ժամանակ (Ս. Ավդալբեկյան, Ի. Գևորգյան, Վ. Սարուխանյան, Ա. Ջանջուղազյան և ուր.):

ՆԵՂ ԿՈՆՔ: Կնոջ կոնքի չափերն ու ձևը մեծ նշանակություն ունեն բնականոն ծննդաբերության համար: Ուստի կանանց կոնսուլտացիայի բժիշկն անպայման պետք է չափի ապագա մոր կոնքը: Գոյություն ունեն Ն.կ-ի տարբեր ձևեր: Ն. կ. կարող է լրջորեն խոչընդոտել պտղի (հատկապես՝ գլխի) անցմանը ծննդաբեր. ուղիներով: Նման դեպքում ծննդաբերությունը, որպես կանոն, բարդանում է, ձգձգվում, և երբեմն ելքը լինում է անբարենպաստ: Ծննդաբերողի կոնքը կարող է լինել այնքան նեղ, իսկ կոնքի և պտղի գլխի չափերի անհամապատասխանությունն այնքան խիստ արտահայտված, որ կարող է հանգեցնել պտղի ծննդաբեր. վնասվածքների (տես Նորածինների ծննդաբերական վնասվածքներ) և այլ լուրջ բարդությունների (միզասեռ. խուղակներ, արգանդի պատռվածք, ցայլահոդի անջատում): Ուստի, այդպիսի դեպքերում