Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/542

Այս էջը հաստատված է

Սահմանափակելով Շ-ի օգտագործումը՝ չի կարելի առանց բժշկի նշանակման այն փոխարինել սինթետիկ փոխարինիչներով (սախարին, քսիլիտ, սորբիտ, պտղաշաքար ևն), որոնց մշտ. օգտագործումը ցանկալի չէ օրգանիզմի համար:

Համեմատաբար մեծ քանակությամբ (օրական ավելի քան 100 գ) Շ-ի օգտագործումը զգալի ֆիզ. բեռնվածություն ունեցող մարդկանց, հատկապես մարզիկների համար արդարացված է: Տարիքի հետ Շ-ի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:

Բուժ. սննդի մեջ Շ-ի կիրառությունը (կապված օրգանիզմում ջուր պահելու հատկության հետ) պետք է չափավոր լինի՝ հատկապես այտուցների և որոշ հիվանդությունների դեպքերում:

Շաքարախտի, ճարպակալման և այլ դեպքերում Շ-ի քանակը սննդի օրաբաժնում խիստ պակասեցվում է կամ լրիվ հանվում: Իսկ սննդին քաղցր համ տալու համար օգտագործում են փոխարինիչներ (սորբիտ, քսիլիտ): Սախարինը թույլատրվում է կիրառել միայն շաքարախտով հիվանդների համար նախատեսված ըմպելիքների և հրուշակեղենի արտադրության մեջ:

Սորբիտը (2 անգամ պակաս քաղցր է Շ-ից) խորհուրդ է տրվում շաքարախտով և ճարպակալումով տառապող հիվանդներին: Քսիլիտը նույնպես ցուցված է նշված հիվանդությունների դեպքում, բայց այն 2 անգամ քաղցր է Շ-ից, իսկ համային հատկությունները գերազանցում են սորբիտին: Քսիլիտն ունի նաև լեղամուղ և լուծողական ազդեցություն:

ՇԱՔԱՐԱԽՏ, շաքարային շատամիզություն (շաքարային հիվանդություն), ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որը պայմանավորված է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Շ-ի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը, հիվանդության առաջացման այլ կարևոր գործոններ են մշտ. շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմն. գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում Շ. պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային (տես Ենթաստամոքսային գեղձի բորբոքում), վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարդահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ՝ մակերիկամի կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:

Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն յուրացնում շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման՝ գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման՝ շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները Շ-ի հիմն. դրսևորումներն են: Հիվանդի 1-ին գանգատը, որպես կանոն, մշտ. սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լ և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տես. կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես՝ շեքի) համառ քոր: Շ-ին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռ. ֆունկցիայի խանգարումներ: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է՝ ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շ-ի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները՝ աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը՝ երիկամների ֆունկցիայի խանգարմամբ (տես Միզարտադրության համակարգ): Շ. սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը, նրա կլինիկ. դրսևորումների հարաճմանը (տես Սրտի իշեմիկ հիվանդություն):

Ժամանակին չբուժվելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է, կուտակվում են ճարպերի ոչ լրիվ այրման նյութեր՝ կետոնային մարմնիկներ, որոնց պարունակության ավելացումն արյան մեջ հանգեցնում է օրգանիզմի թունավորման: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է՝ թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը՝ շաքարախտային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Բուժումն իրականացվում է բժշկի մշտ. հսկողությամբ՝ հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շ. հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել՝ մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմն. միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը՝ օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կանոնավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Սովորաբար, դրա հետ միաժամանակ բարելավվում է հիվանդի ինքնազգացողությունը, մեղմանում ծարավի զգացումը, նվազում արտազատվող մեզի քանակը:

Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ՝ ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան Շ-ի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: Տարեցների (հատկապես ինսուլինի հարաբեր. անբավարարությամբ գեր մարդկանց) Շ-ի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով:

Սննդակարգն անհրաժեշտ է Շ-ի ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով՝ առանց դեղանյութերի ընդունման: Ամենից առաջ սահմանափակվում են ածխաջրերը՝ մինչև սննդի ընդհանուր կալորիականության 50-60 %-ը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են դյուրամարս ածխաջրեր պարունակող մթերքը, դրանք կարելի է փոխարինել ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 %-ը, իսկ Շ-ային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականության մոտ 20 %-ը: Յուրաքանչյուր