Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/538

Այս էջը հաստատված է

քիչ շարժուն կենսակերպը: Տարբերում են Շ.բ-ման 2 ձև՝ սուր և քրոնիկ.:

Սուր Շ.բ-ման ախտանշաններն են ջերմաստիճանի բարձրացումը, հաճախամիզությունը՝ շեքի շրջանի այրոցով ու ծակող ցավերով, ուղիղ աղիքի ցավերը կղման ժամանակ, թարախային բորբոքման փուլում հնարավոր են թարախակույտի ինքնաբացում և թարախահոսություն միզուկից կամ ուղիղ աղիքից:

Բուժում է բժիշկը: Առանձին դեպքերում անհրաժեշտ է վիրահատություն: Ոչ ժամանակին բժշկին դիմելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, վարակը կարող է տարածվել շրջապատի օրգանների և հյուսվածքների վրա, հնարավոր է արյան վարակում, ինչպես նաև հիվանդության անցումը քրոնիկ. ձևի, որի դեպքում խանգարվում է սեռ. օրգանների ֆունկցիան, առաջանում են սեռական անկարողություն, անպտղություն:

Քրոնիկ. Շ.բ. բնորոշվում է երկարատև ընթացքով, նկատվում են թվացող ապաքինման և սրացման շրջաններ: Հիվանդը միզուկի և շեքի շրջանում զգում է այրող ցավեր, միզարձակումից ու կղումից հետո նկատվում են արտադրություն միզուկից, հոգնածություն և գրգռվածություն: Բժիշկը նշանակում է սննդակարգ (բացառելով սուր կերակրատեսակները և ալկոհոլային խմիչքները), դեղանյութեր և ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ: Սրացումների միջև ընկած ժամանակամիջոցում կարելի է առողջարանային բուժում:

Սրացման շրջանում խորհուրդ է տրվում խուսափել սեռ. հարաբերությունից:

Կանխարգելման նպատակով պետք է ժամանակին և լրիվ բուժել միզուկի, միզապարկի բորբոքային հիվանդությունները, կանոնավոր հետևել աղիքների գործունեությանը: Նստակյաց աշխատողներին խորհուրդ է տրվում ոտքով զբոսնել, զբաղվել սպորտով՝ վազքով, լողով, թենիսով:

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԳԵՂՁՈՒՌՈՒՑՔ, շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի բարորակ ուռուցքանման գոյացություն: Առավել հաճախ բնորոշ է 50 տարեկանից բարձր տղամարդկանց:

Շ.գ. առաջանում է դանդաղ, աստիճանաբար ճնշում միզուկը՝ դժվարացնելով միզապարկի դատարկումը: 1-ին բնորոշ ախտանշանը հաճախակի միզարձակումն է, մեզի շիթը բարակ է, ուղղաձիգ թափվում է ներքև (հիվանդը միզում է ոտքերին), ցայտացրիվ լինում: Ժամանակի ընթացքում այդ երևույթներն ուժեղանում են, ուժեղ ճիգ գործադրելիս մեզն արտազատվում է կաթիլներով, կարող է առաջանալ լրիվ միզակապություն: Անուշադրության մատնված դեպքերում մեզը հոսում է ակամա, դանդաղ՝ չբավարարելով միզելու ցանկությունը և չվերացնելով միզապարկի լցվածության զգացումը: Միզուղիներում ճնշման բարձրացումը նպաստում է երիկամի ավազանի և սկահակների լայնացմանն ու բակտերիային բորբոքման առաջացմանը (տես Երիկամաավազանաբորբ), հաճախ գոյանում են միզաքարեր (տես Միզաքարային հիվանդություն): Չբուժվելու դեպքում առաջանում է երիկամային անբավարարություն և միզարյունություն:

Շ.գ-ի ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Հարկավոր է խիստ սննդակարգ պահպանել՝ բացառելով պղպեղի, մանանեխի, պահածոների, ապուխտների, ալկոհոլի օգտագործումը: Օգտակար են կաթնաբուս. մթերքները: Խորհուրդ է տրվում սահմանափակել մսամթերքը, ինչպես նաև ձուն: Կոնքի օրգաններում կանգային երևույթների կանխարգելման նպատակով հարկավոր է հետևել աղիքների աշխատանքին, ապահովել աղիքների ամենօրյա դատարկումը, կանոնավոր զբաղվել առավոտյան մարմնամարզությամբ, աշխատանքից 1-1,5 ժ առաջ և հետո զբոսնել: Չի կարելի միզարձակումը կասեցնել, քանի որ միզապարկի խիստ ձգվածությունը կարող է հանգեցնել սուր միզակապության: Պահպանող. բուժման գոյություն ունեցող մեթոդները չեն երաշխավորում Շ.գ-ի անհետացումը, դրանք միայն կիրառվում են վիրահատության հակացուցումների ժամանակ:

