Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/544

Այս էջը հաստատված է

են հիվանդության խորացմանը համապատասխան:

1-ին ախտանշանները լրիվ բնորոշ չեն Շ-ին, նման խանգարումներ կարող են լինել նաև այլ հոգեկան հիվանդությունների ժամանակ: Սակայն հետագայում ի հայտ են գալիս կայուն հոգեկան փոփոխություններ, այլ կերպ ասած՝ անձի փոփոխություններ, որոնք արդեն բնորոշ են Շ-ին: Դրանց արտահայտվածության աստիճանը կախված է Շ-ի ձևից, հիվանդության ընթացքի փուլից (վաղ կամ ուշ), հարաճման ուժգնությունից (ընթանում է առանց ընդհատումների կամ լավացման շրջաններով): Հիվանդության ամենավաղ շրջանում, որպես կանոն, մինչև պսիխոզի արտահայտված ախտանշանների ի հայտ գալը, այդ կայուն և անընդհատ խորացող փոփոխությունները բնորոշվում են քչախոսությամբ, ինքնամփոփությամբ, մարդախուսությամբ: Նրանք կորցնում են հետաքրքրությունն իրենց աշխատանքի, ուսման, կյանքի և մտերիմների ու ընկերների գործերի նկատմամբ: Հիվանդները երբեմն շրջապատողներին զարմացնում են իրենց հետաքրքրասիրությամբ գիտության այն բնագավառներով (փիլիսոփայություն, մաթեմատիկա, կրոն, շինարարություն), որոնց հանդեպ մինչ այդ ոչ մի հակում չեն ունեցել: Եվ հակառակը, անտարբեր են դառնում այն բոլորի հանդեպ, ինչով նախկինում միշտ մտահոգվել են (ընտանեկան և ծառայող. գործեր, հարազատների հիվանդություններ): Հիվանդների մի մասը դադարում է հետևել արտաքինին, դառնում է փնթի, թորշոմած, վհատված, մյուսները՝ լարված են, աճապարող, ինչ-որ տեղ են գնում, ինչ-որ բան անում, ինչ-որ բանի մասին սևեռված մտածում, չեն խորհրդակցում հարազատների հետ:

Հաճախ իրենց տրվող հարցերին պատասխանում են երկար, խառնաշփոթ դատողություններով, կոնկրետությունից զուրկ, կեղծ իմաստությամբ (այսպես կոչված՝ խրատամոլությամբ): Առանձին հիվանդներ նման փոփոխությունների են ենթարկվում արագ, ոմանք՝ աննկատ, աստիճանաբար: Երբեմն նշված փոփոխությունները սաստկանալով՝ կազմում են հիվանդության կլինիկ. պատկերի հիմքը, առանձին դեպքում ի հայտ են գալիս նաև այլ ախտանշաններ, այսինքն՝ առաջանում են հիվանդության տարբեր ձևեր: Հաշվի առնելով հիվանդության դրսևորումների բազմազանությունը՝ Շ. ախտորոշել կարող է միայն հոգեբույժը: Ժամանակին ախտորոշումն անհրաժեշտ է ճիշտ և արդյունավետ բուժման, հիվանդի աշխատանքի ու հանգստի նպաստավոր ռեժիմի ստեղծման համար: Չնայած հիվանդության պատճառը պարզված չէ, սակայն այն մասամբ բուժվում է: Ժամանակակից բուժման մեթոդները (դեղորայքային, հոգեբուժ., աշխատանքային) լայն հնարավորություն են տալիս ներգործել Շ-ի վրա: Այդ մեթոդների զուգակցումն աշխատունակության, կոլեկտիվում ակտիվ կյանք վարելու ունակության վերականգնման միջոցառումների հետ երկարացնում է հիվանդության լուսավոր (հիվանդության արտահայտությունների բացակայության) շրջանները, որոնց ժամանակ հիվանդի աշխատունակությունը պահպանվում է, նրանք կարող են ապրել ընտանիքում՝ գտնվելով հոգեբույժի հսկողության տակ: Հիվանդի վիճակի, ամբուլատոր բուժման հնարավորության կամ հոսպիտալացման անհրաժեշտությունը, հիվանդանոցում գտնվելու ժամկետի հարցերը որոշում է միայն բժիշկը: Հիվանդի վիճակի գնահատականը՝ ինչպես իր, այնպես էլ ազգականների կողմից տրված, հաճախ սխալ է լինում: Շ-ի (հատկապես երիտասարդ տարիքում սկսված) ծագման վերաբերյալ տարածված են նախապաշարմունքներ, ըստ որոնց՝ հիվանդության պատճառ են համարվում սեռ. ժուժկալությունը և չափից ավելի մտավոր զբաղվածությունը: Այդ «պատճառները» վերացնելու փորձերը հիվանդի և նրա մերձավորների համար հղի են ծանր հետևանքներով: Ինքնաբուժումը, «տնային միջոցները» հաճախ հանգեցնում են սրացման:

