Ուսումնասիրվել են վնասվածքային, անոթային և քունքային էպիլեպսիայի ախտածնության և բուժման հարցերը: Աշխատանքներ են կատարվել նյարդային համակարգի ուռուցքների և ուռուցքանման հիվանդությունների ախտորոշման և վիրահատ. բուժման բնագավառներում: Հետազոտվել են գլխուղեղի տուբերկուլոմաների կլինիկայի և ախտորոշման առանձնահատկությունները, մշակվել վիրաբուժ. և առանձնահատուկ դեղորայքային համալիր բուժման մեթոդ: Կատարվել են գլխուղեղի բշտային էխինոկոկի կլինիկայի, ախտորոշման և վիրահատ. բուժման առանձնահատկությունների ուսումնասիրություններ:
ՆՅԱՐԴԱՐՄԱՏԱԲՈՐԲ, ռադիկուլիտ, ծայրամասային նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություն, որի դեպքում ախտահարվում են ողնուղեղից դուրս եկող նյարդաթելերի խրձերը՝ ողնուղեղի նյարդարմատները: Պատճառը ողնաշարի հաճախակի հանդիպող հիվանդությունն է (օստեոխոնդրոզ), որի դեպքում միջողնային աճառային սկավառակները կորցնում են առաձգականությունը և դիմացկունությունը: Փոփոխված սկավառակներով ողների միացման հատվածներում աղեր են կուտակվում և առաջացնում ոսկրային գերաճումներ՝ օստեոֆիտներ: Այդ ելուստները, ֆիզ. բեռնվածության ժամանակ, սկավառակների հետ միասին տեղափոխվում են միջողնային անցքերի լուսանցքի մեջ, ճնշում այդտեղով անցնող նյարդարմատները և ցավ առաջացնում: Հաճախ օստեոխոնդրոզի ժամանակ նման տեղափոխություն լինում է մարմնի, գլխի կտրուկ շարժումների, մեջքի մկանների կծկանքի (վնասվածքի) հետևանքներով, մարմնի սառեցումից (օրինակ՝ սառը ջրում երկարատև մնալիս, խոնավ գետնին նստելիս), թունավորումների և այլ դեպքերում:
Ն-ին առավել բնորոշ են ախտահարված նյարդարմատների և դրանցով կազմված նյարդերի ընթացքով տարածվող ցավերը, զգացողության և շարժողության խանգարումները: Սովորաբար հիվանդությունն սկսվում է սուր, շատ դեպքերում անցնում քրոնիկի՝ պարբերաբար սրացումներով: Ախտահարման մակարդակից կախված՝ առանձնացվում են Ն-ի տարբեր ձևեր: Առավել տարածված է գոտկասրբոսկրային Ն., որի դեպքում ցավերը լինում են գոտկասրբոսկրային, նստատեղի, ազդրի, սրունքի, ոտնաթաթի շրջաններում: Ցավն ուժեղանում է շարժումների ժամանակ, որի պատճառով հիվանդը խուսափում է կտրուկ շարժումներից, քայլելիս իրանը խոնարհում է դեպի առաջ կամ թեքում կողքի՝ մարմնի ծանրությունը տեղափոխելով առողջ կողմի վրա, որից մեջքի մկանները կծկվում են և երբեմն առաջացնում ողնաշարի կողմնային ծռում: Անկողնում հիվանդը, ցավը թեթևացնելու նպատակով, սովորաբար ընդունում է հարկադրական դիրք՝ ոտքը հոդերում ծալելով: Գոտկային նյարդարմատների ախտահարման գերակշռության դեպքում ցավերը տարածվում են ազդրի առաջային մակերևույթի վրա: Գոտկասրբոսկրային Ն.՝ սրբոսկրային նյարդարմատների (որոնցից կազմված է նստանյարդը) ախտահարման գերակշռությամբ, անվանում են նաև նստանյարդաբորբ: Վերջինիս դեպքում ցավը տարածվում է նստանյարդի ընթացքով (նստատեղի, ազդրի հետին դրսային մակերևույթի, սրունքի, կրունկի վրա), ուղեկցվում է ոտքը սառչելու, մաշկի թմրածության, «մրջյունների սորալու» զգացողություններով: Հիվանդ ոտքի մկանները թառամում են, ավելի ուշ՝ ապաճում: Մարմինը խոնարհելիս (նստանյարդի ձգվածություն), ուղղած ոտքը բարձրացնելիս ցավերը կտրուկ ուժեղանում են:
