Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/547

Այս էջը հաստատված է

սկզբում քթաըմպանը, այնուհետև, ըմպանի բերանային հատվածը և վերջապես՝ կոկորդային մասը: Այնտեղ օդը կարող է թափանցել նաև բերանով շնչելիս: Սակայն այս դեպքում օդը չի մաքրվում և չի տաքանում, ուստի ավելի օգտակար է քթային շնչառությունը: Ըմպանի կոկորդային մասից օդն ուղղվում է կոկորդ, որը ոչ միայն օդատար օրգան է, այլև՝ ձայնառաջացման: Կոկորդը գտնվում է պարանոցի առաջային շրջանում, որտեղ նկատելի է կոկորդային արտացցվածքը: Վերջինս տղամարդկանց (հատկապես՝ նիհարների) մոտ պարզորոշ երևում է մաշկի տակից և կոչվում է ադամախնձոր: Կանանց մոտ այն թույլ է արտահայտված: Կոկորդը շարժուն է և իր դիրքը փոխում է խոսելիս, երգելիս, հազալիս, կուլ տալիս: Նրա հիմքը կազմում են հոդերով իրար միացած աճառները, որոնց շարժումներն իրականանում են հատուկ մկանային ապարատով: Կոկորդում տեղադրված են ձայնալարերը, որոնք գտնվում են որոշակի դիրքում (շնչելիս, բարձր և ցածր խոսելիս), ձայնային ճեղքն այդ դեպքում կամ նեղանում է, կամ լայնանում: Ձայնառաջացման ժամանակ ձայնալարերը տատանվում են իրար նկատմամբ հորիզոն. ուղղությամբ: Ձայնի ուժը կախված է արտաշնչած օդի լարվածությունից և ձայնալարերի տատանման ամպլիտուդից, ձայնի բարձրությունը՝ տատանման հաճախությունից: Կոկորդի սեռային տարբերություններն ի հայտ են գալիս վաղ. 3-7 տարեկան աղջիկների կոկորդը կարճ է և փոքր, քան հասակակից տղաներինը: Այդ տարբերությունը հատկապես նկատելի է դառնում սեռ. հասունացման շրջանում (12-15 տարեկանում), երբ տղաների կոկորդը և ձայնալարերը բավականին երկարում են, և ձայնը փոխվում է («կոտրվում է», դառնում ավելի ցածր՝ տղամարդու): Կոկորդի ձևը և կառուցվածքը փոխվում են ներզատիչ գեղձերի ազդեցությունից (տես Ներզատիչ համակարգ): Հասուն տղամարդկանց կոկորդն ավելի զանգվածեղ է, քան կանանցը:

Կոկորդի անմիջական շարունակությունը շնչափողն է, որի երկար. 9-12 սմ է, տրամագիծը՝ 1,5-2 սմ: Լորձաթաղանթը ծածկված է թարթիչավոր էպիթելով, ունի բազմաթիվ գեղձեր: Սկսվում է պարանոցային 6-րդ ողնի ստորին եզրի մակարդակից և 4-5-րդ կրծքային ողների մակարդակին բաժանվում է աջ ու ձախ գլխ. բրոնխների: Թոքերի արմատների շրջանում բրոնխները բաժանվում են սկզբում բլթային, այնուհետև՝ հատվածային բրոնխների: Վերջիններս շարունակում են բաժանվել ավելի մանր բրոնխների (յուրաքանչյուրը՝ 2 բրոնխի)՝ գոյացնելով աջ և ձախ թոքերի բրոնխային ծառը: Օդն ազատորեն անցնում է ամբողջ շնչառ. ուղիներով, քանի որ շնչառ. խողովակի պատերը չեն թուլանում՛ դրանց մեջ գտնվող աճառային կիսաօղակների շնորհիվ: Թոքերը գտնվում են կրծքի խոռոչում սրտի 2 կողմում: Յուրաքանչյուր թոք պարփակված է բարակ պատերով փակ պարկի մեջ, որը գոյանում է բարակ, խոնավ, փայլուն թաղանթով՝ կրծքամզով: Տարբերում են կրծքամզի 2 (առանց ընդհատվելու մեկը մյուսին փոխանցվող)՝ առպատային և թոքային թերթիկներ: Դրանց միջև գոյանում է ճեղքանման կրծքամզային խոռոչ, որը պարունակում է ոչ մեծ քանակությամբ կրծքամզային հեղուկ, վերջինս քսուքի դեր է կատարում թոքերի շնչառ. անընդհատ շարժումների ժամանակ: Առպատային կրծքամզի ստորին բաժնում կողային և ստոծանիական հատվածների միջև, գտնվում է կողաստոծանիական ծոցը: Թոքերի բորբոքման, տուբերկուլոզի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ կրծքամզի թերթիկը կարող է սերտաճել թոքային թերթիկի հետ՝ առաջացնելով կպումներ: Որոշ հիվանդագին վիճակների ժամանակ կրծքամզի թերթիկների միջև կարող է կուտակվել բավականաչափ հեղուկ (արյուն, թարախ, բորբոքային հեղուկ ևն) կամ օդ, որը հանգեցնում է թոքի ճնշման և ֆունկցիայի խանգարման:

Թոքը կոնաձև է, իսկ ստորին մակերևույթը՝ գոգավոր, և կիպ հպվում է ստոծանուն (մկան, որը կրծքի խոռոչը բաժանում է որովայնայինից): Թոքի գագաթը