Անհրաժեշտ է մշտ. և կանոնավոր հսկողություն, բժշկի հանձնարարականների խստիվ կատարում: Ինչպես բոլոր հոգեկան հիվանդությունների, այնպես էլ Շ-ի դեպքում մասնագիտության ընտրությունը սահմանափակ է: Մասնագիտության, աշխատանքի փոփոխումը որոշվում է հոգեբույժի հետ համատեղ՝ հիվանդի օգտին: Տես նաև Հոգեկան հիվանդություններ:

ՇԻՃՈՒԿՆԵՐ, ներարկում են մարդկանց վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև մանրէների և թունավոր կենդանիների թույնով թունավորումները կանխելու և բուժելու նպատակով: Շ-ի պաշտպանող. և բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող հատուկ միացություններով (իմունոլոգլոբուլիններ), հակամարմիններով, որոնք ընդունակ են գտնել և վնասազերծել հիվանդածին գործոնները (տես Իմունիտետ): Մարդու կամ կենդանիների օրգանիզմում հակամարմինները գոյանում են ի պատասխան օտարածին սպիտակուց պարունակող ցանկացած գործոնի հայտնվելուն: Համապատասխան հակամարմնի սինթեզը կարող է լինել երկարատև, երբեմն՝ ցմահ: Դրանով է բացատրվում որոշ վարակիչ հիվանդություններով հիվանդացած մարդկանց անընկալությունն ամբողջ կյանքում՝ կրկին նույն հիվանդությամբ վարակվելու նկատմամբ: Հակամարմինների ազդեցությունը խիստ առանձնահատուկ է, այսինքն՝ դրանք ընդունակ են վնասազերծել այն գործոնները, որոնք հանգեցնում են իրենց առաջացմանը: Մարդու և կենդանիների օրգանիզմում հակամարմիններ են գոյանում նաև վակցինաների ներարկումից: Դրանք պատրաստուկներ են, որոնք կազմված են վարակիչ հիվանդությունների հարուցիչների սպանված կամ թուլացրած միկրոօրգանիզմներից կամ վնասազերծված կենսբ. թույներից: Շ-ի զանգվածային ստացման համար սովորաբար վակցինացնում են կենդանիներին (ձիերին, ավանակներին) և հետագայում դրանց արյունից պատրաստում Շ.:

Ի տարբերություն հիվանդության գործընթացում կամ վակցինայի ներարկումից հետո առաջացող ակտիվ իմունիտետի՝ Շ-ի առաջացրած իմունիտետը կոչվում է պասսիվ, քանի որ այս դեպքում օրգանիզմն ստանում է պատրաստի հակամարմիններ, և ոչ թե ինքն է արտադրում: Նման իմունիտետը համեմատաբար կարճատև է (մինչև 1 ամիս), ուստի Շ. աշխատում են ներարկել հիվանդությունն սկսվելուց որքան հնարավոր է շուտ (ցանկալի է վարակվելուց անմիջապես հետո) և ներարկումները կրկնել մի քանի անգամ: Հակամարմինները բջիջները պահպանում են վարակիչ գործոնի ազդեցությունից: Դրանք վնասազերծում, սահմանափակում կամ ընդհանրապես դադարեցնում են վարակիչ գործոնի տարածումն օրգանիզմում: Հիվանդությունը չի առաջանում կամ ընթանում է համեմատաբար թեթև:

Եթե ներգործող հիվանդածին գործոնը միկրոօրգանիզմների թունավոր նյութերն են՝ տոքսինները, ինչպես, օրինակ, դիֆթերիայի, բոտուլիզմի ժամանակ, ապա Շ. ունենում են ինքնատիպ հակաթույնի ազդեցություն (կոչվում են հակաթունային Շ.):

Հատուկ տեղ է զբաղեցնում Շ-ի կիրառումը կոբրայի, իժերի, գյուրզայի, սարդերի, կարիճների, ինչպես նաև մյուս թունավոր կենդանիների թույների հանդեպ: Նման դեպքերում Շ. առավել արդյունավետ են և խայթոցների դեմ միակ միջոցն են:

Շ-ի կիրառման կարևոր բնագավառն է վիրուսային և բակտերիային վարակիչ հիվանդությունների ախտորոշումը: Այն հիմնված է միկրոօրգանիզմների համապատասխան