Շ.գ-ի արմատական բուժումը վիրահատությունն է: Բուժման արդյունքները, որպես կանոն, բարեհաջող են: Անուշադրության մատնված դեպքերում վիրահատությունը կատարում են 2 փուլով սկզբում բացում են միզապարկային խուղակ, այնուհետև՝ մի քանի ամիս անց, հեռացնում գեղձուռուցքը:

Միզապարկի խուղակով հիվանդին անհրաժեշտ է հիգիենային մանրակրկիտ խնամք: Տան պայմաններում օրը 2 անգամ տաք ջրի շիթով լվանալ ռետինե դրենաժային արտատար խողովակը: Մեզը դատարակելուց հետո մեզընդունիչը ևս տաք ջրով լավ լվանալ: Վարակազերծելու և հոտազերծելու նպատակով մեզընդունիչի մեջ լցնել կալիումի գերմանգանատի 0,1 %-անոց 50 մլ լուծույթ: Վերցայլային շրջանի ցավերի, ցավոտ միզարձակման ժամանակ և վիրակապը թացանալիս հարկավոր է դիմել բժշկի՝ չսպասելով ցամաքուրդը (դրենաժ) փոխելու համար սահմանված ժամկետին: ՇԱՂԿԱՊԵՆԱԲՈՐԲ, ակնագնդի և կոպերի լորձաթաղանթի՝ շաղկապենու բորբոքում: Պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների՝ հիվանդածին բակտերիաների ու վիրուսների, ինչպես նաև ֆիզ., քիմ. գրգռիչների ազդեցությունն է շաղկապենու վրա: Առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսող. աշխատանքը, ակնոցով չշտկված աչքերի օպտիկ. թերությունները, հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը, քթի, կոկորդի հիվանդությունները, ալկոհոլամոլությունը ևն: Տարբերում են սուր և քրոնիկ. Շ.:

Սուր Շ. սովորաբար ունենում է վարակ. ծագում, այն սկսվում է հանկարծակի, համարյա միշտ 2 աչքում միաժամանակ: Նկատվում են արցունքահոսություն, լուսավախություն, աչքերում՝ այրոցի, ծակոցի զգացում: Կոպերն ուռչում են, շաղկապենին այտուցվում է, խիստ կարմրում: Սկսվում է առատ թարախային արտադրություն, որը գիշերը հոսում է թարթիչների վրա, չորանում, և կոպերը կպչում են իրար: Հազվադեպ Շ. կարող է ուղեկցվել հարբուխով և ընդհանուր խանգարումներով՝ գլխացավ, անքնություն, ջերմաստիճանի բարձրացում: Երբեմն ախտանշանները թույլ են արտահայտվում:

Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած Շ. վարակիչ է:

Սուր Շ-ի 1-ին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանի որ դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը: Աչքը կարելի է մաքրել եռացրած ու սառեցրած ջրով կամ թեյով թրջած բամբակով՝ աչքի արտաքին անկյունից ղեպի ներս (քիթը): Սուր վարակիչ Շ-ի ժամանակ արդյունավետ են հակաբիոտիկները, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Բուժումը չի կարելի ընդհատել առանց բժշկի թույլտվության (նույնիսկ տեսանելի ախտանշանները վերանալուց հետո), քանի որ նման դեպքերում երբեմն հիվանդությունը կարող է ձգձգվել, կրել քրոնիկ. բնույթ:

Քրոնիկ. Շ. սկսվում է աստիճանաբար, ուղեկցվում է կոպերում տհաճ զգացումով, այրոցով, ծակոցով: Հիվանդին թվում է, թե կոպերի տակ ավազահատիկ է ընկել: Երեկոյան նշված երևույթներն ավելի են ուժեղանում և խանգարում լույսի տակ աշխատելուն: Քրոնիկ. Շ-ի դեպքում