Ուսապարանոցային Ն-ի ժամանակ ցավը նկատվում է ծոծրակի, ուսի, թիակի շրջաններում, ուժեղանում է գլուխը շրջելիս, ձեռքերը շարժելիս, փռշտալիս, հազալիս: Ծանր դեպքերում զգացվում են ձեռքի մաշկի թմրածություն, այրոց և ծակոց, խանգարվում է զգացողությունը, աստիճանաբար առաջանում են մկանների թուլություն և ապաճում:
Կրծքային Ն. լինում է հազվադեպ և դրսևորվում է միջկողային շրջանի ցավերով, որոնք ուժեղանում են շարժվելիս, խորը շնչելիս:
Բուժում է բժիշկը, այն հիմնականում ուղղված է Ն-ի պատճառների վերացմանը: Հաջողությունը մեծ մասամբ կախված է բուժումը ժամանակին սկսելուց: Ցավազրկող միջոցների հետ միասին լայնորեն կիրառում են ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, բուժ. մարմնամարզություն, ողնաշարի ձգումներ, առողջարանային բուժում: Ջերմային բուժարարողությունների և ցավազրկող միջոցների ինքնուրույն ընդունումն անթույլատրելի է, քանի որ գոտկատեղի ցավերը կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների ժամանակ, որոնց դեպքում ջերմային բուժարարողությունը հակացուցված է: Առողջացումը հնարավոր է միայն համալիր և կանոնավոր բուժման շնորհիվ:
Ն-ի և նրա սրացումների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն բուժ. մարմնամարզությունը (որով ամրապնդվում են մարմնի համապատասխան հատվածի մկանները), ինչպես նաև ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, օրգանիզմի կոփումը: Դրանք նպաստում են մրսածության և ֆիզ. բեռնվածության հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:
ՆՅԱՐԴԱՑԱՎ, նեվրալգիա, նյարդերի ընթացքով տարածվող սուր, այրող կամ մղկտացող բութ նոպայաձև ցավեր:
Պատճառներն են նյարդերի, նյարդահյուսակների, ողնաշարի հիվանդությունները կամ նյարդերին մոտ գտնվող հյուսվածքների ու օրգանների վնասվածքային և վարակիչ բնույթի (օրինակ՝ գրիպ) ախտահարումները, խիստ մրսածությունը ևն: Առավել հաճախ նկատվում է եռվորյակ, ծոծրակային և միջկողային նյարդերի Ն.:
Եռվորյակ նյարդի Ն. կարող է ի հայտ գալ որպես առանձին հիվանդությունների բարդություն կամ ինքնուրույն հիվանդություն: Երբեմն այն առաջանում է ատամների դժվար ծկթման ժամանակ, անհաջող հեռացված ատամի մնացած արմատը բորբոքվելիս, մրսածության կամ վարակի հետևանքով, ինչպես նաև որպես հարատամնաբորբի բարդություն: Եռվորյակ նյարդը դեմքը նյարդավորում է 3 ճյուղով. 1-ինով՝ ճակատի մաշկը, 2-րդով՝ այտը, քթի լորձաթաղանթը և վերին ծնոտի ատամնաշարը, 3-րդով՝ ստորին ծնոտն ու ատամնաշարը: Սովորաբար Ն. ընդգրկում է եռվորյակ նյարդի 1-2, հազվադեպ՝ 3 ճյուղ: Նոպան սկսվում է հանկարծակի և տևում է մի քանի ր-ից մինչև մի քանի ժ: Ցավը տարբեր ուժգնության է, սակայն բոլոր դեպքերում նոպաները չափազանց տանջալի են: Դրանք կարող են առաջանալ մաշկի թեթևակի գրգռումից, մրսածությունից, բերանը բացելիս, ծամելիս, հազալիս ևն:
Ծոծրակային նյարդի Ն-ի ժամանակ ցավերը տարածվում են պարանոցից դեպի ծոծրակը, նոպաներն այնքան խիստ արտահայտված չեն, որքան եռվորյակ նյարդի Ն-ի դեպքում: Ցավերն ի հայտ են գալիս պարանոցը շարժելիս: Այս Ն-ի պատճառը մեծ մասամբ ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններն են կամ ծոծրակային շրջանի վնասվածքները, երբեմն՝ մրսածությունը:
Միջկողային նյարդերի Ն-ի ժամանակ շանթող, այրող ցավերն առաջանում են կողերի միջև: Առավել հաճախակի պատճառները ողնաշարի հիվանդություններն են, իսկ նպաստող գործոնը՝ մրսածությունը: Հարկավոր է իմանալ, որ իսկական միջկողային Ն. լինում է հազվադեպ, իսկ