Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/543

Այս էջը հաստատված է

դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի քաշը, ճարպակալման առկայությունը կամ բացակայությունը, արտադր. գործունեության (էներգիական ծախսեր) բնույթը և հիվանդության ընթացքի առանձնահատկությունները: Անհրաժեշտ է սննդի բավարար վիտամինացում՝ հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 %-ը, 2-րդ նախաճաշը՝ 10 %-ը, ճաշը՝ 35 %-ը, հետճաշիկը՝ 10 %-ը, ընթրիքը՝ 20 %-ը: Շ-ով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող ածխաջրեր պարունակող հատուկ մթերք՝ շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն ևն:

Ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի Շ-ի բուժման հիմն. միջոցն է: Ինսուլինի հանդեպ կախվածություն չունեցող հիվանդներն օգտագործում են շաքարի քանակն իջեցնող հաբեր: Թողարկվում են 6-8 ժ-ից մինչև. 30-36 ժ ազդեցության տևողությամբ ինսուլինի պատրաստուկներ: Ինսուլինի տեսակը, ազդեցության տևողությունն ընտրում է բժիշկը: Հիվանդը կամ մոտ հարազատները, որպես կանոն, որակյալ մասնագետներից սովորում են ինսուլինի ենթամաշկային ինքնուրույն ներարկումներ կատարել: Հարկավոր է իմանալ, որ այդ պատրաստուկի դեղաչափերը սահմանվում են մինչև ազդեցության 2 միավորի ճշգրտությամբ: Ներարկումը կատարելիս հարկավոր է պահպանել հականեխության, աննեխության կանոնները: Ինսուլինը ներարկում են ուտելուց 10-20 ր առաջ, սննդակարգը սահմանելիս հաշվի են առնվում ներարկվող պատրաստուկների առավելագույն ազդեցության տևողությունը և ժամանակը: Բուժման նշանակված սխեման կամ դեղաչափերը կարող է փոխել միայն բժիշկը: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած ռեժիմը և սննդակարգը, ժամանակին ներկայանա լաբորատոր հետազոտությունների:

Ինսուլինով բուժման ժամանակ (հատկապես սննդի ռեժիմի կամ ընդունման գրաֆիկի խախտման դեպքում) հնարավոր է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում՝ թերշաքարարյունություն (հիպոգլիկեմիա): Դա արտահայտվում է հանկարծակի թուլությամբ, քաղցի սուր զգացումով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով, երբեմն վախի զգացումով, հնարավոր են գլխացավ, մարմնի դող, գրգռվածություն: Նման դեպքերում հիվանդը պետք է անմիջապես ուտի 3-4 կտոր շաքար, հնարավորության դեպքում խմի քաղցր թեյ, որպեսզի կանխվի թերշաքարարյունային կոման: Ինսուլին (հատկապես ինսուլինի երկարատև ազդեցության պատրաստուկներ) ստացող հիվանդը պետք է միշտ իր մոտ ունենա շաքար և թերշաքարարյունային կոմայի 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անմիջապես այն ուտի:

Հիվանդն իր մոտ պետք է ունենա գրություն, որտեղ գրված լինի, որ նա տառապում է Շ-ով և ստանում է ինսուլին, պետք է նշված լինի նաև պատրաստուկի դեղաչափը: Դա օգնում է բուժաշխատողներին՝ թերշաքարարյունային կոման հանկարծակի սկսվելիս ժամանակին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Կոման ի հայտ գալիս հիվանդը պետք է շտապ դիմի բժշկի՝ բուժման սխեման ճշտելու համար: Շ-ի բուժման համար նշանակում են նաև ինսուլինի արտադրությունը խթանող և նրա ազդեցությունն ուժեղացնող միջոցներ, որոնք օգտագործում են մշտ. բժշկ. հսկողությամբ և լաբորատոր ստուգումներով: Մի շարք դեպքերում հիվանդության ընթացքը, ինչպես նաև բարդությունների ի հայտ գալը պահանջում են բուժման գործելակերպի փոփոխություն, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում հաբերով պատրաստուկների փոխարեն նշանակում են ինսուլինի ներարկումներ: Շ-ով բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ՝ ըստ բնակավայրի:

Շ-ի թեթև ընթացքի և լրիվ փոխհատուցման դեպքում բժշկի խորհրդով նպատակահարմար է բուժումն իրականացնել տեղական առողջավայրերում: Կարևոր են նաև բուժ. ֆիզկուլտուրան (առավոտյան լիցքային վարժությունները ներառյալ), զբոսանքները, չափավորված ֆիզ. վարժությունները, լողը, դահուկային քայլքը ևն՝ աստիճանաբար բարձրացնելով բեռնվածությունը:

Կանխարգելումը, ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում:

Շ-ի հանդեպ ժառանգ. նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության խանգարման վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար բժշկ. հետազոտման ենթարկվել:

Հետազոտման ենթակա են նաև Շ-ի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ մասը կարող է և չհիվանդանալ Շ-ով, բայց հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ, և նրանք Շ-ի հանդեպ ավելի նախատրամադրված են: Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ում հարազատները տառապում են Շ-ով, ովքեր ծնվել են մեծ քաշով (4000 գ և ավելի), նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությունով, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկ. լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է հսկողություն՝ ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզատաբանի:

Խորացած Շ-ի դեպքում կարևոր է հիվանդության սրացումների և բարդությունների կանխարգելումը: Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների կանխարգելման համար հիվանդները պետք է հետևեն մաշկի մաքրությանը (տես Մաշկ, խնամքը), խուսափեն մանր վնասվածքներից, քերծվածքներից, հարուկներից, քանի որ Շ-ի ժամանակ ցանկացած վնասվածք կարող է հանգեցնել երկարատև, չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի վիճակին, տարին 2 անգամից ոչ պակաս հետազոտվել ստոմատոլոգի մոտ: Ցանկացած այլ հիվանդության միացումը, ֆիզ. գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը կարող են վատացնել Շ-ի ընթացքը և հանգեցնել ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը:

ՇԱՔԱՐԱՅԻՆ ՇԱՏԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, տես Շաքարախտ:

ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, քրոնիկ. հոգեկան հիվանդություն, որն ունի նոպայաձև կամ անընդմեջ հարաճուն ընթացք և դրսևորվում է անձի հետզհետե առաջացող փոփոխություններով, էներգիական կարողությունների անկումով, հույզերի աղքատացմամբ, խորացող ինքնամփոփությամբ, ինչպես նաև բազմազան հոգեախտաբան. խանգարումներով:

Հիվանդության պատճառը հայտնի չէ, սակայն Շ. համարվում է ներծին հիվանդություն: Հաճախ այն փոխանցվում է ժառանգաբար:

Կախված Շ-ի ձևից՝ նկատվում են հոգեկան խանգարումների տարբեր արտահայտություններ՝ զառանցանք, զգայախաբություն, գրգռվածություն, անշարժություն և այլ կայուն փոփոխություններ, որոնք աճում